Մեկ տարվա ընթացքում հայկական ավիաընկերություններն ավելացած նոր ուղությունների գերակշիռ աճ են ապահովել. Ռեւազյան |armtimes.com|

armtimes.com: Վերջին շրջանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կադրային լուրջ փոփոխություններ եղան:

Տեղեկություններ տարածվեցին, որ ոլորտի փորձառու, որակավորված մասնագետներն այլեւս չեն ցանկանում մնալ քաղավիացիայում եւ մեկը մյուսի հետեւից լքում են աշխատանքը, նախ՝ որովհետեւ մասնավոր սեկտորում ավելի պահանջված են եւ հետո՝ չեն կիսում քաղավիացիայի ղեկավարության, մասնավորապես Տաթեւիկ Ռեւազյանի քաղաքականությունը: Հուլիսի 10-ին լրացել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի պաշտոնավարման մեկ տարին: Ոլորտում իրականացված փոփոխությունների, խնդիրների եւ հետագա ծրագրերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Տաթեւիկ Ռեւազյանի հետ:

- Տիկին Ռեւազյան, արդյունավետ համարո՞ւմ եք ձեր այս մեկ տարվա աշխատանքը, ի՞նչ արդյունքների եք կարողացել հասնել:

- Քաղաքացիական ավիացիայի ոլորտում այս մեկ տարվա ընթացքում գրանցվել են մի շարք դրական արդյունքներ, որոնք են.

  1. Փոքր ավիացիայի զարգացմանը խթանող մի շարք աշխատանքներ, մասնավորապես վերջերս մենք գրանցեցինք 2 Cessna տիպի ինքնաթիռ:
  2. Մի շարք օտարերկրյա ավիացիոն մասնագետների այցը Հայաստան, որոնք անցկացրել են անվճար դասընթացներ մեր մասնագետների համար, օրինակ՝ Ջո Սուլթանան, որը Եվրակոնտրոլ կազմակերպության լավագույն նավիգացիոն մասնագետն է, Սայմոն Նեյթոնը, որը Կոպենհագենի օդանավակայանի նոր ուղղությունների զարգացման գծով մասնագետ է եւ այլն:
  3. Աշխատանքներ են տարվում նաեւ օրենսդրական փոփոխություններ կատարել օդի տուրքի վերաբերյալ՝ վերացնելով այն նոր ուղղությունների համար:
  4. Բաց դռների քաղաքականություն կոմիտեում. այս մեկ տարում Պոլիտեխնիկական համալսարանի 20-ից ավելի ուսանողներ իրենց պրակտիկան են անցել ՔԱԿ-ում, ինչպես նաեւ ՔԱԿ-ը հյուրընկալել է օտարերկրյա 8 ուսանողների տարբեր ժամանակահատվածներում:
  5. Սերտ համագործակցություն է ձեւավորվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի եւ մասնավոր հատվածի միջեւ (օրինակ՝ անօդաչու թռչող համակարգեր շահագործող կազմակերպությունների հետ, ընդհանուր նշանակության ավիացիայով (փոքր ավիացիա) հետաքրքրված անձանց եւ կազմակերպությունների հետ):
  6. Այս մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվել է արդյունավետ բանակցություններ վարել Եվրոպական 2 բյուջետային ավիաընկերությունների հետ՝ ՌայանԷյր եւ ՎիզԷյր: Նշեմ, որ մենք արդեն բանակցությունների վերջնական փուլում ենք ՌայանԷյրի եւ Վիզէյրի 2020 թվականի ամռանը հայկական շուկա մուտք գործելու ուղղությամբ:

- Որոշ դժգոհություններ կան ձեր աշխատանքից, այդ մասին են բարձրաձայնում նաեւ ոլորտի մի շարք մասնագետներ: Նրանք նշում են, որ ձեր պաշտոնը պետք է զբաղեցնի ոլորտին տիրապետող գիտակ մարդ: Ըստ ձեզ, օբյեկտի՞վ են այդ դժգոհությունները:

- Դժգոհությունը կամ գոհունակությունը սուբյեկտիվ կարծիք է եւ չեմ կարծում, որ ընդհանրացնելու կարիք կա։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի դռները միշտ բաց են ոլորտի զարգացման նպատակով կառուցողական քննարկումների համար։ Մեր գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացումն է՝ միտված պահպանելու թռիչքների անվտանգության բարձր մակարդակը։

- Օրերս մամուլում հրապարակվեց, որ աշխատանքից հեռացրել եք ոլորտի լավագույն մասնագետներից մեկին: Դա համապատասխանու՞մ է իրականությանը:

- Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային պիտանիության վարչության նախկին պետ Վահրամ Սայադյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Որեւէ այլ անձնական կամ գործնական տարաձայնություններ նրա հետ չեն եղել:

- Չե՞ք կարծում, որ ազգային ավիափոխադրող ունենալը շատ կարեւոր է, քանի որ դա եւ՛ ազգային անվտանգության հարց է, եւ՛ նաեւ հնարավորություն կտա ավիատոմսերի գնային քաղաքականությունն ավելի մատչելի դարձնել:

- Միանշանակ շատ կարեւոր է ունենալ հզոր տեղական ավիափոխադրող, որը կկարողանա իրականացնել իր գործունեությունը, համաձայն սահմանված պահանջների եւ չափանիշների՝ 21-րդ դարում լինելով մրցունակ ամբողջ աշխարհում: Տեղեկացնեմ, որ այս պահին Հայաստանում կան գրանցված թվով 8 օդանավ շահագործողներ:

- Լոուքոսթերներ բերելը որքանո՞վ է ազդում տոմսերի գների վրա, ինչ փոփոխություններ ունենք այս ընթացքում: Այս մեկ տարում ի՞նչ նոր չվերթներ են ավելացել:

- Ավիափոխադրողների թվի աճը ենթադրում է մրցակցության բարձրացում, որով էլ պայմանավորված՝ կանխատեսվում է ավիատոմսերի գների նվազում։ Լոուքոսթերների մուտքը շուկայի վրա կունենա դրական ազդեցություն եւ կխթանի տուրիզմի զարգացմանը։ Այս մեկ տարվա ընթացքում ավելացած նոր ուղղությունների գերակշիռ աճը ապահովվել է հայկական ավիաընկերությունների կողմից։ Դրանք են. «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը՝ Երեւանից դեպի Քուվեյթ, Նաջաֆ, Բաթումի, Թբիլիսի, «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» ավիաընկերությունը՝ Երեւանից Բաթումի, «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը՝ Երեւան-Թեհրան-Երեւան, «Սկատ» ավիաընկերությունը՝ Նուրսուլթան-Երեւան- Նուրսուլթան (վերսկսել է), «Սքայապ» ավիաընկերությունը՝ Օդեսա-Երեւան- Օդեսա, Կիեւ-Երեւան-Կիեւ, «Ազիմուտ» ավիաընկերությունը՝ Ռոստով-Երեւան-Ռոստով, Ստավրոպոլ-Երեւան-Ստավրոպոլ, Կրասնոդար-Երեւան-Կրասնոդար, «Իկար» ավիաընկերությունը՝ Սանկտ Պետերբուգ-Երեւան-Սանկտ Պետերբուրգ, Սոչի-Երեւան-Սոչի, Միներալնիյե Վոդի-Երեւան-Միներալնիյե Վոդի, Մոսկվա-Երեւան-Մոսկվա, «Նորդ Ավիա» ավիաընկերությունը՝ Սանկտ Պետերբուգ-Երեւան-Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա-Երեւան-Մոսկվա, «Տարոմ Ավիա»՝ Բուխարեստ-Երեւան-Բուխարեստ, «Յուր Էյրլայնզ»՝ Բաղդադ-Երեւան-Բաղդադ, Էրբիլ-Երեւան-Էրբիլ:

- Կարծիք կա, որ ազգային փոխադրող ստեղծելու գաղափարն այնքան էլ չի մտնում ձեր վարած քաղաքականության մեջ, ինչը հանգեցրել է մի քանի հայ օդաչուների Հայաստանը լքելուն: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

- Կարծում եմ, որ շատ կարեւոր է ունենալ ազգային ավիափոխադրող, բայց այն պետք է լինի կայուն եւ մրցունակ: Իսկ ինչ վերաբերվում է օդաչուներին, այս հարցը իր մեջ կրում է մի խումբ պատճառահետեւանքային պատասխաններ, որոնք ոչ մի կերպ չեն առնչվում իմ վարած քաղաքականությանը: Նշեմ ամենակարեւորները. «Արմավիա» ավիաընկերության սնանկացումը, ինչպես նաեւ հայկական խոշոր ավիաընկերությունների բացակայությունը, ցածր աշխատավարձերը, մասնագիտական վերապատրաստման անհնարինությունը ստիպեցին բազում բարձր որակավորում ունեցող օդաչուների աշխատանք փնտրել արտերկրում: Վերջիններս բավականին շահավետ պայմանագրեր կնքեցին օտարերկրյա ավիաընկերությունների հետ եւ մինչ օրս բարձր են պահում ազգային արժանապատվությունը՝ շարունակելով իրենց գործունեությունը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ armtimes.com-ում

x