Եվրամիությունը պատրաստվում է Թրամփի հետ առևտրային պատերազմ վարել

news.am ԵՄ-ում մշակել են ագրեսիվ ծրագիր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առեւտրային քաղաքականությանը եւ ամերիկյան տեխնոլոգիական հսկաներին, այդ թվում՝ Google-ին, Apple-ին, Amazon-ին, Microsoft-ին եւ Facebook-ին հակազդելու ուղղությամբ, հաղորդում է POLITICO-ն՝ հղում կատարելով 173 էջ ունեցող փաստաթղթին, որում նշված է, որ Եվրահանձնաժողովի պաշտոնյաները դրդում են ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ստեղծել Ապագայի եվրոպական հիմնադրամ, որն ավելի քան 100 մլրդ դոլար ներդրում կկատարեր բարձր պոտենցիալով եվրոպական ընկերությունների բաժնետիրական փաթեթների մեջ:

Նպատակն է ստիպել Եվրոպային մրցել ամերիկյան եւ չինական տեխնոլոգիական հսկաների հետ:

Նրանք նաեւ ցանկանում են, որ Եվրոպան ավելի մեծ վճռականություն ցուցադրի Թրամփի հետ առեւտրային պատերազմում՝ հայտարարելով, որ ԵՄ-ը պետք է սահմանի միակողմանի տուրքեր ամերիկյան ներկրված ապրանքների համար:

Դեռեւս հայտնի չէ՝ կստանա արդյոք աջակցություն այդ առաջարկը: Սակայն առաջարկի մոտիվացիան գաղտնիք չէ: Ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, որոնց շուկայական կապիտալացումն արդեն իսկ գերազանցում է 1 տրիլիոն դոլարը, 100 անգամ ավելի արժեքավոր են, քան եվրոպական խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսին է Spotify երաժշտական ծառայությունը:

Ի լրումն ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների՝ պաշտոնական անձինք նաեւ մատնանշում են չինական մրցակիցներին, ինչպիսիք են Baidu-ն, Alibaba-ն եւ Tencent-ը: «Եվրոպայում չկան այդպիսի ընկերություններ»,-նշված է փաստաթղթում:

Որպես առանձին միջոց՝ մշակվել է գործաքակազմ ամերիկյան ապրանքների համար միակողմանի սակագներ սահմանելու ուղղությամբ: ԵՄ-ը կկիրառի այն, եթե Թրամփի վարչակազմին հաջողվի դադարեցնել Առեւտրի համաշխարհային կազմակերպության գործունեությունը:

Թրամփի քաղաքականությունը միտված է զրկել ԱՀԿ-ին դատավորներից, որոնք անհրաժեշտ են համաշխարհային առեւտրային արբիտրաժային դատարանի գործունեության համար:

x