Շվեդիայի կառավարությունը փոփոխություն կատարեց փաստաթղթում հնարավորություն ստեղծելով ընդլայնել Հայաստանին ցուցաբերող ֆինանսական աջակցությունը․ ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, անտառների, ջրային ռեսուրսների կառավարման և մի շարք այլ ասպարեզներում լուրջ համագործակցություն սկսելու հնարավորությունները: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Կարծում եմ, որ այս ներկայացուցչական այցը Շվեդիայի կողմից որդեգրված մի դիրքորոշում և մոտեցում է մեր երկրում տեղի ունեցած հեղափոխական փոփոխություններին և ժողովրդավարական գործընթացներին: Այդ գործընթացների մի յուրօրինակ հետևանք է: Շվեդիայի Թագավորությունն առաջին պետություններից էր, որ արձագանքեց Հայաստանում սկսված ժողովրդավարական գործընթացներին, և տեղի ունեցան մի շարք այցեր, ինչպես Շվեդիայից Հայաստան, այնպես էլ Հայաստանից Շվեդիա: Ինքս խոսնակի հրավերով, հուլիսին պաշտոնական այցով եղա Շվեդիայում, և այս բոլոր հանդիպումների արդյունքում Շվեդիայի կառավարությունը փոփոխություն կատարեց իր համապատասխան փաստաթղթում նաև հնարավորություն ստեղծելով ընդլայնել Հայաստանին ցուցաբերող ֆինանսական աջակցությունը:

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ կառավարությունը մի շարք միջազգային գործընկերների հետ բավականին ծավալուն ծրագիր իրականացրեց, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել Հայաստանի ընտրական համակարգին, և Շվեդիայի Թագավորությունը այդ շատ կարևոր ծրագրի մաս էր: Այժմ մշակման փուլում է, և կարծում եմ, որ սեպտեմբերին կստորագրենք հուշագիր, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել և ընդլայնել Ազգային ժողովի կարողությունները: Այս ծրագրում ևս Շվեդիայի Թագավորությունը կարևոր մասնակիցներից մեկն է: Մեր հանդիպումների ընթացքում նաև շնորհակալություն հայտնեցի պարոն խոսնակին` Շվեդիայի խորհրդարանի կողմից ՀԸԳՀ-ի վավերացման համար: Բազմաթիվ են օրինակները նրա, որ մեր երկու երկրների, և մասնավորապես մեր խորհրդարանների միջև բավականին ակտիվ երկխոսություն է սկսվել: Եվ, կարծում եմ, որ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ մեր հարաբերությունները որակապես այլ փուլ են թևակոխում:

Մենք քննարկում ենք հնարավորություն` սկսելու լուրջ համագործակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների, անտառների, ջրային ռեսուրսների կառավարման, վերականգնվող էներգետիկայի ուղղություններով, ինչպես նաև հանքարդյունաբերության, թափոնների կառավարման, և բազմաթիվ այլ ուղղություններով: Սրանք ուղղություններ են, որտեղ Շվեդիայի փորձն իսկապես օրինակելի է մեզ համար»,- ասաց Միրզոյանը:

Ռիկսդագի խոսնակը նշեց, որ Շվեդիան ցանկանում է իր օժանդակությունը հայտնել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը և Հայաստանի ուղուն` դեպի ժողովրդավարական բարեփոխումներ:

«Մենք պատրաստ ենք մի քանի ուղղություններով շարունակել սատարել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին: Շվեդիան այս տարի տոնում է մեր խորհրդարանում ժողովրդավարության 100-ամյակը: Բավական խորհրդանշական զուգադիպություն է այն, որ Հայաստանն այս տարի նույնպես տոնում է իր առաջին անկախ հանրապետության, որի հաստատմամբ նաև ապահովվեց Հայաստանում ընդհանուր իրավունքն ամբողջ ժողովրդի համար: Սա իսկապես նշանակում է, որ ժողովրդավարության տեսանկյունից մենք իրարից հետ չենք մնում: Բոլոր նրանք, ովքեր մինչ այժմ պայքարում էին հանուն ժողովրդավարության Շվեդիայում և Հայաստանում, հիմքերն են գցել մեր այսօրվա նվաճումների համար, և մենք պարտք ենք նրանց շարունակել ջանքերը խթանելու համար ժողովրդավարության և իրավունքի գերակայությանը մեր երկրներում»,- նշեց Նորլենը:

Օգոստոսի 26-28-ը պաշտոնական այցով Հայաստանում է Շվեդիայի Ռիկսդագի ղեկավար Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են խորհրդարանի 3 փոխխոսնակները եւ բոլոր խմբակցությունների ղեկավարները: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի և ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամների հետ:

x