Արցախը պատրաստվում է ընտրություններին. Որևէ լարվածություն չկա. ԿԸՀ փոխնախագահ |aaysor.am|

aysor.am։ Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքում կկայանան ՏԻմ ընտրություններ:

Առաջադրվել է 41 թեկնածու և 1401 ավագանու անդամ, որից 7-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանն աննախադեպ է համարում այս ընտրությւուններին դիտորդական կազմակերպութունների գրանցումը:

«Ներկայում հավատարմագրվել է հայաստանյան չորս դիտորդական կազմակերպություն 144 դիտորդով, վեց տեղական կազմակերպություն՝ 168 դիտորդով, 12 լրատվամիջոց՝ 38 լրագրողով, չորս հայաստանյան լրատվամիջոց՝ 12 լրագրողով», - լրագրողների հետ զրույցում ասաց Արզումանյանը, Արցախից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը:

ԿԸՀ նախագահի տեղակալի խոսքով՝ նախորդ ՏԻՄ ընտրությունների դեպքում Արցախում գրեթե չեն եղել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ:

«Հիմա, իրոք որ, աննախադեպ է, 400-ից ավելի դիտորդի ենք սպասում», - ասաց նա:
Թե ինչով է պայմանավորված ակտիվությունը, Եղիշե Արզումանյանի խոսքով, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում կազմակերպությունները ցանկանում են արդար ընտրություններ տեղի ունենան:

ԿԸՀ նախագահի տեղակալը վստահեցրեց՝ որևէ լարվածություն չկա:
«Գրեթե ավարտվել են բոլոր կազմակերպչական աշխատանքները, թերթիկները տպագրված են 103 հազար 14 ընտրողի հաշվարկով: Վաղվանից բոլոր հանձնաժողովները կստանան թերթիկները», - ասաց Ե. Արզումանյանը:

x