Ջրահովիտի համայնքապետը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու մեջ. գործը դատարանում է |news.am|

news.am։ Արարատի մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի վերաբերյալ գործը։ 

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Համլետ Ղազարյանը 2010 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական նպատակով, նույն համայնքապետարանի աշխատակիցների օժանդակությամբ, 2011-2018 թվականների ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման և վատնման եղանակով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ֆինանսական միջոցներից հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով' 2.011.857 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Համլետ Ղազարյանը շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է' կազմել ու ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր, ինչպես նաև խարդախությամբ ՀՀ պետական բյուջեյից հափշտակել է զգալի չափերով' 396.000 ՀՀ դրամ գումար:

Համլետ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ երեք հոդվածների հատկանիշներով՝ ՔՕ 179–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին և 3–րդ կետերի (պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով յուրացում և վատնում կատարելը), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Համլետ Ղազարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Գործը մակագրվել է Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին:

x