Արտերկրից ժամանած հյուրերը ծանոթանում են Տավուշի բնության բարիքներին

Օգոստոսի 10-ին և 11-ին Տավուշի Բերդ համայնքում անցկացվեց «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը»։ Արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրեր եկել էին ծանոթանալու Տավուշի բնության բարիքներին։ Նրանք հնարավորություն ունեցան համտեսելու տեղական մեղրն ու հատապտուղները, գինին, տեսնելու Տավուշցիների ձեռագործ աշխատանքները։

«infocom»-ի հետ զրույցում Տավուշի մարզպետի մամուլի խոսնակ Գագիկ Աղբալյանը ներկայացրեց փառատոնի առաքելությունը։

«Տավուշը հայտնի է իր բարիքներով և ըստ միջազգային կազմակերպությունների կատարած ուսումնասիրությունների՝ Տավուշի անտառներում տարեկան ընդհանուր ռեսուրսի հաշվարկով 100 միլիոն դոլարը գերազանցող պտուղ կա։ Դա նշանակում է, որ Տավուշի բնակչությանը սնելու և սոցիալական խնդիրներ լուծելու մեծ պոտենցիալ է տալիս հենց Տավուշի բնությունը»։

Տավուշի պոտենցիալն ամբողջությամբ չի օգտագործվում և փառատոնը նաև նպատակ ունի խթանել դրա 100 տոկոսով նպատակային օգտագործմանը։

«Նպատակը Տավուշի բարիքները ներկայացնելն է սահմաններից դուրս, ինչը պիտի խթանի մեղվաբուծության, գյուղատնտեսության արվեստների, արհեստների և տուրիզմի զարգացումը։ Ըստ էության փառատոնը ոչ միայն նրա համար է, որ մենք գանք, ուրախանանք և տոնը նշենք, այլ սա առաջին հերթին ձոն է մեր բնությանն ու նրա տված բարիքներին»,- ասաց Աղբալյանը։

Ազգային երգ ու պար, ջազ երաժշտություն, մեղրի, հատապտուղների և դրանցից պատրաստվող մթերքի ներկայացում, գորգագործության, գոբելենագործության, ձեռագործության, փայտամշակման աշխատանքների ներկայացում, իսկ օրվա ավարտին հյուրերը վայելում էին կիթառի երեկոն բարդերի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ փառատոնը 2012թ․-ին հիմնադրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Տավուշի «Հոգևոր վերածնունդ» հիմնադրամը։ Այս տարի այն կազմակերպել էին Տավուշի «Հոգևոր վերածնունդ» հիմնադրամը, Բերդի համայնքապետարանը, «Բերդ» մշակույթի կենտրոնը, Տավուշի տուրիզմի զարգացման գործակալությունը և Տավուշի մարզպետարանը։

Սամվել Շահնազարյան

 

x