ԱԱԾ տնօրենի խորհրդականը կհրավիրվի դատարան. Միսկարյանի գրառումը դիտարկվում է ոտնձգություն ԱԱԾ-ի հեղինակության դեմ |factor.am|

factor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Դանիել Իոաննիսյանի բողոքի քննությունը: Նիստին ներկա են մեղադրող Վարդգես Սարգսյանը, քննիչը և Իոաննիսյանի ներկայացուցիչ Էդգար Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանն ԱԱԾ-ի դեմ հաղորդում էին ներկայացրել, որը մերժվել էր, և հիմա ընթանում է քրգործի հարուցումը մերժելու դեմ բողոքի քննությունը: Ըստ ներկայացված բողոքի՝ ԱԱԾ-ում Գարեգին Միսկարյանի հետ կապված չարաշահել են վարչական ռեսուրսը, և ՀՔԾ-ն հրաժարվել է այդ առիթով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցել:

Խոսքը Միսկարյանի այն գրառման մասին է, ըստ որի՝ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Այս գրառումից հետո քաղաքացին ԱԱԾ-ից ծանուցում էր ստացել, որով պահանջում էին, որ նա հերքի իր գրառման մեջ տեղ գտած տեղեկությունը: Դանիել Իոաննիսյանի ներկայացուցիչը դատարանում ասաց, որ Վանեցյանի հարցազրույցներից պարզ է եղել, որ նա տեղյակ է եղել քաղաքացուն ուղղված ծանուցման բովանդակությունից:

Փաստաբանն ասաց՝ միտում են տեսնում, որ այդ քայլով ցանկացել են քաղաքացուն հասկացնել, որ տվյալ պաշտոնյայի վերաբերյալ գրառումներ այլևս չանի: Հակոբյանը պնդեց, որ քաղաքացին կարող է ԱԱԾ պաշտոնական բլանկով ծանուցումը որպես ճնշում դիտարկել: Քննիչն առարկեց բողոքաբերի բերած հիմնավորումների դեմ, ասաց՝ հաղորդում ներկայացրած անձինք խնդրել են իրավական գնահատականի արժանացնել Արթուր Վանեցյանի և նրա ներկայացուցչի գործողությունները.

«Ես գրության հեղինակին` պարոն Ենգիբարյանին, որը հանդիսանում է ԱԱԾ տնօրենի խորհրդականը, հրավիրել եմ ՀՔԾ և բացատրություն ստացել գրառման վերաբերյալ ծանուցում ուղարկելու շուրջ: Ըստ բացատրության՝ նրանք այդ գրառումը դիտարկել են ոչ միայն անձի, այլ ԱԱԾ տնօրենի հեղինակության դեմ: Եթե սովորական քաղաքացին է վառելիքի ներկրմամբ զբաղվում, դա պարսավելի չէ, բայց երբ պետական պաշտոնյան է իրականացնում նման ձեռնարկատիրական գործունեություն, ապա օրենսդրորեն կան սահմանափակումներ»:

 

factor.am:

 

x