Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումը կքննի օգոստոսի 29-ին

azatutyun.am Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ին կսկսի գրավոր ընթացակարգով քննել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։

Մեղադրյալ Քոչարյանը Բարձր դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության մասին օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։

Ըստ Քոչարյանի ներկայացուցիչ փաստաբան Արամ Վարդևանյանի՝ նախկին նախագահի պաշտպանական թիմը Բարձր դատարանից փորձում է պարզել՝ արդյո՞ք այս երկու հոդվածները կարող են վերաբերել անձեռնմխելիությամբ օժտված նախագահին:

«Տվյալ դեպքում հարցը վերբերում է՝ ողջ փաստական հանգամանքներով, արդյոք կալանավորումը, որը կիրառվել է, արդյոք տվյալ դեպքում բխում է համաչափությունից, որոշակիությունից և անձնական ազատության իրավունքի սահմանափակման սահմանադրական պահանջներից, քանի որ տվյալ դեպքում դիմողը ինքնին պաշտոնաթող նախագահի կարգավիճակ ունեցող անձ է, բնականաբար նաև այդ կարգավիճակը ինքնին առկա է, բայց վիճարկման հարցը վերաբերում է առանձնահատկություններով օժտված սուբյեկտներին», - պարզաբանեց Վարդևանյանը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության նախագահն անձեռնմխելի է և լիազորությունների ժամանակ և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միշտ պնդել են՝ երկրորդ նախագահը չպետք է ենթարկվի քրեական հետապնդման, ավելին՝ պահվի անազատության մեջ իր լիազորությունները կատարելու համար։ Ըստ փաստաբանների՝ մարտյան իրադարձությունների ժամանակ նախագահի գործողությունները բխել են բացառապես նրա լիազորություններից։ Մինչդեռ, Մարտի 1-ի քրեական գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է, որ Քոչարյանն ու մյուս բարձրաստիճան նախկին պաշտոնյաները խախտել են Հայաստանի Սահմանադրությունը, Հայաստանում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:

Բացի այս դիմումից, երկրորդ նախագահի գործով բարձր դատարանում ևս մի քանի դիմում կա։ Քոչարյանի ներկայացուցիչը ամիսներ առաջ ՍԴ էր դիմել նաև երկրորդ նախագահին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։

Իր լիազորությունները կասեցվելուց առաջ դատավոր Դավիթ Գրիգորյանը նույն հարցով դիմել էր ՍԴ՝ խնդրելով ստուգել Քոչարյանին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։ Գրիգորյանը նաև խնդրել էր ստուգել նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։ Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել քննության առնել 300.1 հոդվածի մասով երկու դիմումները և միավորել դրանք մեկ վարույթում։ Հետո արդեն բարձր դատարանը որոշել էր կասեցնել այս գործի քննությունն ու այն ուղարկել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով խորհրդատվական կարծիք տրամադրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ:

x