Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ԱԱԾ որոշումը բողոքարկվել է |pastinfo.am|

pastinfo.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանը բողոքարկել է ԱԱԾ-ի՝ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։ Այս մասին ասաց դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը. «Բողոքարկել ենք Գլխավոր դատախազին, դեռեւս արձագանք չկա»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 16-ին ՀՔԾ աշխատակիցները մեկ այլ քրեական գործի շրջանակում խուզարկել էին Գրիգորյանի աշխատասենյակը եւ կնիքել այն։ Աշխատասենյակից կատարվել էին առգրավումներ։ Սրանից հետո նրա պաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որտեղից նյութերն ուղարկել էին Դատախազություն: Դատախազությունն էլ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկել էր ԱԱԾ:

Հուլիսի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում էր կայացրել:

Փաստաբան Գեորգի Մելիքյանը նշեց, որ հաղորդում են ներկայացրել նաեւ՝ կապված քննիչի գործողությունների հետ։ Ավելի վաղ նա ընդգծել էր, որ քննիչի կողմից կատարված խախտումը արձանագրել է նաեւ ԲԴԽ-ն. «Դա ոչ միայն իրենից խախտում է ներկայացնում, այլև հանցավոր արարքի ուղղակի դրսևորում», - ասել էր Գեորգի Մելիքյանը։

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները դադարեցված են։

x