Թալիշի վերականգման աշխատանքները հիմնականում ավարտվել են, բոլոր բնակիչների վերադարձը նախատեսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին. ԱՀ պետնախարար |tert.am|

tert.am: Թալիշի վերականգնման աշխատանքները հիմնականում, կարելի է ասել, ավարտին են մոտենում: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Բավականին մեծ աշխատանքներ են իրականացվել, ներկա պահին արդեն իսկ բնակիչների վերադարձման գործընթացը, կարելի է ասել, սկսվել է, այս պահի դրությամբ չորս ընտանիք արդեն վերադարձել են:

Բոլոր թալիշցիների վերադարձը նախատեսվում է իրականացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում: Մենք նախատեսել ենք նաև դպրոցի, մանկապարտեզի գործունեության վերականգնումը Թալիշում, այնպես որ, դրանք նաև լրացուցիչ աշխատատեղեր են գյուղի բնակչության համար»,-մանրամասնեց նա:

Անդրադառնալով հարցին, թե որքան գումար է հատկացվել Թալիշի վերակառուցման համար, պետնախարարն ասաց.

«Թալիշի վերածննդի համար ծախսվել են ոչ միայն բյուջետային միջոցներից, նաև՝ Համահայկական հիմնադրամի միջոցները: Կարող եմ ասել, որ մոտ մեկ միլիոն դոլար պետական բյուջեի միջոցներից է ծախսվել, մոտավորապես այդքան գումար էլ Համահայկական հիմնադրամից միջոցներից, այնպես որ, վերականգնման ընդհանուր գումարը կազմում է շուրջ երկու միլիոն դոլար»,-ընդգծեց նա:

x