Մարտի 1-ի և այլ քաղաքական գնահատականներ հետ կապված անհամաձայնությունների պատճառով նախարարն արգելել է պատմության դասագրքերի տպագրումը |Aysor.am|

Aysor.am: Բովադակային առումով հայոց պատմության դասագրքի մասով քննարկումներ կան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ, որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բաներ են գրում այդ նյութերում», - ասաց նա:
Ճշտող հարցին, թե արդյոք անհամաձայնությունները կապ ունեն մարտի 1-ի դեպքերի ներկայացման հետ, Հարությունյանը նշեց.

«Եվ մարտի 1-ի, և ընտրությունների հետ կապված, և քաղաքական գնահատականների հետ կապված»:

Դիտարկմանը, թե իրադարձություններն այլ կերպ են ներկայացված գրքերում, բայց խնդիր կա՞ դրանք այլ կերպ ներկայացնել, նախարարն ասաց, որ բովանդակային առումով չի կարող տեղեկոեւթյուն հայտնել, մինչդեռ դրական պատասխան տվեց, որ բովանդակությունն այլ կերպ շարադրելու խնդիր կա:

«Կա այդպիսի խնդիր: Ես թույլ չեմ տվել առայժմ դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության»:
Հարությունյանը հավաստիացրեց, որ դասագրքերի ուշ տպագրությումը չի ազդի դասապրոցեսի վրա.

«Այն թեմաները, որոնք խնդրահարույց են, դրանք անցնում են երկրորդ սեմեստրում, գուցե սկսեն հին գրքերով առաջին թեմաներն անցնել, մինչև կհասնեն այդ թեմաներին»:

Նախարարը նաև նշեց, որ քանի դեռ մարտի 1-ի գործով քրեական գործը շարունակվում է, դա ևս խնդիրներ է առաջացնում այդ թեման գրքերում շարադրելու համար:

 

x