Սևանա լճի խնդրի վերաբերյալ մանիպուլյատիվ պնդումներ Հանրային հեռուստաընկերության եթերում

Հուլիսի 25-ին Հանրային հեռուստաընկերությունը հրապարակեց տեսանյութ՝ Սևանա լճում հանգստի կազմակերպման և լճի կանաչակալման վերաբերյալ։

Տեսանյութի սկզբում (00:12-00:20) լրագրողը նշում է. «Հայկական էքստրիմն ու տեսարանը նախընտրողները պակասել են: Նախ պատճառը տարածված կեղծ լուրերն էին, թե ջրում լողալը վտանգավոր է»:

Սևանա լճում լողալու վտանգների մասին հայտարարությամբ հանդես էին եկել Առողջապահության նախարարությունը և ոլորտի փորձագետները:

Առողջապահության նախարարության հայտարարությունում մասնավորապես նշվում էր. «Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում` խուսափել լողալ այդ հատվածներում: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով»: Այս հայտարարությունը տեղադրվել է դեռևս հուլիսի 11-ին:

Մինչ Առողջապահության նախարարության կողմից հայտարարություն տարածելը, հուլիսի 9-ին ջրում լողալու վտանգի մասին խոսել էր Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Նա իր խոսքում նշել էր. «Այդ ջրիմուռները կարող են մարդու մոտ ալերգիկ երևույթներ առաջացնել։ Եթե, օրինակ, կենդանիները խմեն այդ ջրից, կարող են նույնիսկ սատկել»:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանը հուլիսի 11-ին ևս անդրադարձել է լճում առկա ջրիմուռների խնդրին: Գոռ Գևորգյանը նշել է, որ ուսումնասիրություններով հայտնաբերվել են 10 խմբի պատկանող ցիանոբակտերիալ երկրորդային մետաբոլիտներ, որոնց թվում է եղել նաև տոքսիկ հատկություններով օժտված միկրոցիստինը։ Այն տոքսիկ նյութ է, որը կարող է առաջացնել նեյրոտոքսիկոլոգիական, ցիտոտոքսիկոլոգիական, մաշկի խնդիրներ, լյարդի, երիկամների խանգարումներ, համարվում է բավականին տոքսիկ նյութ:

Այսպիսով, հանրայինի լրագրողի վերոնշյալ խոսույթը մանիպուլյատիվ է, քանի որ ջրում լողալու վտանգավորության մասին հայտարարել էին թե՛ պատկան մարմինները, թե՛ անկախ փորձագետները։

Այստեղ կարևոր է անդրադառնալ նաև տեսանյութի պատրաստման ժամկետներին: Սևանա լճի ծաղկումը սկսվել է հունիսի վերջին, իսկ ինքնամաքրման դինամիկայի մասին խոսվել է արդեն հուլիսի 16-ին՝ Արսեն Թորոսյանի կողմից: Վերջինս իր ֆեյսբուքյան հրապարակմամբ հայտնել էր, որ փորձաքննությունների արդյունքում արձանագրված շեղումներն ինքնամաքրման դինամիկայի շնորհիվ առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ: Իսկ Հանրային հեռուստաընկերության տեսանյութը հրապարակվել է հուլիսի 25-ին, երբ արդեն ինքնամաքրման գործընթացը երկար ժամանակ է ընթանում էր և խիստ վտանգավոր ու կանաչ հատվածներն արդեն չկային:

Բացի վերոնշյալը, տեսանյութի վերջում (2:28-2:49) փորձագիտական կարծիք է հայտնում Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը. «...մեր քիմիական տվյալներով ջրի որակը բավարար է, ակտիվ թթվածնային պայմաններում քայքայումն ավելի կարագանա և փտում տեղի չի ունենա: Այս պահի դրությամբ Սևանա լճի հատակամերձ շերտում չունենք թթվածնազրկություն»: Ինչպես տեսնում ենք, փորձագիտական կարծիքը հնչեցվում է հենց հուլիսի 25-ի դրությամբ, որը, ըստ էության, բերվում է որպես ջրի վտանգավորության մասին լուրերի կեղծ լինելու հիմնավորում։ Սակայն, ջրի վտանգավորության մասին հայտարարվել է միայն ծաղկման շրջանում, իսկ ամսի 25-ին արդեն 9 օր էր, ինչ ընթանում էր ինքնամաքրման գործընթացը։

Ելնելով վերոգրյալից՝ Հանրային հեռուստաընկերության կողմից հրապարակված տեսանյութում առաջ քաշվող այն բացարձակ թեզերը, որ Սևանա լճում լողալու վտանգը ապատեղեկատվություն է և ջրի ծաղկումը նորմալ երևույթ է, մանիպուլյատիվ են։

Միաժամանակ, ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետի՝ Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը: Հետևաբար, տեսանյութում առկա միակողմանի դիրքորոշումները հակասում են օրենքի նշված պահանջին:

Ի հավելումն նշենք, որ շաբաթներ առաջ անդրադարձել էինք Սևան ազգային պարկի տնօրեն Վահագն Գուլանյանի մանիպուլյատիվ պնդումներին Սևանա լճի վերաբերյալ, որտեղ ևս Սևանա լճի խնդրի մասին խոսվում էր այնպիսի կոնոտացիայով, ինչպես Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում:

Կարինե Շահգալդյան

x