Սիրիայի քրդերը պատրաստվում են Թուրքիայի հնարավոր հարձակմանը |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ նոր ռազմագործողություն սկսելու ակնարկից հետո քրդերն անցել են ակտիվ նախապատրաստական աշխատանքների:

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ակտիվ աշխատանքներ են իրականանում Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Ջեյլանփընար սահմանային շրջանի դիմաց գտնվող սիրիական Ռասուլայն շրջանում: Նշվում է, որ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG), որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, ձեռնամուխ են եղել շրջանի մերձակայքում նոր դիրքերի ու թունելների կառուցմանը:

Թուրքիայի նախագահը զոհաբերության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում նշել էր, որ օգոստոս ամիսը թուրքերի համար մի շարք հաղթանակների ամիս է ու թվարկել էր դրանցից մի քանիսը: Նա հիշեցրել էր, որ քրդերի դեմ «Եփրատի վահան» ռազմագործողությունը նույնպես օգոստոսին էին սկսել՝ ավելացնելով, որ «ալլահի կամքով այս օգոստոսին ևս մեկ օղակ կավելացնեն» իրենց հաղթանակների շղթային:

x