Խորհրդատվական կարծիքի համար կարելի է դիմել, եթե գործը տեղական ատյաններում դեռ քննվում է․ ՄԻԵԴ |azatutyun.am|

azatutyun.am։ Հայաստանի Սահմանադրական դատարանի դիմումը ստացած Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշ մանրամասներ է հայտնում, թե ինչպես են քննվում նմանօրինակ դիմումները:

Հայաստանի Սահմանադրական դատարանը ՄԻԵԴ-ին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին խնդրել էր խորհրդատվական կարծիք տրամադրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ: ՍԴ-ն ավելի վաղ քննության էր ընդունել Սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցով երկու առանձին դիմումները, որոնք ներկայացրել էին Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և նրա գործը առաջին ատյանում քննած Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը: Քոչարյանը մեղադրվում է հենց 300.1 հոդվածով, այն է՝ սահմանադրական կարգի տապալումը։

ՄԻԵԴ-ը պարզաբանում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պետություններին դիմել խորհրդատվական կարծիքի համար, որոնք առնչվում են կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների կիրառման կամ դրանց ընդհատման սկզբունքներին:

Խորհրդատվական կարծիքի համար կարելի է դիմել, եթե գործի քննությունը տեղական ատյաններում դեռ ընթանում է: Դատարանը կարող է որոշել՝ ընդունել դիմումը կամ մերժել այն: Հինգ դատավորներ են որոշելու՝ արդյոք կընդունեն դիմումը, թե՝ ոչ, մերժման դեպքում էլ բացատրություններ կտրամադրեն:

x