Բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ, որտեղ նախատեսված է հանդիպում Լոս Անջելեսի հայ համայնքի հետ: Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսահեռարձակմամբ դիմել է Լոս Անջելեսի և հարակից շրջանների հայերին՝ հրավիրելով մասնակցել հանդիպմանը:

«Սպասված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին: Բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով: Հրավիրում եմ Լոս Անջելեսի և հարակից քաղաքների մեր հայրենակիցներին: Հույս ունեմ, որ կքննարկենք այն օրակարգը, որի մասին խոսել ենք վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում: Հույս ունենք՝ այդ օրր հզոր հավաք կկազմակերպենք Լոս Անջելեսում, որը շատերն արդարացիորեն անվանում են Սփյուռքի մայրաքաղաք: Կարծում եմ, որ այցելությունը կլինի արդյունավետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ Լոս Անջելեսը ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ աջակցության ամենակարևոր կենտրոններից մեկն էր և նա բարձր է գնահատում նրանց ցուցաբերած աջակցությունը:

«Այնպես որ, ինձ համար դա սպասված հանդիպում է: Լոս Անջելեսի և հարակից քաղաքների մեր հայրենակիցներ, հույս ունեմ, որ ձեզ համար նույնպես սպասված է: Բոլորիդ սպասում եմ անհամբեր: Հույս ունեմ հաղթական տրամադրությամբ տեսնել այդ հավաքին: Հիշարժան, պատմական իրադարձություն կկերտենք միասին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

x