Ոստիկանները բացահայտել են մարզամշակութային կենտրոնի տնօրենի ապօրինությունները

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է մի մարզամշակութային կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրենի ապօրինությունները:

Ըստ նախնական տվյալների, կենտրոնի տնօրենն օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով և հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հափշտակություն կատարելու դիտավորությամբ օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և կնոջը 2016-ից 2019 թվականներին հրամանագրել է տնտեսվարի, պարուսույցի, հետո նաև գեղարվեստական մարզիչի հաստիքներում, սակայն կինը աշխատանքի չի ներկայացել: Աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կենտրոնի տնօրենը շահադիտական նպատակներով, իր կնիքով, հաստատել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կնոջ հաճախելիության մասին կեղծ տեղեկություններով լրացված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, որոնց հիման վրա էլ յուրացման եղանակով հափշտակվել է կնոջ անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված ընդհանուր 2.339.000 դրամ գումար:

Բացի այդ, մարզամշակութային կենտրոնի տնօրենը, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահույթ հետապնդելու նպատակով, անվճար ծառայություններ մատուցելու փոխարեն՝ կենտրոնի մի շարք մարզիչների միջոցով սաներից և նրանց ծնողներից որպես ամսական վարձավճարներ ապօրինի գանձելով 5000-10.000-ական դրամ գումարներ՝ 2012-2019 թվականներին կազմակերպել և իրականացրել է, նյութերով այս պահին պարզված, ընդհանուր՝ 5.089.000 դրամի ապօրինի դրամահավաք: Արդյունքում պետության ու քաղաքացիների օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ կենտրոնի տնօրենը, անցնելով իր լիազորությունները, շահույթ հետապնդելու նպատակով կենտրոնի պահակների միջոցով կազմակերպությանը պատկանող ավտոկայանատեղիում կազմակերպել է կանոնադրությամբ չնախատեսված ձեռնարկատիրական գործունեություն: Հարակից շենքերի բնակիչների մեքենաները նշված տարածքում կայանելու դիմաց նրանցից 300-ական դրամ գումար գանձելով՝ 2017-2019 թվականներին կազմակերպել և իրականացրել է, նյութերով այս պահին պարզված, 4.626.000 դրամի ապօրինի դրամահավաք:

Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:

x