Պետք է բալանսավորել անշարժ գույքի շուկան. Փաշինյան |pastinfo.am|

pastinfo.am։ «Մեր կառավարության համար ծրագրային է Հայաստանի տնտեսության արտահանման միտվածությունը։ Այսինքն՝ մենք պատկերացնում ենք, որ արտահանման ճյուղերը պետք է զարգանան, և դա լինի մեր տնտեսության կարևոր բնորոշիչներից մեկը»,-այս մասին այսօր արտահանողների և տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ Կառավարության ծրագրային դրույթներից է նաև մշակվող արդյունաբերությանն աջակցելը և դրա համար լուրջ աշխատանքներ են տարվում։

«Սա այնքան էլ պարզ թեմա չէ, քանի որ որևէ աջակցության ծրագիր իրականացնելիս պետք է համոզվել, որ այդ աջակցությունն իրապես նպաստում է, որպեսզի ոլորտները զարգանան, դառնան առավել մրցունակ։ Մենք պետք է համոզված լինենք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում, որն արդյունքում բերում է շղթայական ռեակցիայի և աջակցություն է դառնում այլ ոլորտների համար»,-ասել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով, կառավարությունը նման հանդիպումների միջոցով ցանկանում է ճիշտ ընկալել գործարարների կողմից եկող ազդակներն ու դրանք ճիշտ կերպով կառավարել, դրանց արձագանքել։

«Շինարարության ոլորտում նույնպես մենք շատ լուրջ հետաքրքրություն ունենք, որպեսզի աջակցության ճիշտ բանաձևեր կիրառենք, քանի որ, երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր անշարժ գույքի շուկայում, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկն աճում է, առաջարկը չի աճում և այդ պայմաններում գների էական աճ կա»,-ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը կարեւորեց՝ անշարժ գույքի շուկայի բալանսավորումը, որ առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ լինի՝ շուկայում ցնցումներ չլինելու համար։

«Մեր տեսլականը հետևյալն է, որ Հայաստանում մշակող արդյունաբերությունը պետք է զարգանա և դառնա Հայաստանի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը։

Իհարկե, մենք այս խոսակցությունը մի փոքր տարբերակում ենք տեխնոլոգիական ոլորտի և բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության ոլորտների հետ խոսակցությունից։ Նրանց հետ խոսակցությունը մի փոքր այլ նրբերանգներ ունի»,-ասել է ՀՀ վարչապետը։

x