Նախարարը Ամուլսարի հարցի անարդարացի լուծման դեպքում ներդրումների ապագայի վտանգ է տեսնում |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ Ամուլսարի հարցի անարդարացի լուծումը կարող է վտանգել Հայաստանում ներդրումների ապագան: Տիգրան Խաչատրյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի շահագործման, դրա տնտեսական առավելությունների, բնապահպանական կանխատեսվող վտանգների, դրանց չեզոքացման ու այլ թեմաների շուրջ:

Պարոն նախարար, շատ է խոսվում Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական վտանգների մասին: Հասարակության այն մասը, որոնք դեմ են հանքի շահագործմանը, նշում են, որ այն կարող է վնաս հասցնել Սևանա լճին, Ջերմուկի ջրերի ավազանին: Ի վերջո, եթե առկա են այդ վնասակար ազդեցությունները, որքանով է նպատակահարմար հանքի շահագործումը:

Կառավարության կողմից այս բոլոր ամիսների ընթացքում սկզբունքային կետ է նշվել, որ չպետք է ծրագիրն իր գործունեության ընթացքում ունենա այնպիսի բնապահպանական բացասական ազդեցություն, որը հասարակության տեսանկյունից անընդունելի սահմաններում է:

Քննարկման եզրակացությունը հուշում է, որ այդպիսի ազդեցություն չկա: Մասնագետներն էլ հավաստիացնում են, որ այն կանխարգելիչ ազդեցությունները, որոնք կազմակերպության կողմից պետք է իրականացվեն ծրագրի շահագործման ընթացքում, բացառում են որևէ բացասական արտանետումները շրջակա միջավայր:

Եթե, այնուամենայնիվ, հանքը չշահագործվի, որքանով դա ներդրումների առումով կվնասի Հայաստանի միջազգային հեղինակությանը:

Եթե կայացվի անարդարացի որոշում, ապա կազդի հեղինակության վրա: Ամենակարևոր հարցն արդարության հարցն է, թե արդյոք ՀՀ կառավարությունն ու հասարակությունն արդար են վերաբերում այն ներդրողներին, որոնք որոշումներ են կայացրել որոշակի իրավունքներ ունենալու պայմաններում:

Մենք նախորդ մեկ տարվա ընթացքում բոլորին բացատրել ենք այն շարժառիթները, որոնց պատճառով սպասել ենք վերջնական եզրակացության, և դա այն մտահոգությունն էր, որ կարող է ծրագիրն ունի այնպիսի չհասկացված բնապահպանական ռիսկեր, որոնց առկայության դեպքում պետք կլիներ բացատրել բոլորին, որ այդպես շարունակել չի կարելի: Եզրակացությունն այն է, որ այդպիսի ռիսկեր չկան:

Այսինքն` մինչև հիմա ես կարծում եմ, որ մենք կարողացել ենք կառավարել նաև միջազգային կարծիքն այն կարևոր հիմքով, որ մենք վերջում արդար որոշում ենք կայացնելու:

Երբ փաստ արձանագրվի, որ ռիսկեր չլինելու վերաբերյալ կարծիքը վերջնական է, ես կարծում եմ, որ մենք կհաղթահարենք այն ժամանակավոր լարվածությունը, որն առկա էր միջազգային ներդրողների շրջանում: Մենք պետք է լինենք, որ բարձր լինի այն վստահությունը, որն առկա է Հայաստանի կառավարության որոշումների և տնտեսական ապագայի նկատմամբ:

Շարունակությունը՝ armenpress.am-ում

x