ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը 100 երեխայի հաշմանդամության կարգավիճակից զրկելու լուրերի մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է հրապարակել տարածված այն տեղեկատվության վերաբերյալ, թե շաքարային դիաբետ ունեցող 100 երեխայի զրկել են հաշմանդամության կարգավիճակից:

«Այսօր զանգվածային լրատվամիջոցներից մեկը նյութ է հրապարակել այն մասին, թե, իբր, շաքարային դիաբետ ունեցող մոտ 100 երեխայի զրկել են հաշմանդամության կարգավիճակից: Անդրադառնալով այդ հրապարակմանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարկ է համարում նշել, որ հրապարակման մեջ առկա են բազմաթիվ անճշտություններ և սխալներ:

Այսպես՝ համաձայն ՀՀ կառավարության 13.06.2003 թ. «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի` հաշմանդամությունը հիվանդություններով, վնասվածքներով (անկախ ախտաբանական վիճակի տեսակից) պայմանավորված՝ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետևանքով առաջացած սոցիալական անբավարարությունն է, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության:
Որոշման 29-րդ կետի համաձայն՝ մինչև 18 տարեկան անձանց «հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափանիշ են հիվանդություններով, վնասվածքների հետևանքով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների չափավոր կամ արտահայտված կամ խիստ արտահայտված կայուն խանգարումները, որոնք հանգեցնում են կենսագործունեության որևէ տեսակի 1-ին, 2-րդ կամ 3-րդ աստիճանի սահմանափակումների (տարիքային նորմերին համապատասխան):

Հետևաբար, «Շաքարային դիաբետի, առաջին տիպի» ախտորոշման դեպքում «հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանվում է միայն այն դեպքերում, եթե երեխայի մոտ առկա է օրգանիզմի ֆունկցիաների (նյութափոխանակության, արյան շրջանառության, զգայական, հենաշարժողական, արտազատական) չափավոր կամ արտահայտված կամ խիստ արտահայտված կայուն խանգարումներ։

Հետևաբար, միայն հիվանդության կամ վնասվածքի առկայությունը բավարար չէ հաշմանդամություն սահմանելու համար:

Նույն որոշման 30-րդ կետի համաձայն՝ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը սահմանվում է երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:

ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ՝ հաստատված կարգի 5-րդ կետի համաձայն՝ անձը հաշմանդամ է ճանաչվում և անձին հաշմանդամության խումբ է սահմանվում (1-ին, 2-րդ, 3-րդ, հաշմանդամ երեխա) բացառապես բժշկասոցիալական փորձաքննությամբ՝ ելնելով նրա մոտ առկա հիվանդություններով, վնասվածքներով պայմանավորված օրգանիզմի որևէ ֆունկցիայի կամ ֆունկցիաների կայուն խանգարումների հետևանքով առաջացած կենսագործունեության սահմանափակման տեսակից և աստիճանից: ԲՍՓ հանձնաժողովը օրգանիզմի որևէ ֆունկցիայի կամ ֆունկցիաների կայուն խանգարումների հետևանքով առաջացած կենսագործունեության սահմանափակման տեսակն ու աստիճանը որոշելու համար հիմք է ընդունում համապատասխան մասնագետների կողմից անձի օբյեկտիվ զննման, ինչպես նաև՝ ներկայացված բժշկական փաստաթղթերում առկա հետազոտությունների տվյալներն ու բուժման արդյունքները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարությունը շաքարային դիաբետ ունեցող երեխաներին «հաշմանդամություն չսահմանելու «պիլոտ» ծրագիր» երբևէ չի իրականացրել։

Նշենք նաև, որ 08.01.2019 մինչև 01.07.2019 թ.-ը «Շաքարային դիաբետի, առաջին տիպի» ախտորոշմամբ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ է սահմանվել 50 երեխայի՝ առաջնակի փորձաքննության արդյունքում, 51 երեխայի՝ վերափորձաքննության արդյունքում: Հաշմանդամություն չի սահմանվել նշված ախտորոշմամբ միայն 16 երեխայի համար:

Ինչ վերաբերում է նյութում առկա «Երևանի հանձնաժողովում ունեն դեպք, որ կաշառքի դիմաց համապատասխան կարգավիճակը տրամադրել են. «Սկզբում մերժել են, ծնողը առաջարկել է կաշառք՝ 60 հազար դրամ, վերցրել են ու տվել են։ Ծնողը չի ցանկանում բարձրաձայնել՝ ասում է, որ որևէ երաշխիք չունի, որ բարձրաձայնելուց հետո չի զրկվի այդ կարգավիճակից»» պարբերությանը, ապա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին պատշաճ կարգով այդ մասին ծանուցել իրավապահ մարմիններին կամ ՀՀ ԱՍՀ նախարարություն՝ դեպքն իրավական հարթությունում կարգավորելու համար»:

x