Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդներին դրամական աջակցության որոշումը հետագա գործընթացների շարունակության միջանկյալ քայլ է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին։ Դիմելով նրանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ցանկանում եմ անդրադառնալ կառավարության վերջին նիստում ընդունված որոշմանը՝ Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդներին դրամական աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Ուզում եմ հստակ արձանագրել՝ սա ընդամենը աջակցություն է և որևէ կերպ չպետք է ընկալվի որպես փոխհատուցում, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը գին չունի: Իմ սկզբունքային դիրքորոշումն այն է, որ այս հարցի վերջնական լուծումը պետք է որոշվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս որոշումը միջանկյալ քայլ է, որն արձանագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական դիրքորոշումը: Հետագա գործընթացները պետք է շարունակվեն և տեղի ունենան ՄԻԵԴ վճռի համատեքստում»:

Մարտի 1-ի զոհերի հարազատները նշել են, որ թավշյա հեղափոխությունից հետո մեծ հույսեր են կապում վարչապետի, կառավարության գործունեության հետ և համոզմունք են հայտնել, որ երկրում ընթացող փոփոխությունները հնարավորություն կտան օբյեկտիվ քննություն իրականացնել և լիարժեք բացահայտել Մարտի 1-ի գործը:

Վարչապետը և Մարտի 1-ի զոհերի հարազատները մտքեր են փոխանակել Մարտի 1-ի քննության ընթացքի, զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

x