Պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը կառաջադրի իր թկենածությունը Արցախի նախագահական ընտրություններին

Ռուսլան Իսրայելյանը կառաջադրի իր թկենածությունը Արցախի 2020թ.-ի նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարություն է տարածել «Անկախության Սերունդ» Կուսակցությունը:

«Ս.թ. օգոստոսի 2-ին տեղի ունեցած «Անկախության Սերունդ» (ԱՍԿ) կուսակցության խորհրդի նիստում որոշվեց՝ կուսակցության առաջիկա համագումարի օրակարգում ներառել Ռուսլան Էդուարդի Իսրայելյանի 2020 թվականին նախագահական ընտրություններում՝ որպես նախագահի թեկնածու առաջադրելու հարցը: Հաշվի առնելով ներքաղաքական առկա վիճակն ու արտաքին-քաղաքական բազմաթիվ մարտահրավերները, հակառակորդի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները, կուսակցության խորհուրդը գտնում է, որ երկրի նախագահ ընտրելով, ընտրում ենք գերագույն գլխավոր հրամանատար, որը պատասխանատու է երկրի անվտանգության համար, կառավարության ղեկավար, ով պատասխանատու է երկրի տնտեսության անխաթար զարգացման համար:

Հաշվի առնելով Ռուսլան Իսրայելյանի անցած ռազմա-քաղաքական ուղին, նրա զբաղեցրած պատասխանատու պաշտոնները, մեծ փորձը բանակաշինության և տնտեսության զարգացման տարբեր բնագավառներում, ինչպես նաև անձնական-կամային որակները (արդարամտություն, սկզբունքայնություն, հետևողականություն և այլն), կուսակցության խորհուրդը գտնում է, որ նա արժանի և ի զորու է ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը»,- ասվում է հայտարարությունում:

x