Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն

2016 թվականին «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ն (2016 թվականից՝  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ներկայացրեց Ամուլսարի շահագործման փոփոխված նախագիծը և նույն թվականի ապրիլի 29-ին Բնապահպանության նախարարության կողմից ստացավ դրական եզրակացություն:

«ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ի նախագծին դրական եզրակացություն տվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչն էլ հաստատվել է 2016 թվականին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից: Նկարները՝ ստորև.



 

Ինչպես գիտենք 2018 թվականի հուլիսի 20-ին Քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները:

2018 թվականի օոստոսի 28-ին Յուրա Սերյոժայի Իվանյանը  նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն,սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ: Յուրա Իվանյանը նաև Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարն է:

Infocom-ը փորձեց հասկանալ թե արդյո՞ք ազգակցական որևէ կապ կա նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի և Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի միջև: Հետաքննության համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ և՛ Յուրա Իվանյանը, և՛ Արամայիս Գրիգորյանը ծնվել են Արարատի շրջանի Ավշար գյուղում։ Արդյունքները ներկայացնում ենք ստորև:

Ինչպես նկատեցինք բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի կենսագրությունից՝  վերջինիս ծննդավայրը Արարատի շրջանի Ավշար գյուղն է:

 

Ընտրողների ռեգիստրից պարզեցինք, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի գրանցումը նույնպես Արարատի շրջանի Ավշար գյուղում է:

Ինչպես տեսնում ենք Յուրա Իվանյանի հետ նույն հասցեում գրանցված են Գրիգորյան ազգանունով երկու անձ՝ Գրիգորյան Անուշ Սերյոժայի և Գրիգորյան Սերյոժա Իվանի:

Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով գտանք Արարատի շրջանում բնակվող Անուշ Գրիգորյանին (ով գրանցված է Յուրա Իվանյանի հետ նույն հասցեում)։ Վերջինիս էջում որպես ընտանիքի անդամ (քույր) նշված է ֆեյսբուքյան օգտատեր Ոսկի (Ոսկեհատ) Գրգորյանը: 

 

Ուսումնասիրելով Ոսկի Գրիգորյանի ֆեյսբուքյան էջը պարզեցինք, որ Յուրա Իվանյանը Ոսկի Գրիգորյանի եղբայրն է: Նկարները՝ ստորև.

 

Ոսկի Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից պարզելով ծննդյան տարեթիվը՝ ընտրողների ռեգիստրում գտանք նրա հայրանունը՝ Սերյոժա։

 

Այսպիսով, պարզ է դառնում, որ Անուշ Սերյոժայի Գրիգորյանը  Ոսկեհատ Սերյոժայի Գրիգորյանի քույրն է, ով էլ իր հերթին հանդիսանում է Յուրա Սերյոժայի Իվանյանի քույրը: Բոլորի հայրանունները համընկնում են, Յուրա Սերյոժայի Իվանյանի հետ նույն հասցեում են բնակվում և՛ Անուշ Սերյոժայի Գրիգորյանը, և՛ Սերյոժա Իվանի Գրիգորյանը: Հետևաբար, Սերյոժա Գրիգորյանը հանդիսանում է Անուշ Գրիգորյանի, Ոսկեհատ Գրիգորյանի և Յուրա Իվանյանի հայրը։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Յուրա Իվանյանը փոխել է իր ազգանունը: Հավանաբար նոր ազգանվան հիմք է վերցրել պապի՝ Իվան Գրիգորյանի անունը:

Այսպիսով, Յուրա Իվանյանի իրական ազգանունը Գրիգորյան է:

Յուրա Իվանյանի(Գրիգորյանի) իրական ազգանունը պարզելուց հետո անդրադառնանք բնապահպանության նախկին նախարար, Ամուլսարի նախագծի դրական եզրակացությունը հաստատած Արամայիս Գրիգորյանի հետ կապին:

Արամայիս Գրիգորյանի եղբայրը նախկին ԱԺ ՀՅԴ-ական, այնուհետև ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանն (Ավշարի Արայիկ) է: Նկարները՝ ստորև.

 Քանի որ Թեմուր Գրիգորյանը մահացած է, ընտրողների ռեգիստրով չէինք կարող պարզել վերջինիս հայրանունը: Սակայն Ավշարի գինու գործարանի մասին պատմող տեսանյութերից (03:11 րոպեից) մեկում երևում է գործարանի դիմաց կանգնեցված Թեմուր Գրիգորյանի արձանը, որի վրա գրված է նաև նրա անունը, ազգանունը և հայրանունը՝ Թեմուր Իվանի Գրիգորյան:

Ինչպես տեսնում ենք, և՛  Սերյոժա Իվանի Գրիգորյանի (Յուրա Իվանյանի հայրը),  և՛ Թեմուր Իվանի Գրիգորյանի (Արամայիս Գրիգորյանի հայրը) հայրը նույն անձն է՝ Իվան Գրիգորյանը: Հետևաբար, Արամայիս Թեմուրի Գրիգորյանը և Յուրա Սերյոժայի Իվանյանը (Գրիգորյանը) հորեղբոր տղաներ են:

Միաժամանակ, Յուրա Իվանյանի (Գրիգորյան) քույրը՝  Ոսկեհատ Գրիգորյանը աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում՝ որպես կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ:

 

Ընդ որում, Ոսկեհատ Գրիգորյանի նախկինում Բնապահպանության նախարարությունում աշխատելու վկայություններ կան դեռևս 2014 թվականից, երբ Բնապահպանության նախարարը Արամայիս Գրիգորյանն էր:

Քանի որ արդեն նշել էինք Արամայիս Գրիգորյանի և Յուրա Իվանյանի (Գրիգորյանի) հորեղբոր տղաներ լինելու փաստը, ստացվում է, որ Արամայիս Գրիգորյանը նաև Ոսկեհատ Գրիգորյանի հորեղբոր տղան է:

Infocom-ն այս հետաքննության միջոցով փորձեց ցույց տալ Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի (Գրիգորյան) և 2016 թ.-ին Ամուլսարի նախագծի  դրական եզրակացությունը հաստատած նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապը: Այս փաստերի՝ Ամուլսարի գործի քննության օբյեկտիվության վրա ազդեցության եզրակացությունները թողնում ենք ձեզ:

Արփի Ավետիսյան, Սևակ Մամյան 

x