ՌԴ պաշտպանության նախարարը նշել է Հայաստանի ներդրման կարևորությունը Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում

news.am ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է հայ բժիշկների եւ սակրավորների ներդրումը Սիրիայում հումանիտար աջակցման գործում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Շոյգուն Տոնոյանին առաջարկել է կարծիքներով փոխանակվել ոչ միայն ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության համատեղ ծրագրերի, այլ նաեւ Սիրիայում հումանիտար աջակցման ժամանակ բժիշկների եւ սակրավորների համատեղ աշխատանքի շուրջ:

Ռուս նախարարը նշել է, որ հազարավոր մարդիկ բուժօգնություն են ստանում, հայ վիրաբույժները մի քանի հարյուր վիրահատություն են կատարել:

«Դա ահռելի աշխատանք է, որը չի կարող չնկատվել, եւ, անկասկած, իր ներդրումն ունի այդ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործում»,- նշել է ՌԴ ՊՆ ղեկավարը:

Շոյգուի խոսքով՝ ՌԴ եւ ՀՀ ռազմական գերատեսչությունների հարաբերությունների ռազմավարական մակարդակը թույլ է տալիս ասել, որ դեռեւս շատ անելիքներ կան:

x