Կառավարությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի ԱԻՆ աշխատողների սոցիալական պաշտպանվածությանը. Փաշինյան |aysor.am|

aysor.am։ Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի ԱԻՆ աշխատողները, հրշեջներն իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը կանգնեցնել բավական լուրջ աղետների առաջ, այսօր՝ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանն, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այդ անձնուրաց աշխատանքի առիթով։ Ուզում եմ հույս և համոզմունք հայտնել, որ առաջիկայում էլ այդ աշխատանքի մեջ կլինեք նույնքան նվիրված», - շեշտեց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց՝ արտակարգ իրավիճակներն արդյունավետ կառավարելու հարցը պետք է լինի կառավարության օրակարգում՝ մշտական ուշադրության կենտրոնում։

«Կառավարությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի ԱԻՆ աշխատողների սոցիալական պաշտպանվածությանը, ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիակական հագեցվածության խնդրին, նույնքան մեծ ուշադրություն դարձնի արտակարգ իրավիճակների նկատմամբ մեր քաղաքացիների իրազեկվածության աստիճանի բարձրացմանը։ Մենք առավել մեծ ռեսուրսներ և ժամանակ պետք է ծախսենք կանխարգելման աշխատանքներ իրականացնելու համար», - ասաց գործադիրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԱԻՆ-ի դերը յուրաքանչյուր օրվա հետ մեծանում է, փրկարար ծառայության հանդեպ վստահելիության մակարդակն՝ ավելանում։

«Համոզված եմ, որ բոլորդ կշարունակեք ձեր նվիրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին։ Բարի, անփորձանք և արդյունավետ աշխատանք եմ մաղթում», - նշեց վարչապետը։

x