Աղբահանության կազամակերպման, սանիտարական մաքրման լիազոր մարմին ճանաչվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը |hetq.am|

hetq.am։ Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազամակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը։
«Անարդյունավետ ինստիտուցիոնալ դաշտի, ֆինանսական հոսքերի և ներդրումների ոչ համակարգված կիրառումը հանգեցրել են աղբահանության և սանիտարական մաքրման անարդյունավետ համակարգի»,-կառավարությանը հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ լիազոր մարմին դառնալով հնարավորություն կունենան հանրապետությունում կիրառել աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն:

Մասնավորապես՝ նախատեսում են կանոնակարգել նորմատիվա-իրավական դաշտը, մշակել աղբահանության կառավարման մոդելներ, բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման «խելացի» սխեմաներ, աղբավայրերի շահագործման, նոր աղբավայրերի նախագծման ու շինարարության, գործող աղբավայրերի փակման կարգեր, նորմեր ու ստանդարտներ, աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների սակագների հաշվարկման մեթոդաբանություններ։

Նշենք, որ գործող օրենսդրությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմիններն են սահմանում աղբահանության իրականացման կարգը, այդ թվում` աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների կամ կոնտեյներների տեղադրման վայրերը, դրանց տեսակները և քանակը, իսկ աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու հաստատած միջոցների հաշվին էլ իրականացվում են համայնքի տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները։

x