RElection [#2] Սուպերվարչապետական մեխանիզմը նպաստավոր չէ ազատ և արդար ընտրությունների անցկացման համար․ Արթուր Սաքունց

Հետհեղափոխական Հայաստանի օրակարգային հարցերից մեկն ընտրական բարեփոխումներն էին։ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծվել էր վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով, որը բարեփոխումների հայեցակարգ էր մշակել։ Նախագիծը, սակայն, չընդունվեց այն ժամանակվա Ազգային ժողովի կողմից։

Infocom-ը սկսել է ընտրական իրավունքի թեմայով RElection հարցազրույցների շարքը։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել է, որ սկսվում են ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները՝ նշելով, որ գործընթացը լինելու է հնարավորինս ներառական. և՛ արտախորհրդարանական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու: Հարցազրույցն իրականացվել է վերոնշյալ հայտարարությունից առաջ։

Զրուցել ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

- Պարո՛ն Սաքունց, յուրաքանչյուր փորձագետ, որի հետ հարցազրույց ենք անցկացնում, հնարավորություն ունի հաջորդ փորձագետին հարց ուղղելու: Մեր առաջին զրուցակցի՝ Դանիել Իոաննիսյանի հարցը հետևյալն է.

«Ո՞րն է այն ոսկե միջինը, որի դեպքում իրականացվում է նախընտրական քարոզչության իրական թափանցիկության արդյունավետ վերահսկողություն, բայց փոքր կուսակցությունների համար անհաղթահարելի խոչընդոտներ չեն ստեղծվում»:

- Հարցը երևի թե պետք էր լրացուցիչ պարզաբանել, որովհետև խոսքը վերաբերում է մի դեպքում՝ թափանցիկությանը և հաշվետվողականությանը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում և մյուս կողմից՝ այսպես կոչված փոքր կուսակցությունների մասնակցության հնրավարորություններին։ Այստեղ թափանցիկության և հաշվետվողականության տեսակետից կապ չունի՝ մեծ է, թե փոքր կուսակցությունը, բայց նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունների մասնակցության համար հավասար պայմանների ստեղծումը, ես այդպես պետք է ենթադրեմ, հարց է, որը ձևակերպվում է որպես հնարավոր դժվարություն այդ հավասար պայմանների ապահովման տեսակետից:

Ես կարծում եմ, որ թափանցիկության և հաշվետվողականության խնդիրը պետք է լուծվի նախընտրական քարոզչության ընթացքում՝ սկսած փաստաթղթերի առաջադրումից, եթե վերցնում ենք միայն նախընտրական փուլը, բոլոր փաստաթղթերի՝ թե՛ կուսակցության միջոցների, եկամուտների, թե՛ առաջադրված թեկնածուների անհատական եկամուտների և գույքի վերաբերյալ փաստաթղթերի պատշաճ ներկայացումը մի կողմից, այսինքն՝ բազային տվյալները։ Երկրորդը, իհարկե, այդ տվյալների ուսումնասիրությունն է՝ բացահայտելու համար՝ ինչքանով են մարդիկ, որոնք հավակնություն ունեն, և կուսակցությունը, որը հավակնություն ունի իշխանության մանդատը վերցնելու, ոչ կոռումպացված և իր եկամուտների առումով թափանցիկ, և վստահություն պետք է լինի, որ այդ միջոցները չունեն քրեական ծագում, այսինքն՝ դրանք լրիվ օրինաչափ են:

Դա շատ ելակետային տվյալ է, որովհետև եթե դու սկզբից խաբում ես, հետևաբար դու կա՛մ ունես կրիմինալ որոշակի ռիսկեր քո եկամուտների ձեռքբերման առումով, հետևաբար՝ դու ռիսկային ես նաև որպես իշխանություն, որը, եթե գա իշխանության, ունենա մանդատ կամ ընդհանրապես մեծամասնություն լինի, թե փոքրամասնություն, ապա նրա շարժառիթները որոշումների կայացման մեջ լիովին վստահելի չենք կարող համարել: Եվ այս առումով մեծությունը կապ չունի, այստեղ շատ կարևոր է այդ հանգամանքը:

Իհարկե, ես մի քիչ ավելի կընդլայնեի․ ոչ միայն նախընտրական քարոզչության փուլում, այլ ընդհանրապես ցանկացած իրավաբանական անձ՝ դա կլինի կուսակցություն, թե հասարակական կազմակերպություն, պետք է թափանցիկ գործի, բայց քաղաքական կուսակցությունների նկատմամբ պահանջները շատ ավելի խիստ պետք է լինեն, որովհետև նրանք, այնուամենայնիվ, քաղաքականություն իրականացնող այն սուբյեկտներն են, որոնք նաև որոշումների մեջ կարող են մասնակցություն ունենալ կամ հավակնություն ունեն մասնակից լինելու, և հետևաբար նրանց գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը չպետք է սահմանափակված լինեն միայն նախընտրական քարոզչության ժամանակահատվածով: Սա որպես սկզբունքային մոտեցում:

Ի դեպ, ասեմ, որ հենց սրա հետ են կապված շատ հարցեր, որ այդ փաստաթղթերի ներկայացումը կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ թեկնածու գրանցվելու համար, ունեին զուտ ձևական բնույթ, որովհետև ԿԸՀ-ն կամ նրա որևիցե ստորաբաժանում չուներ իրավասություն ստուգելու այդ փաստաթղթերում ներկայացված տվյալների համապատասխանությունը իրականությանը՝ մի կողմից և մյուս կողմից՝ այդ տվյալներով նշված գույքի և միջոցների ձեռքբերման օրինականությունը ստուգելու լիազորություն, որի դեպքում, բնականաբար, պետք է որոշոմ կայացվեր՝ արդյո՞ք պետք է նման կուսակցությանը գրանցել, կամ այդ կուսակցության որևէ թեկնածուի, որ համամասնական ցուցակում է ներգրավվելու կամ տարածքային (եթե մնա,իհարկե), դրանք իրավունք ունե՞ն գրանցվելու, թե՞ ոչ:

Մյուսը՝ փոքր կուսակցությունների մասնակցության հարցը: Սա շատ պարզ լուծում ունի. պետությունը պետք է հանձինս տարածքների, որտեղ կուսակցություններն իրենց նախընտրական քարոզչություն են իրականացնում, հավասար իրավունքներ ապահովի բոլորին, այսինքն՝ անկախ նրանից՝ փոքր է, թե մեծ, մատչելիությունը պետք է ապահովվի:

Քարոզչական նյութերի տարածման համար տարածքները որ սահմանվում են, նույնպես պետք է հավասար մատչելիություն ապահովվի բոլոր կուսակցություններին։ Ես դա ասում եմ պարզապես որպես սկզբունք: Պատկերավոր ասած՝ ենթադրենք 10 քառ. մետր տարածք է հատկացված, որտեղ նախընտրական պաստառներ պետք է փակցվեն։ Ուրեմն նշանակում է՝ ինքը պետք է սահմանի, հավասար բաշխի բոլորին՝ անկախ նրանից՝ մե՞ծ է կուսակցությունը, թե՞ փոքր: Այսինքն՝ հանրային ռեսուրսներից նախընտրական քարոզչության ընթացքում օգտվելու առումով բոլոր կուսակցությունների համար պետք է հավասար պայմաններ ապահովի: Նույնը Հանրային հեռուստաընկերությամբ՝ եթերաժամերը պետք է ապահովվեն: Սա է նվազագույն պահանջը։

Դու բայց չես կարող պահանջել, որ այն կուսակցությունը, որ ունի ռեսուրսներ, դրանք չօգտագործի, որովհետև նախընտրական հիմնադրամներ կան, և այդ առումով պետությունը իր պարտավորությունը, հավասար պայմանների ապահովման առումով, կատարում է․ ապահովում է հանրային ռեսուրսներից օգտվելու տեսակետից, բայց մնացած կոմերցիոն նպատակներով, ասենք թե՝ տարածքներ վարձակալել և այլն, մնում է արդեն այդ կուսակցության ռեսուրսների հետ կապված խնդիր։

Այդ առումով նախընտրական հիմնադրամի, որից հենց վճարումները կատարվում են, թափանցիկությունը՝ թե՛ եկամուտների ապահովման կամ ձեռքբերման և թե՛ իրականացման, ծախսման տեսակետից նույնպես պետք է մեծ լինի: Այսինքն՝ ոչ միայն խոսքը վերաբերում է բազային փաստաթղթերին, որոնք ներկայացվում են թեկնածությունը գրանցելու համար, այլ նաև նախընտրական հիմադրամում միջոցների օգտագործման թափանցիկությանը և հաշվետվողականությանը, այսինքն՝ այս առումով պետք է բավական խստացվի, որովհետև կան ծախսեր, որոնք նախընտրական հիմնադրամի շրջանակներում եթե ներգրավվում են, ապա դրանց մասին հաշվետվություն չի պահանջվում:

Ամեն մի լուման, որը նախընտրական հիմնադրամից կիրացվի նախընտրական քարոզչության նպատակով՝ սնունդ կլինի, տրանսպորտ կլինի, վառելիք կլինի, թուղթ կլինի, նախընտրական քարոզչանյութ կլինի, վարձատրություն կլինի այն մարդկանց, որոնք ներգրավվում են նախընտրական քարոզչության գործունեության մեջ որպես օգնականներ, այդ ամենը պետք է իրապես խստիվ հաշվառված լինի: Այս առումով թափանցիկությունը և հաշվետվողականությունը պետք է տարածվվեն նաև ոչ հանրային ռեսուրսների՝ կոմերցիոն մեխանիզմներով ռեսուրսների ներգրավման համար տրամադրվող, հատկացվող ֆինանսական միջոցների վրա:

- Պարո՛ն Սաքունց, երբ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացրինք 2016-ին ընդունված ընտրական օրենսգրքով, որովհետև վարչապետին կից հանձնաժողովի մշակած բարեփոխումների նախագիծը չընդունվեց, Դուք ասում էիք, որ պետք չէ սպասել մինչև հաջորդ ընտրությունները՝ ընտրական բարեփոխումներ իրականացնելու համար, որովհետև ընտրություններ տեղի են ունենում միշտ: Ո՞րն է պատճառը, որ այս հարցը օրակարգից դուրս մղվեց, և հիմա ո՛չ իշխանության, ո՛չ հանրության շրջանում ընտրական օրենսգրքի բարեփոխումներից կարծես թե չեն խոսում:

- Եկեք նախ ճշտենք, օրակարգում մնում է, և այն, որ Դուք հիմա շեշտում եք այդ հարցադրումը, որ ասվում է, վկայում է այն մասին, որ մշտապես օրակարգում մենք պահում ենք, ուղղակի ամեն օր չենք դրա մասին հայտարարում: Բայց առաջնահերթը, իհարկե, ընտրական օրենսգրքի փոփոխությունները կամ համապատասխանեցումն է ժողովրդավարական ընտրություններին, մանավանդ, որ արդեն նախագիծը մեծ առումով պատրաստ է, և այնտեղ, իհարկե, պետք է լրամշակվի:

Գիտեմ, որ նաև ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի նախաձեռնությամբ դեռևս նախնական խումբ է ձևավորվել ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման համար: Այսինքն՝ այն կազմակերպությունները, որոնք հենց մասնակցել են Ձեր նշած վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին, ներգրավվում են, և նաև նոր մարդիկ էլ կներգրավվեն:

Ես չեմ կարող իշխանության կամ Իմ քայլի պատգամավորների փոխարեն պատասխանել, բայց գտնում եմ, որ որևէ հիմնավորում չկա ընտրական օրենսգրքում ենթադրվելիք այդ փոփոխությունները ուշացնելու կամ հետաձգելու համար: Ավելին՝ պետք է համալիր փոփոխություններ կատարվեն ոչ միայն բուն մայր օրենքում՝ ընտրական օրենսգրքում, այլ նաև մյուս օրենսգրքերում:

Ի դեպ, ասեմ, որ չընդունվեցին զուտ ընտրական օրենսգրքի փոփոխությունները, բայց քրեական ու վարչական օրենսգրքերի փոփոխությունները ընդունվեցին ԱԺ-ի կողմից: Այնպես որ ես կարծում եմ, որ աշնանային նստաշրջանում շատ շուտ պետք է ընդունվեն, որովհետև այս օրենսգրքերի կամ ընտրականի հետ կապված, քաղաքական համակարգի հետ կապված փոփոխությունները հեղափոխության օրակարգային հարցերից մեկն էին:

Որևիցե ողջամիտ հիմնավորում չի կարող լինել հետաձգելու համար այդ փոփոխությունները: Ի դեպ, նաև կուսակցությունների մասին օրենքը պետք է փոխել, որովհետև մենք բազմիցս ենք հարց բարձրացրել, որ ՀՀ-ում առնվազն 20 տարի միակուսակցական կառավարման համակարգի պայմաններում, երբ որ իշխանությունը իրականացնում էր մեկ կուսակցություն, այն ձեռք է բերել ահռելի նյութական և ֆինանսական միջոցներ, ռեսուրսներ՝ լինելով իշխանության մեջ՝ ի տարբերություն մնացած բոլոր կուսակցություններին միասին վերցրած, և 3 անգամ գերազանցում է իր այդ միջոցներով:

Մենք տեսնում ենք այդտեղ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր: Այդ ռեսուրսներով կուսակցությունը հիմա մասնակցում է կամ հայտ է ներկայացնում մասնակցելու ընտրություններին։ Դա անթույլատրելի է: Այսինքն՝ դու պետք է լրիվ մաքրազարդես քո տնտեսությունը։ Անթույլատրելի է, որ կոռուպցիոն մեխանիզմներով ձեռք բերված միջոցները կիրառվեն կամ օգտագործվեն քաղաքական գործընթացներում: Սա շատ կարևոր, ֆունդամենտալ հարցերից մեկն է, և բոլոր կուսակցությունների մասին է խոսքը: Երբ որ սկզբում ասացի հաշվետվողականության, թափանցիկության մասին, ապա այս հարցը պետք է զրոյացնել․ ստարտային պայմանները՝ միջոցների և ֆինանսական ռեսուրսների ծագման օրինականության առումով պետք է զրոյացնել: Կապ չունի՝ մեկը շատ է, մեկը քիչ է:

Կուսակցությունների մասին օրենքում նույնպես պետք է բավական լուրջ փոփոխություններ կատարել, պետք է փոփոխություններ կատարել տեղական հանրաքվեի մասին օրենքում նույնպես, որովհետև դա քաղաքական որոշումների կայացման հանրային մեխանիզմն է, որը և՛ կուսակցությունները կարող են օգտագործել, և՛ քաղաքացիները՝ համայնքային մակարդակում:

Պետք է իրապես վերջնական կողմնորոշվել՝ արդյո՞ք միայն Երևան, Վանաձոր և Գյումրի համայնքներում պետք է ՏԻՄ ընտրությունները լինեն  համամասնական սկզբունքով, երբ քաղաքապետ ոչ թե ուղիղ են ընտրում, այլ ընտրվում է ավագանու կողմից ամենաշատ ձայներ հավաքած՝ խմբակցության կողմից առաջին տեղ գրավածը, կամ, ենթադրենք, կարո՞ղ է կոալիցիայի կողմից լինել, ինչպես Գյումրիում տեղի ունեցավ կամ Վանաձորում: Որովհետև, տեսեք, համայնքների մի մասում չկա համամասնական մոտեցում, իսկ մյուս մասում կա: Այս երկակի մոտեցման որևէ ողջամիտ հիմնավորում չի ներկայացվել:

- Ո՞րն է ավելի ճիշտ, ըստ Ձեզ, որ ավագանին ընտրի համայնքապետի՞ն, թե՞ ուղիղ ձևով ընտրեն:

- Գիտե՞ք, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ պետք է ժողովուրդը հնարավորություն ունենա ընտրելու քաղաքապետին կամ համայնքի ղեկավարին ուղիղ, որովհետև անմիջական ժողովրդավարությունը դա է ենթադրում, և միաժամանակ նաև ուղղակի ընտրի ավագանուն․ երկու տեղական ինքնակառավարման մարմինները պետք է առանձին ընտրվեն։

Այս մոդելը, իմ համոզմամբ, արդարացի չէ․ համայնքային մակարդակում պետք է ավագանու կազմում թեկնածու առաջադրելու հնարավորություն տրվի նաև քաղաքացիական նախաձեռնություններին: Կա միջազգային շատ հստակ նորմ, որ քաղաքացիություն չունեցող անձինք կամ փախստականները համայնքի տարածքում իրավունք ունեն մանսակցելու ՏԻՄ ընտրություններին, բայց ոչ ազգային ընտրություններին։ Հիմա դուրս է գալիս, որ այդ փախստականները կամ քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող անդամագրվել որևէ կուսակցության, որովհետև կուսակցության անդամ կարող են լինել միայն քաղաքացիները, և բնականաբար զրկվում են նաև առաջադրվելու հնարավորությունից: Այսինքն՝ իրավունք ունեն ընտրելու, բայց ոչ ընտրվելու: Ընտրական իրավունքի սահմանափակման ակնհայտ փաստի հետ գործ ունենք:

- Այսինքն՝ քաղաքացիական նախաձեռնությունները հնարավորություն ունենան նրանց առաջադրելո՞ւ:

- Քաղաքացիական նախաձեռնությունների ինստիտուտը երբ տալիս ես, ապա այդ դեպքում նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք բնակվում են տվյալ համայնքում, կամ փախստականները, որոնք բնակվում են, նույնպես կարող են առաջադրվել, խմբեր կազմել և իրենց թեկնածություններն առաջադրել տեղական, համայնքային նշանակության մարմնում՝ ավագանում, որովհետև հենց այդ համայնքում են բնակվում։

Քանի որ ապրում են, բնականաբար այդ համայնքի խնդիրները նաև անդրադառնում են իրենց վրա, այդ խնդիրների լուծման մեջ իրենք մասնակցելու հնարավություն չունեն: Ես ասեմ՝ պետք է դաշտը ընդլայնվի թեկնածուների առաջադրման, և այդ փոփոխությունները նույնպես պետք է մտցվեն, և, իհարկե, միասնականացվի:

Այստեղ մի կարևոր հանգամանքի վրա էլ ուշադրություն դարձնենք, որ խոշոր համայնքների ղեկավարները, որոնք ընտրվում են բնակիչների կողմից ուղղակի, պոտենցիալ այն թեկնածուներն են, որոնք իրենց գործունեության արդյունքում կարող են ձեռք բերել այնպիսի մի իմիջ, որ հանդես գան նաև ազգային մակարդակում։ Միշտ այդ օրինակն եմ հիշում, բերեմ. Փարիզի քաղաքապետերը, որ ընտրվել են, որոշ ժամանակ հետո առաջադրվել են նաև Ֆրանսիայի նախագահի թեկնածուի պաշտոնում, կամ Ռումինիայի մի փոքր քաղաքի քաղաքապետը, որ բավական մեծ հաջողություն էր ունեցել իր համայնքի կառավարման գործում, երբ որ քաղաքական այլ համակարգերը, կուսակցությունները և այլն ունեցան անձերի հետ կապված, թեկնածուների հետ կապված ճգնաժամ, ինքը առաջադրվեց և ընտրվեց Ռումինիայի նախագահ:

Ես նկատի ունեմ, որ այս ուղղակի ընտրությունը՝ պատասխանատվության հասցեագրման այդ մեխանիզմը հնարավորություն է տալիս նաև ձևավորելու այն մարդկանց, որոնք աշխատում են կամ ընտրվում են որպես քաղաքապետ և գործում են որպես քաղաքական պոտենցիալ լիդերներ։ Որտե՞ղ են աճելու, միայն կուսակցությունների շրջանակում չե՞ն իրենք ձևավորվելու, մանավանդ՝ ներկուսակցական տարբեր սահմանափակումները հնարավորություն չեն տալիս անձանց իրենց ստեղծագործական պոտենցիալը զարգացնելու, և այդ առումով նաև կուսակցությունների մասին օրենքի մեջ փոփոխությունները պետք է կատարվեն, իրականացվեն՝ նպաստելու համար ներկուսակցական ժողովրդավարությանը:

Մեզ մոտ որևիցե կուսակցություն, ցավոք սրտի, իր ներքին դրվածքով ժողովրդավարական չես կարող համարել։ Լիդերը անբեկանելի, անառարկելի հեղինակություն է ունենում, որի խոսքը և որի կարծիքը կամ որոշումը դառնում է ամբողջ կուսակցության որոշումը: Ես կարծում եմ, որ ներկուսակցական ժողվրդավարության և կուսակցությունների անդամների՝ կուսակցությունների կողմից ընդունվող որոշումներում մասնակցության արդյունավետության հարցերը  նույպես պետք է լինեն օրենսդրորեն կարգավորման շրջանակներում:

- Պարո՛ն Սաքունց, խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ Դուք ասում էիք, որ ընտրական բարեփոխումներ պետք է պարտադրվեն ժողովրդի ճնշմամբ, և եթե մարդիկ չեն ուզում հետո փողոց դուրս գալ, այն ժամանակ պետք է փողոց դուրս գային։ Այն ժամանակ ճնշումներ չեղան, մարդիկ փողոց դուրս չեկան, հիմա կա՞ հնարավորություն, որ հանրությունը համախմբվի և բողքի ակցիաներով կամ մեկ այլ եղանակով իշխանությանը պարտադրի ընտրական բարեփոխումներ:

Չգիտեմ ինչու, ամենատարբեր ոլորտներին վերաբերող հարցեր որ տրվում են, զարմանալիորեն, գիտակցաբար թե ոչ գիտակցաբար, շփոթում են նախորդ և ներկայիս ժամանակահատվածը: Նկատի ունեմ, որ այսօր մենք ունենք իրապես լեգիտիմ իշխանություն, որ արդեն վստահաբար ստացել է ժողովրդի ձայնը, և արդեն մնացած ամեն ինչ գոյություն չունի։ Նաև բովանդակային առումով առաջին անգամ շատ ականջալուր է հանրային կարծիքին:

Նախորդ իշխանությունները թքած ունեին։ Ես հիշում եմ 4+4+4 հայտնի բանաձևը, որին մենք չմասնակցեցինք, սկզբունքորեն մերժեցինք, որովհետև այնուամենայնիվ մենք վստահություն չէինք գտնում, որ նախորդ իշխանությանը կարելի էր վստահել և մասնակցել ինչ-որ պրոցեսի և ակնկալել, որ պետք է ունենան բովանդակային նշանակություն ունեցող հարցեր։ Եվ մենք համոզվեցինք, որ տարածքային ցուցակները մնացին: Ճիշտ է, զիջումներ գնացին գրանցված ընտրողների ցուցակների հրապարակման առումով, բայց այնպիսի մեխանիզմ առաջարկվեց, որ արդյունավետ չէր:

Նախորդ իշխանությունների ժամանակ ցանկացած երկխոսություն ուներ ձևական բնույթ, և պատահական չէ, որ նախկին կարկառունները միջազգային ատյաններում հղում էին կատարում՝ տեսեք, մեզ մոտ կոնսենսուսով է ընդունվել 2016 թվականի ընտրական օրեսգիրքը՝ 4+4+4 բանաձևով, չնայած մոռացության էին մատնում, որ հենց ամենավերջում բոլոր հասարակական կազմակերպությունները հայտարարեցին, որ իրենք հավանություն չեն տալիս այդ վերջնական նախագծին:

Հիմա այդպիսի խնդիրներ չկան, և փաստը բերեցի, որ բազմաթիվ պնդումներից հետո, հրապարակային պահանջներից հետո, կարծիքներից հետո ԱԺ պատգամավորի նախաձեռնությամբ, որը, ենթադրում եմ, աշխատանքի բաժանում է եղել մեծամասնության կողմից, նախաձեռնվում է խումբ, որը պետք է աշխատի․ այս պահին գիտեմ, որ փաստաթղթեր են հավաքվում, առաջարկությունների փաթեթներ են հավաքվում ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարելու նպատակով:

Ինչքանով կլինի արագ, ինչքանով կլինի արդյունավետ՝ ես չեմ կարող ասել, բայց պարզ է, որ այդտեղ կա իրական մասնակցության հնարավորություն: Դեռևս պետք է հավաքվենք, առաջին հանդիպումը կունենանք, նաև կարձանագրենք, թե որ օրենսգրքում ենք այդ փոփոխությունները կատարում: Ուզում եմ ասել՝ այստեղ բողոքի ցույցերի չի հասնի խնդիրը:

- Այստեղ հանրությունը դեր ունենալո՞ւ է, թե՞ ոչ:

- Ես ասացի արդեն՝ քննադատական գնահատականներ ուշացնելու և այլնի վերաբերյալ հնչեցվել են, և արդեն ունենք այս նախաձեռնությունը: Չնայած ես պարզ եմ ասում, որ մենք բավարարված չենք․ անհասկանալի ենք համարում, թե այլ նախաձեռնությունների ուղղությամբ ինչու են ուշանում, մասնավորապես՝ անցումային արդարադատության վերաբերյալ հանրային լսումներից հետո ԱԺ-ի որևիցե իրական քայլ չտեսանք, որ իրականացվում է։

Այն ֆրագմենտալ մոտեցումները, որ առանձին օրենքների փոփոխությունների նախաձեռնությունների ձևով ներկայացվում են, ամենևին այն տարբերակը չեն կամ այն մոտեցումը չէ, որը կարելի է ողջունել, որովհետև պետք է ունենալ ընդհանուր հայեցակարգ և նոր իրականացնել կամ մշակել նախագծեր փոփոխությունների համար։Բոլոր դեպքերում այս ընտրական օրենսգրքի հետ կապված ես ասացի, որ արդեն գործընթացներ են տեղի ունենում:

- Երբ վարչապետին կից հանձնաժողովը ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ մշակեց, հայեցակարգում էլ նշված էր, որ դա շատ արագ է արվել՝ կոնկրետ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնելու համար։ 2016-ին ընդունված ընտրական օրենսգրքում կա՞ն կետեր, որոնք փոփոխման ենթակա են, հայեցակարգերում այդ կետերին չեն անդրադարձել, բայց հիմա, երբ բարեփոխումների նոր նախագիծ մշակվի, դպետք է ներառել։

- Հիմնական խնդիրները, որոնք ընտրական օրենսգրքում կային, հայեցակարգում լուծումներ ստացել են։ Խոսքը վերաբերում է քաղաքական կայուն մեծամասնության հասկացությանը, կոալիցիային, որ ընդամենը պետք է սահմանափակվի 3 կուսակցությունով, տարածքային ցուցակներին, որ պետք է միանշանակ հանվեն, բայց կան հարցեր, որոնց պետք է անդրադառնալ, որովհետև այն ժամանակ, այնուամենայնիվ, ժամանակը շատ կարճ էր, հնարավոր չէր, միաժամանակ ազդում էր հնարավորության ֆենոմենը՝ արդյո՞ք որն է հնարավոր այս պահին, որո՞նք են այն հրատապ խնդիրները, որ պետք է լուծվեն, բայց հիմա ավելի հանգիստ ռեժիմով է։

Չնայած կարելի էր դա սկսել հենց փետրվարից, այն, ինչ հիմա՝ օգոստոս ամսին, նախաձեռնվեց՝ այդ աշխատանքային խումբը (որոշում չկա, ուղղակի կամավոր խումբը ձևավորվում է)։ Ինչո՞ւ դա չարվեց փետրվարին, երբ նոր ԱԺ-ն ընտրվեց և իր աշխատանքներն էր սկսում, այսինքն՝ առնվազն հինգ ամիս ուշացումով, այն դեպքում, որ եթե փետրվարին սկսվեին աշխատանքները, հիմա արդեն կունենայինք։

Ժամանակի գործոնը չեմ հասկանում՝ ինչու չի կարևորվում, որովհետև մեզնից է գնում այդ ժամանակը, ինչքան ուշացնում ես, այնքան խնդիրները, որոնք մենք գիտենք, որոնք նոր չենք արձանագրել, անցած 20 տարիների ընթացքում բազմիցս ենք անդրադարձել, որոնք հասկանալի պատճառներով, օբյեկտիվ պատճառներով չէին կարող լուծում ստանալ նախորդ իշխանությունների օրոք, հիմա, թե ինչու պետք է ուշացնել, անհասկանալի է։

Ասինքն՝ դուրս է գալիս, որ տարիներով կուտակված խնդիրներին չեն տրվում լուծումներ, երբ որ պատրաստի պրոդուկտը կա, կարելի է ասել՝ պոլուֆաբը, մնում է հարթեցնել, մշակել, ավելացնել, ավելի համակողմանի դարձնել և միանգամից ուղղակի փոխել։ Չկա որևիցե խոչընդոտ, այս դանդաղկոտությունն է, իհարկե, հույս ունեմ, որ այս առաջին նստաշրջանը, այս 4-5 ամիսը արդեն այդ դանդաղկոտության վերջին ժամանակահատվածը կլինեն։

Ճիշտն ասած այդ հարցը չտվեցիք, բայց ես ասեմ․ ընդհանրապես ընտրությունների հետ կապված իմ կողմից ես կարևորում եմ, որ ընտրությունների վրա, ընտրական մթնոլորտի վրա, բացի ընտրական օրենսգրքից, կուսակցությունների մասին օրենքից, շատ էական ազդեցություն ունի կառավարման մոդելը, մեխանիզմը։ Կառավարման մեխանիզմը այն գործոններից մեկն է, որն ազդում է ընտրությունների ընթացքի վրա՝ բովանդակային տեսակետից։ Սուպերվարչապետական մեխանիզմը ամենևին էլ նպաստավոր չէ ազատ և արդար ընտորությունների անցկացման համար՝ նույնիսկ իդեալական ընտրական օրեսնգրքի պարագայում։

- Անգամ քաղաքական կամքի առկայության դեպքո՞ւմ, որովհետև Դուք ասել եք, որ քաղաքական կամքի առկայության դեպքում ազատ և արդար ընտրություններ կարող են լինել։

- Այո՛։ Քաղաքական կամքը շատ կարևոր է՝ հաղթահարելու սուպերվարչապետական ինստիտուտի հետ կապված պրոբլեմները, որը արձանագրվեց հեղափոխության արդյունքում։ Բայց բնականոն վիճակի մեջ սուբյեկտիվ քաղաքական կամքը պետք է ամրապնդվի ինստիտուցիոնալ երաշխիքներով։

Իշխանությունը, մի՛շտ հիշեք, բնավորություն ունի գայթակղելու։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Այստեղ անձով չպետք է պայմանավորված լինի․ ինչքան էլ որ ես վստահեմ և հիմա էլ վստահում եմ իշխանությանը, որ ինքը ունի կամք փոփոխություններ կատարելու, բայց կամքը պետք է ամրապնդվի համակարգային փոփոխություններով։ Այդ նույն տրամաբանությամբ նշանակում է՝ ընտրական օրենսգիրքն էլ կարող ենք չփոխել, ընդհանրապես ոչ մի բանը կարող ենք չփոխել, ասենք՝ քանի որ կա կամք, որ չգայթակղվեն, խախտումներ չլինեն, սա բավարար է արդեն։

Օրինակ, տեսեք, տարրական բան է․ տարածքային ցուցակները մեխանիզմ են, որովհետև տեղային նշանակության գործոնները մրցակցում են քաղաքական նշանակության գործոնների հետ, որը համամասնական ընտրակարգի դեպքում է գործում։ Իսկ տարածքային ցուցակները Հանրապետական կուսակցության օրոք մտածված էին, որ իրենք իրենց տեղական հեղինակությունների միջոցով փորձեն լրացնել։ Հանրապետական կուսակցության ձայների քանակը մեծապես ապահովվել է հենց տարածքային ցուցակներով։

Այստեղ պետք է ինստիտուցիոնալ բավական լուրջ, նախնական, ելակետային պայմաններ ապահովել, և ես կարծում եմ, որ անպայման պետք է լրջորեն մտածել նաև իշխանության կառավարման մոդելի փոփոխության մասին։ Տեսեք, շատ կարևոր է փոքրամասնության արդյունավետ մասնակցությունը որոշումների կայացման մեջ ԱԺ-ում, երբ կա բացարձակ մեծամասնություն։ Եթե մի կուսակցության կամ խմբակցության կողմից կա մեծամասնություն, փոքրամասնության մասնակցությունը վերջնական որոշումների մեջ պետք է փոխվի, այսինքն՝ շատ ճկուն լինի։ Դա նաև պետք է ամրագրվի նույնը Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով։

Ենթադրենք՝ մի կուսակցություն որևիցե որոշման կայացման մեջ ունի 70 տոկոս ձայն, մնացած 30 տոկոսի՝ փոքրամասնության ձայնը որոշումների կայացման մեջ պետք է ունենա ռեալ ազդեցություն, որ զուտ մեխանիկական քվեարկությամբ որոշում չընդունվի մեկ կուսակցության ցանկությամբ։

Սրանք էլ քաղաքական համակարգի ձևավորմանը նպաստող օրինագծեր են, և դա տեխնիկական նշանակություն չունի, դա բովանդակային նշանակություն ունի, որ դու նաև բազմակարծությունը ապահովես և նաև հաշվի նստես այնպիսի կարծիքների հետ, որոնք գուցե օբյեկտիվորեն ճիշտ են, բայց փոքրամասնության մեջ են։ Եվ այստեղ կարծիքների բախումներ կան, որոնց արդյունքում գալիս է ճշմարիտ որոշման հնարավորությունը։ Ես նկատի ունեմ՝ մենք չպետք է քաղաքական համակարգի ձևավորմանը մոտենանք միայն նեղ, որոշակի օրենսգրքերի փոփոխության շրջանակում։ Ինչպես նշեցի՝ տեղական հանրաքվեն, նաև ազգային հանրաքվեն պետք է արդյունավետ դարձնել, որպեսզի հնարավորություն լինի՝ մարդիկ ուղղակի ժողովրդավարության մեխանիզմների միջոցով ազդեն իրավական համակարգի ձևավորման, քաղաքական որոշումների կայացման վրա։

- Ներկայիս քննարկումների ժամանակ այս փոփոխությունների մասին առաջարկներ կա՞ն, կամ լինելո՞ւ են։

- Լինելու են անպայման։

- Լինելու են Ձե՞ր կողմից։

- Մենք ընդունվելիք փոփոխությունների այդ ամբողջ շարքը պետք է ամրագրենք, այսինքն՝ թե ինչն ենք փոխելու և ինչու ենք փոխելու։ Ոչ թե այնպես, որ եկել ենք հավաքվել միայն ընտրական օրենսգիրքը փոխելու համար։

- Ավելի լա՞յն են լինելու փոփոխությունները։

- Ես այդպես եմ տեսնում։ Երբ առաջին հանդիպումը տեղի կունենա, մենք փոփոխությունների ենթակա խնդիրների շարքը պետք է ամրագրենք, արձանագրենք, գանք համաձայնության և մաս առ մաս գնանք։ Եթե առաջինը կլինի ընտրականը, ապա հետո կուսակցությունների մասին օրենքը, հանրաքվե, ԱԺ կանոնակարգ և այլն։

Ըստ Relection-ի ձևաչափի՝ հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ փորձագետին։

Արթուր Սաքունցի հարցը․

Անհրաժե՞շտ է նոր սահմանադրության ընդունումը Հայաստանում՝ ունենալու համար ժողովրդավարական քաղաքական համակարգ, որը կերաշխավորի արդար ընտրություններ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ, եթե այո, ապա որո՞նք են այդ մեխանիզմները, որ պետք է փոխվեն։

Աննա Սահակյան

x