ՄԻՊ-ը պաշտոնական պարզաբանում կպահանջի Կ. Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի մասին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ պաշտոնական պարզաբանում կպահանջի Մշակույթի նախարարի պաշտոնակատարից Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի մասին:

«Կոնստանտին Օրբելյանին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո խոսել եմ մաեստրոյի հետ:

Հաշվի առնելով, որ հարցն առնչվում է մաեստրոյի իրավունքների երաշխավորմանը՝ որոշում եմ կայացրել քննարկման վարույթ սկսելու մասին: Երկուշաբթի պաշտոնական նամակով պարզաբանումներ կպահանջվեն Մշակույթի նախարարի պաշտոնակատարից Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի և պատճառների մասին:

Այս պահին ի գիտություն եմ ընդունել Մշակույթի նախարարության և նախարարի պաշտոնակատարի հրապարակային պարզաբանումները»,-գրել է նա:

x