Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը. ՀՀ ԱԱԾ տնօրենի օգնական

Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ահա ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանին հղածս մի քանի հարցերի պատասխանը, ստացել եմ երեկ [email protected] հասցեից

Հարգելի պարոն Բարսեղյան,

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ` Ձեր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ լիազորված եմ պատասխանել հետևյալը.

Մենք շնորհակալ ենք Ձեզ դրա համար, որովհետև այդ հարցը հաճախ է դառնում շահարկումների առարկա։ Սա առիթ է մեզ համար պատասխանելու և հարցը մեկընդմիշտ փակված համարելու։

Ձեր հարցն ունի հստակ պատասխան։ 1918 թվականին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է ՀՀ ռազմական նախարարության գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության բաժանմունքը։ Սա այն առաջին հայկական պետական կառույցն է, որն ունեցել է հատուկ ծառայությունների և ազգային անվտանգությունն ապահովելու գործառույթներ մեր պատմության նորագույն շրջանում։ Այո, մենք այս տարեթվից ենք հաշվում ազգային անվտանգության հայկական մարմինների հիմնադրումը և 2018 թվականին նշել ենք հիմնադրման 100-ամյա հոբելյանը։

Մենք համարում ենք, որ մեր կառույցի գործունեությունն ընդհատվել է Հայաստանի Հանրապետության խորհրդայնացմամբ, երբ մենք կորցրել ենք պետականությունը, իսկ 1991 թվականին պետականության վերակերտման արդյունքում և շնորհիվ մենք վերականգնվել ենք իբրև ՀՀ ԱԱԾ։ Այո, ցավալի է, որ տեղի է ունեցել նման տևական ընդհատում, բայց բոլորս էլ շատ լավ գիտենք, որ դա անկախ պետականության ընդհատում էր։ Անկախության կորուստը որևէ նորմալ մարդու կողմից չի կարող դրական գնահատվել։

Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը։ Ավելին՝ գիշեր-ցերեկ Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգությունն ապահովող մեր աշխատակիցները չեն կարող նույնացվել կամ համեմատվել ստալինյան դահիճների և գուլագների պատժիչների հետ։ Խորհրդային տարիներին տեղի ունեցած զանգվածային բռնություններն ու հետապնդումները մեզանում դատապարտվել են՝ վաղուց և մեկընդմիշտ։ Ավելին, կարծում եմ, որ նման թեմաների արծարծումն այսօր ժամանակավրեպ է։ Մեր երկրի հասարակական և քաղաքական օրակարգում չկա բանավեճ ամբողջատիրական համակարգի լավ կամ վատ լինելու մասին։ Փոխարենն այսօր մենք ունենք շատ ավելի հրատապ և արդիական խնդիրներ, որոնց լուծմամբ պայմանավորվելու է մեր երկրի տեսանելի ապագան։

Ձեր հարցերի մի առանձին խումբ վերաբերում է պատմական իրադարձություններին և դրանց տրվող, երբեմն, հակասական գնահատականներին։ Արդյո՞ք Հայաստանի խորհրդայնացումը կարելի է համարել բռնազավթում կամ ոչ, արդյո՞ք Խորհրդային Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ էր կամ ոչ և այլն։ ԱԱԾ տնօրենը պատմաբան չէ, քաղաքագետ չէ։ Նրա գործառույթներն այլ են։ Նա չի կարող պատասխանել նման հարցերի։

20-րդ դարում մեր երկրի և ժողովրդի ճակատագիրն իսկապես եղել է շատ բարդ ու հակասական, ողբերգական ու հերոսական։ Համոզված եմ, որ մեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ մենք կստանանք հետագա խոր և բազմակողմ ուսումնասիրությունների արդյունքում։

Այն, ինչ մենք պետք է գիտակցենք այսօր, հետևյալն է։ Մեր հասարակությունը մերժել է ոչ միայն խորհրդային տարիների բռնությունը, այլև մերժում է որևէ բռնություն քաղաքական կյանքում։ Մենք կառուցում ենք բռնությունից զերծ, ազատ հասարակություն և նայում ենք առաջ, ոչ թե հետ։

Հարգանքով և համագործակցության մեծ պատրաստակամությամբ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի օգնական Վահագն Բոյաջյան»։

Հիշեցնենք, որ Լևոն Բարսեղյանը հարցեր էր ուղղել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին․

«Մի քանի հարց ԱԱԾ տնօրենին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանը շատ արժեքավոր հայտարարություն է արել: Ընթերցեք.«Քաղհասարակության ներկայացուցիչներին կոչ եմ անում եւ հորդորում եմ՝ իմ հետ կազմակերպել քննարկում՝ բաց ֆորմատով, փակ ֆորմատով, ցանկացած ֆորմատով ու իրենց հուզող բոլոր հարցերը ուղիղ ուղղել ինձ։ Պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի, ...Եթե քաղհասարակության ներկայացուցիչներն ունեն հարցեր, որոնք իրենց հուզում են, պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել, բայց ոչ թե՝ իրենք մի բան հրապարակեն, ես հերքեմ։ Եթե իրենք ուզում են ու իրոք մտահոգված են այն ամենով, ինչը բարձրաձայնում են, հորդորում եմ կազմակերպել բաց քննարկում, իսկ եթե ոչ, ուրեմն կփաստենք, որ հնչեցրած քննադատությունները ուղղակի ուղղորդված են այս կամ այն ուժի կողմից»։

Չգիտեմ ինչն է առիթ հանդիսացել այս հայտարարության եւ նեղսրտելուն, ով/ովքեր է/են այնպիսի մտքեր հայտնել, որ սուտ են եղել ու Վանեցյանը կարիք ունի նման հայտարարություն անելու, ովքեր են ընդհանրապես «քաղաքացիական հասարակության անդամները», բայց դժվար է անտեսել նման հնարավորությունը եւ չընդունել, որ ՀՀ պատմության մեջ, սկսած 1919 թվականից, նման հրապարակային ՊԱԿ/ԱԱԾ պետ չեմ հիշում, պատմաբանները կարող է հիշեն:

Ես քաղհասարակություն չեմ, բայց քաղաքացի եմ, ու կարծում եմ, որ իրավունք ունեմ օգտվելու այս հնարավորությունից: Համարում եմ, որ բաց խոսակցության ամենահարմար հարթակը հենց կարող է ֆեյսբուքը լինել՝ ի տես ամենքի: Ինչո՞ւ եմ այդպես կարծում, որովհետեւ, ես էլ, ինքն էլ ահագին զբաղված ենք ու ես էլ, ինքն էլ անձնական հարցեր չունենք իրար ու մեր ունեցած հարցուպատասխանը հանրային նշանակություն ունի, որքան էլ փոքր նշանակություն ունենա, էլի անձնական չէ, հանրային է: Ֆեյսբուքյան զրույցը չի կաշկանդում մեզ ժամանակի եւ գտնվելու վայրի առումով, երբ ժամանակ ունենանք՝ կգրենք, կպատասխանենք, եթե իրեն հարմար չլինի արձագանքել, կարող է մամուլով արձագանքել, կամ, եթե չկարդա հարցերս, զբաղվածության բերումով, լրագրողները կարող են այդ եւ այլ հարցերը փոխանցել իրեն որեւէ հարմար առիթով, շտապ չէ: Հրատապ բան ունենամ, կգրեմ, որ հրատապ է:

Իսկապես բարձր գնահատելով Վանեցյանի պատրաստակամությունը, հավատալով, որ ձեւական չէր խոստանում պատասխանել հարցերին, մեկ հարց կուզեմ հղել հիմա, հետագայում այլ հարցեր էլ կհղեմ:

1. Հայտնի է, որ ԱԱԾ-ն 2019-ը համարում է ԱԱԾ ստեղծման 100-ամյակի տարի: Ես երբ իմացա այդ, տարակուսեցի, հետո փորփրեցի ԱԱԾ կայքը, գտա մի թեթեւ իրավական հիմք, այն է՝ առաջին հանրապետության տարիների մի համանման ստորաբաժանում է գործարկվել մեր երկրում, որի իրավահաջորդն ԱԱԾ-ն հիմա համարում ինքն իրեն: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ բազմաթիվ պետական հաստատություններ են հիմնվել 1918-1920 թթ. (օրինակ բանակը՝ որպես հանրապետության բանակ), բայց այժմ այդ պետական հաստատությունները իրենց գործունեության սկիզբ են համարում երրորդ հանրապետության սկիզբը, ԱԱԾ-ն համարում է, որ այդ ծառայությունը հարյուր տարեկան է: Այսպիսով, պարոն Վանեցյան, համարու՞մ եք արդյոք, որ այժմյան ՀՀ ԱԱԾ-ն, իսկապես 1919 թվականի ազգային անվտանգության համակարգի կամ ծառայության իրավահաջորդն է, եթե այդպես եք համարում, համարու՞մ եք, որ խորհրդային Հայաստանի НКВД-ն (ԽՍՀՄ ՆԳԺԿ ) եւ ՊԱԿ/КГБ-ն այժմյան ԱԱԾ իրավանախորդներն են եղել: Թույլ տվեք օգտակար լինել որոշ մեկնաբանությամբ:

Ա. Եթե համարում եք, որ НКВД-ն եւ КГБ-ն մեր ՀՀ ԱԱԾ իրավանախորդն են եղել, արդյո՞ք նպատակահարմար չեք համարում գործարկել այդ հիմնարկների կողմից 1920-1991 թթ. Հայաստանի քաղաքացիներին տված վնասների պատասխանատվությունը ստանձնելու մի գործընթաց, այն է՝ հրապարակավ, ոչ թե անձամբ, այլ ի պաշտոնե, ընդունել, որ տեղի են ունեցել զանգվածային բռնություններ, իրավազրկում, սպանություններ, անարդար դատ ու դատաստաններ, որոնց հետեւել է մահապատիժ, աքսոր, ընտանիքների քայքայում, հալածանք, եւ այլն, ու դա զգալի վնաս է հասցրել մեզ, մեր երկրին: Եթե այո, ասացեք խնդրեմ, ովքեր են պատասխանատու այդ բռնադատումների եւ անմարդկային վերաբերմունքի համար, ինչպիսի պատասխանատվության մեխանիզմներ կառաջարկեիք բացի վերը թվարկածը:

Բ. Եթե կարծում եք, որ НКВД-ն եւ КГБ-ն ոչ մի դեպքում ՀՀ առաջին հանրապետության նոմինալ ԱԱԾ իրավահաջորդը եւ այժմյան հանրապետության իրավանախորդը չեն, (1) ինչպես կբացատրեք այդ խզումը (1920-1991 թթ.), (2) արժե՞ արդյոք ԱԱԾ պատմությունը 100 տարի հաշվել եւ ոչ թե 28-29, եւ այս համատեքստում պարտադիր նոր հարց է առաջանում՝ (3) համարո՞ւմ եք արդյոք, որ Հայաստանի առաջին հանրապետությունը բռնազավթել են բոլշեւիկները եւ քեմալական Թուրքիան 1920 թվի վերջերին: Եթե զավթել են, ուրեմն պիտի համարենք, որ հիմա մենք Հայաստանի երկրորդ հանրապետությունում ենք ապրում եւ ոչ թե երրորդ: Ի դեպ, պատմաբաններն ու քաղաքագետների զգալի մասը համարում են, որ խորհրդային տարիներին հանրապետությունները, այդ թվում Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետութունը, միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտներ չեն եղել, նույն НКВД-ն եւ КГБ-ն Հայաստանի կամ Վրաստանի կամ մյուս երկրներում ինքնուրույն գործող մարմիններ չեն եղել, այլ ընդամենը մեկ միասնական մարմնի մասնաճյուղեր ԽՍՀՄ հանրապետություններում: Բայց սա այլոց տեսակետն է: Ինձ համար կարեւոր է իմանալ Ձեր կարծիքը: ԱԱԾ-ի կարծիքը հետաքրքիր չէ, մանավանդ, պետական հաստատությունը կարծիք ունենալ չի կարող, եւ քանի դեռ Դուք զբաղեցնում եք ԱԱԾ տնօրենի շատ կարեւոր պաշտոնը, իսկապես ես եւ հուսամ շատ ուրիշները, կկամենան Ձեր կարծիքն իմանալ, այն է՝ Ձեր գնահատականը մեր վերջին 100 տարվա պատմությանը այս մասով:

Պարոն Վանեցյան, ամենեւին չեմ բացառում, որ օպերատիվ եւ ծանրաբեռնված աշխատանքի բերումով այս հարցերի շուրջ երբեք չեք խորհել կամ չունեք հստակ դիրքորոշում, կարիք ունենք նյութերի ծանոթանալու եւ ուսումնասիրելու, մինչեւ կպատասխանեք: Գուցե կպարզվի, որ այսօրինակ հարցերին պատասխանել կամ այս հարցերի մասին կարծիք ունենալ պարտավոր չեք, ասեք՝ դա էլ իմանանք: Դուք եք պատրաստակամություն հայտնել բաց եւ ազատ հարցուպատասխանի, ես էլ ինձ վաղուց հուզող հարցերն եմ գրել:

Հարգանոք՝ պատասխանի սպասող ՀՀ քաղաքացի

08 օգոստոսի, 2019թ.

ՀԳ,. թույլ տվեք այս հարցերը Ձեզ գրավոր եւ անվանական չհղել, չարժե ձեւականությունների ետեւից ընկել, վստահ եմ՝ ԱԱԾ աշխատակիցները ուշադիր են եւ կփոխանցեն այս նամակը Ձեզ: Պատասխանեք խնդրեմ երբ հարմար կհամարեք»:

x