Ավարտվել է Ջուլիետա Ղուկասյանի գործի նախաքննությունը |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում ավարտվել է Ջուլիետա Ղուկասյանի սպանության վերաբերյալ գործի նախաքննությունը: Առաջիկայում դատախազությունը մեղադրական եզրակացությունը կուղարկի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբանների բոլոր միջնորդությունները մերժվել են։ Մինչ նոր միջնորդություններ ներկայացնելը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը մերժելու Շիրակի մարզի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումները բողոքարկել են Վճռաբեկ դատարան։

Վերջիններս միջնորդել էին նաև, որպեսզի քննչական ու դատավարական գործողություններ կատարվեն գործում տեղ գտած որոշ հանգամանքների շուրջ։ Նրանք նշում են, որ քրեական գործի նյութերում ապացույց չկա այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի և ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները համատեղ են հայտնաբերել և ձերբակալել Ա. Ռազգիլդեևին։ Քանի որ որևէ հիմք չկա պնդելու, որ ռազմաբազա չտեղափոխելը կարող էր հակասել ՌԴ օրենսդրությանը, ինչպես նախկինում նշել էր վարույթն իրականացնող մարմինը, կրկին միջնորդել էին միջոցներ ձեռնարկել Ռազգիլդեևին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար։

Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցին անդրադառնալն էլ քննիչը համարել է հիմնազուրկ և նշել, որ այդ հարցը քննարկվել է տարբեր ատյաններում, տրվել են սպառիչ պարզաբանումներ։ «Քրեական գործի ապացույցների հետ կապված մի շարք հարցեր են բարձրացվել, որոնք վերաբերում են նաև բժշկական օգնության մատուցման պատշաճ կազմակերպմանը, հանցագործության դրդապատճառին և այլն: Բոլոր միջնորդությունները մերժվել են»,-«Արմենպրես»-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Արթուր Սաքունցը:

Ըստ իրավահաջորդների՝ բացահայտված չէ նաև Ջուլիետա Ղուկասյանի սպանության դրդապատճառը, միայն հայտնի է, որ Ջուլիետա Ղուկասյանն ու Ռազգիլդեևը ծանոթներ չեն եղել. «Մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը հիմք է տալիս ենթադրելու, որ դա դիտավորյալ գործողություն է, բայց ո՞րն է այդ գործողությունների դրդապատճառը, վերստին այս գործի մեջ բացահայտված չէ, չկա, իսկ դա նշանակում է, որ հանցագործությունը չի կարելի համարել բացահայտված»։ Տուժողի իրավահաջորդներին այս պահին դեռ հստակ չէ, թե որտեղ են անցկացվելու դատական նիստերը:

x