Արցախում ընտրությունից առաջ կաշառքի դեպք է արձանագրվել. ոստիկանությունը ժամը 20։00-ից անցնելու է ուժեղացված ծառայության |aysor.am|

aysor.am։ Արցախում նախընտրական շրջանում ոստիկանության կողմից գրանցվել է երեք միջադեպ, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Արմեն Մովսիսյանը։

«Ոստիկանությունը համապատասխան ստուգումներ է իրականացնում», - ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ Ասկերանի շրջանի համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը, ներկայանալով բնակիչներից մեկի տուն, առաջարկել է իր օգտին քվեարկել՝ տալով տասը հազար դրամ։

«Ստուգում ենք տեղեկությունները, բավարար հիմքերի դեպքում քրեական գործ հարուցելու կամ մերժելու կապակցությամբ», - ասաց նա։

Ընտրախախտման դեպքեր են արձանագրվել Շուշիում ու Ստեփանակերտում։

Արցախի ոստիկանապետի կողմից կա հրահանգ, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է օգոստոսի 26-ից։

Արմեն Մովսիսյանը վստահեցրեց՝ որևէ լարվածություն չկա, անհանգստանալու որևէ առիթ չկա։

Արցախի ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետն էլ ասաց, որ այսօր ժամը 20։00-ից սկսվելու է խստացված ռեժիմով ծառայությունը։

x