ՌԴ ԱԳՆ-ն՝ ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների եւ ռազմագերիների փոխանակման մասին. կան գործող մեխանիզմներ |news.am|

news.am։ Այս հարցերն անհրաժեշտ է լուծել գոյություն ունեցող՝ դրա համար սահմանված ձեւաչափերում, դրանք կան։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների եւ ռազմագերիների հետ կապված հարցին, միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ չի համարում լրացուցիչ քաղաքական մեկնաբանություններ տալ այդ հարցերի վերաբերյալ։

«Չեմ կարծում, թե այժմ անհրաժեշտություն կա իմ կողմից լրացուցիչ քաղաքական մեկնաբանություններ տալու, քանի որ մենք իսկապես ունենք գործող մեխանիզմներ։ Եվ համանախագահները կարող են անհրաժեշտության դեպքում գործի դնել լրացուցիչ մեխանիզմները կողմերին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է նա։

Միեւնույն ժամանակ, Զախարովան ավելացրել է, որ եթե համապատասխան կողմերն ունեն լրացուցիչ աջակցության անհրաժեշտություն, օրինակ՝ այդ նույն Ռուսաստանի կողմից այդ հարցով, ապա դա կարող է քննարկվել երկկողմ ձեւաչափով, դիվանագիտական խողովակներով։

Նշենք, որ օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ օգոստոսի 12-ին, ժամը մոտ 12.00-ին, ՊԲ զորամասերից մեկի պաշտպանական տեղամասերից մեկում, որը տեղակայված է զորքերի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավարեւելյան ուղղությունում, մարտական դիրքը լքել էր զինծառայող, 2000 թվականին ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի ուշ, հղում կատարելով ԱՀ ռազմական գերատեսչությանը, տեղեկացրել են, որ զինծառայողն իրենց մոտ է։ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համոզված է, որ զինծառայողը ադրբեջանական կողմում է հայտնվել, քանի որ մոլորվել է տեղանքում։

x