Կոռուպցիայի պատճառով հասցված վնասի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով, ինչը հանրությունն իրավունք ունի ակնկալել. Փաշինյան |aysor.am|

aysor.am։ Հայաստանը կոռուպցիան արմատախիլ անելու ամբողջական պայքար մղելու քաղաքական կամք ունի և հետևողական է այս հարցում, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս պահին կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի վերականգնման մակարդակը ակնկալածից ցածր է:

«Կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունը, քննությունները և առավել ևս կոռուպցիայի պատճառով հասցված վնասի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով և մասշտաբներով, ինչը հանրությունն իրավունք ունի ակնկալել», - ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ վերը նշվածը պայմանավորված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ խնդիրներով, որոնցում առաջնահերթ տեղ են զբաղեցնում ինստիտուցիոնալ խնդիրները:
«Մենք այս առումով պետք է հետևողական գտնվենք, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի ստեղծմամբ ամրապնդենք», - ասաց վարչապետը:

Վերջինս նկատեց՝ այդ ուղղությամբ արդեն իսկ մեծ աշխատանք է արվել, մասնավորապես՝ կառավարությունը կողմնորոշվել է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մեջ:
«Կոռուցիայի դեմ պայքարում մեր կառավարությունը լինելու է հետևողական, այստեղ կոմպրոմիսները բացառվում են: Մենք քաղաքական խնդիր ենք դրել, որ ՀՀ-ում կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորվի», - եզրափակեց խոսքը նա:

x