Հայաստանը կարող է արգելափակել ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կարգավիճակ տրամադրելու հարցը. ԱԳՆ |news.am|

news.am: Հայաստանը կարող է արգելափակել ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հարցը: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ 1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2-րդ արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ մինչ այդ կար կետ, որում նշվում էր, որ ՀԱՊԿ-ն կարող է դիտորդ ունենալ, սակայն այդ ժամանակ դիտորդի անունը չէր նշվում: «Այժմ առաջարկվում է առավել բարձր՝ գործընկերոջ կարգավիճակ տրամադրել: Դրանց միջեւ տարբերություն կա»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ գործընկերը պետություն է, որը շահագրգռված է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խորացմամբ եւ կիսում է նրա գաղափարախոսությունը:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի համար կարեւոր է այն կետի գոյությունը, որի համաձայն՝ նման կարգավիճակ ունեցող երկրները որեւէ գործողություն չեն ձեռնարկի կազմակերպություն անդամի դեմ:

«Տվյալ դեպքում որեւէ պետություն չի կարող դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալ առանց ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնության»,- եզրափակեց Շավարշ Քոչարյանը:

x