ԵԱՏՄ-ում ամենամեծ տնտեսական աճը Հայաստանինն է․ |24news.am|

24news.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, բացառությամբ արտաքին և փոխադարձ առևտրի, մնացած ցուցանիշների գծով ԵԱՏՄ-ում աճ է գրանցվել։

2019 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում համախառն ներքին արդյունքն աճել է 1 տոկոսով։ Միության երկրների շարքում ամենաբարձր տնտեսական աճը, ինչպես անցած տարի, այնպես էլ՝ ընթացիկ տարում գրանցել է Հայաստանը՝ 6.8 տոկոս, այնուհետև Ղրղզստանը՝ 6.4 տոկոս։ Նշված ժամանակահատվածում միության ներսում ներդրումներն աճել են 2.1 տոկոսով, որի գծով ամենից բարձր աճը նկատվել է Ղազախստանում՝ 11.7 տոկոս։

Դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 տոկոսով՝ կազմելով 685.7 մլրդ ԱՄՆ դոլար։ Ռուսաստանի մասնաբաժինն ընդհանուր արդյունաբերական արտադրանքում 88,4% է, Ղազախստանինը՝ 6,5%, Բելառուսինը՝ 4,5%, իսկ Հայաստանի և Ղրղզստանի մասնաբաժինն առանձին-առանձին՝ 0,3%։ ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի վերամշակող արդյունաբերությունը՝ 62 տոկոս, ինչը նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ նվազել է 0.6 տոկոսային կետով։

ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 2.8 տոկոսով, ընդ որում համեմատաբար ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում՝ 5.6 տոկոս։ Հայաստանի գյուղոլորտի տվյալները ներկայացված են առաջին կիսամյակի տվյալներով, որոնց համաձայն անկումը կազմել է 6.5 տոկոս։

Դիտարկվող ժամանակահատվածում Միության ներսում շինարարության ծավալներն աճել են 0.8 տոկոսով, սակայն Ղրղզստանում և Հայաստանում նկատվել է ոլորտի անկում համապատասխանաբար 0.4 և 16.3 տոկոսներով։

ԵԱՏՄ-ում մանրածախ առևտուրն աճել է 2 տոկոսով, որի գծով ամենաբարձր աճը գրանցվել է Հայաստանում՝ 8.2 տոկոս, ապա Ղազախստանում՝ 5.4 տոկոս։

Ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ծավալները ևս աճել են՝ համապատասխանաբար 6.6 և 1.2 տոկոսներով։

ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 5.4 տոկոսով, իսկ արտաքին առևտրի ծավալները կրճատվել են 2.2 տոկոսով։ Արտաքին առևտրի ծավալների աճ է գրանցվել Միության անդամ երկրներից միայն Հայաստանում և Բելառուսում, իսկ փոխադարձ առևտրի ծավալներն աճել են միայն Ղազախստանում։

ԵԱՏՄ անդամ երկրներից աճ են գրանցել հիմնականում տեքստիլ, տեքստիլ ապրանքներ և կոշկեղեն ապրանքախմբի արտահանումը, որն աճել է 7.1 տոկոսով, իսկ մետաղից և դրանից պատրաստված իրերի ներմուծումն ավելացել է 4.7 տոկոսով։ Արտահանման ապրանքային կառուցվածքում գերակշռում են հանքային ապրանքները (67,8%), իսկ ներմուծման կառուցվածքում մեծ տեղ են զբաղեցնում մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցները՝ 43.2 տոկոս, քիմիական արդյունաբերության արտադրանքը՝ 18.9 տոկոս, սննդամթերք և գյուղատնտեսական արտադրանքը՝ 12 տոկոս։ 2019 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի արտահանման ապրանքային կառուցվածքում ՀՀ-ից հանքային ապրանքների արտահանումն աճել է 66.5 տոկոսով։

 

x