Նախարար Ռուստամ Բադասյանն այցելել է Արդարադատության Ակադեմիա

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 14-ին այցելել է Արդարադատության ակադեմիա: Ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել շենքային պայմաններին, եղել «Հայ ամերիկյան բարեկամության նախասրահ»-ում, մարզերից ժամանող ունկնդիրների համար նախատեսված հյուրանոցային համալիրում, համակարգչային քննասենյակում, դատական նիստերի դահլիճում:

Շրջայցին հաջորդած աշխատանքային քննարկման ընթացքում ռեկտոր Առաքելյանն Ակադեմիայի հնարավորությունների սահմաններում լիակատար աջակցություն է հայտնել Նախարարության բարեփոխումների ծրագրերը հաջող իրականացնելու և նոր նվաճումներ գրանցելու հարցում՝ այդ համատեքստում ընդգծելով նաև Ակադեմիայի հետ համագործակցող միջազգային կառույցների ներուժի ներդրումը:

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Նախարարությունը տրամադրված է սերտորեն համագործակցել Արդարադատության ակադեմիայի հետ՝ հաշվի առնելով նաև Դատաիրավական ռազմավարության գործողությունների ծրագրով դատավորների և իրավապահ մարմինների համար վերապատրաստումների արդիականացված ծրագրեր իրականացնելու խիստ անհրաժեշտությունը:

Ռեկտորի հետ զրույցում նախարարն անդրադարձել է նաև Ակադեմիայի գործունեությունը կանոնակարգող օրենքի լրամշակմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:

Հանդիպման ավարտին Ակադեմիայի հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը ներկայացրել է Ակադեմիայի մշակած խաղարկային տարրերով ինտերակտիվ դասընթացը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության փոխնախարարներ Ռաֆիկ Գրիգորյանը, Աննա Վարդապետյանը, Քրիստիննե Գրիգորյանը, Ակադեմիայի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Շահինյանը, այլք:

 

Արդարադատության նախարարություն

x