Ադրբեջանը չեղարկում է Թուրքիայի հետ վիզային ռեժիմը. ի՞նչ վտանգ է այն ներկայացնում Հայաստանի համար

factor.am Սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը Թուրքիայի քաղաքացիների համար վերացնում է վիզային ռեժիմը։ Այս մասին դեռ հուլիսի վերջին թվիթերյան գրառմամբ տեղեկացրել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա հրապարակել էր նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից Թուրքիայի ԱԳՆ-ին ուղղված պաշտոնական նամակը և գրել. «Ինչպես հաղորդել է Իլհամ Ալիևը մեր նախագահին՝ Ադրբեջանը սեպտեմբերի 1-ից վերացնում է վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար։ Այս քայլը համապատասխանում է «Մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» սկզբունքին»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես հաստատել է տեղեկությունը։ Նշենք, որ Թուրքիան Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկել էր դեռ 2007 թվականին և տարիներ շարունակ պայքարում էր, որ Ադրբեջանը նույնպես նման որոշման ընդունի:

2012-ին Ադրբեջանը մոտ էր վիզային ռեժիմի չեղարկմանը, որը տեղի էր ունենալու Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական խորհրդի նիստում, սակայն Իրանի կոշտ արձագանքը խափանեց սկսված գործընթացը: Մասնավորապես, Թեհրանը Բաքվին սպառնաց, որ եթե վիզային ռեժիմը չչեղարկվի նաև Իրանի քաղաքացիների համար, ապա Թեհրանը ստիպված կլինի Բաքվին զրկել Նախիջևանի հետ կապի հնարավորությունից։ Իրանական լրատվամիջոցները գրում էին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հավանականությունը հաշվի առնելով՝ Սդրբեջանի համար կենսական է Նախիջանի հետ կապ հաստատելու համար Իրանի տարածքի օգտագործումը։

2012 թվականին Ադրբեջանը, հաշվի առնելով իրանական կողմի հայտարարությունները, հրաժարվեց Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնել: Հետաքրքիր է, որ մինչև հիմա Իրանը որևէ կերպ չի արձագանքել Բաքվի այս որոշմանը:

Նախիջանում տիրող իրավիճակն ու այս ինքնավար հանրապետության հետ կապված Թուրքիայի մոտ ու հեռահար պլանները Հայաստանի համար ավելի վտանգավոր են դառնում: Ադրբեջանի կողմից վիզային ռեժիմի վերացումն է՛լ ավելի կնպաստի թուրքական ներկայության ավելացմանը Նախիջևանում։ Գաղտնի չէ, որ թուրքական քաղաքական տարբեր շրջանակներ Նախիջևանը նույնիսկ Թուրքիայի տարածք են համարում:

Օգտագործելով Ադրբեջանի ու Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև ցամաքային սահմանի բացակայությունը՝ Թուրքիան շարունակում է այստեղ ամրապնդել իր տնտեսական և ռազմական դիրքերը։ Թուրքական շրջանակներում շարունակվում են լուրեր շրջանառվել, որ Քաթարից ու Սոմալիից հետո՝ Թուրքիան ցանկանում է Նախիջևանում ռազմաբազա ստեղծել։

 

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշում է, որ Ադրբեջանի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը բնավ էլ անսպասելի չէ։

«Վաղուց արդեն խոսվում էր, որ երկու երկրների հարաբերությունները պետք է ունենան շոշափելի կարգավիճակ, և վիզային ռեժիմի վերացումը դե յուրե արձանագրումն է դե ֆակտո վիճակի։ Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա հայտնի է, որ այդ տարածքի նկատմամբ Թուրքիան ունի պատմական և ծավալապաշտական տարբեր նկրտումներ, և բնական է, որ «Մեկ ազգ՝ երկու պետություն» կոնցեպտի շրջանակում սա տեղավորվում է։ Երևի մի փոքր տարօրինակ կլիներ վիզային ռեժիմի պահպանումը երկու երկրների միջև»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ շեշտելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի գործողություննեևը տարբեր ոլորտներում բացահայտ կամ քողարկված սպառնալիք են Հայաստանի համար։

Իսկ Նախիջևանում Թուրքիայի քայլերն ամբողջովին տեղավորվում են ավելի լայն տեսության՝ Ազգային ուխտի քաղաքականության մեջ, որի համաձայն՝ այն սահմանները, որն ունի այսօր Թուրքիան, չեն համապատասխանում նրա քաղաքական ամբիցիաներին:

«Եվ եթե նայենք Ազգային ուխտի քարտեզին, ապա մեզ համար ավելի ընկալել կլինեն Թուրքիայի հավակնություններն ու քայլերը, որոնք տեղի են ունենում հիմա և տեղի են ունեցել նախկինում, մեզ համար ավելի ընկալելի կլինեն։ Նախիջևանը նույնպես թուրքական հետաքրքրությունների ծիրում է, Սիրայի և Իրաքի որոշակի հատվածներ՝ նույնպես։ Այսինքն՝ մենք պետք է սա տեսնենք որպես մեկ ամբողջություն։ Թուրքիայի քայլերն Իրաքում, Սիրիայում և Նախիջևանում սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։ Եվ, առաջին հերթին, տարածաշրջանային գերտերությունների համար: Ես կառանձնացնեի Ռուսաստանն ու Իրանը»,- ասաց թուրքագետը։

x