Նիկոլ Փաշինյանը չէր սպասում նման բան. Իշխանությունը հետ գնաց

lragir.am։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական կյանքը, որն ավելի քան մեկ տարի ստագնացիոն վիճակում էր, փոփոխվում է:

«Մեկ ու կես տարի բոլորն սպասում էին, որ փոփոխություններ կլինեն, խոսում էին դրա մասին, սակայն առնվազն քաղաքական ասպարեզում շատերը նկատում էին ստագնացիա, կարծես թե փլուզվել էր ներքին քաղաքական կյանքը, վակուում էր:

Այնպիսի տպավորություն էր, որ երկրում կարծես կուսակցական կյանք գոյություն չուներ: Անհասկանալի էր, թե ինչ էր կատարվում այս նոր իշխանական էլիտայի մեջ: Սակայն վերջերս արդեն տեսնում ենք, որ զարգացման պրոցես է տեղի ունենում: Այն, ինչ ներկայացրեցի, սևի և սպիտակի տրամաբանության մեջ էր, սևեր ու սպիտակներ էին իջեցվել քաղաքական դաշտ, անիմաստ զրույցներ էին վարվում, ոչինչ չէր փոխվում»,- ասում է քաղաքագետը:

Հասկանալու համար, թե ինչ է փոխվել հիմա, Մանվել Սարգսյանի խոսքով, պետք է տեսնել, թե գաղափարական ինչ փոփոխություններ են եղել երկրում, դա շատ էական է:
«Հասկացանք՝ իշխանությունը փոխվեց, բայց գաղափարական տեսանկյունից ի՞նչ է փոխվել, չէ՞ որ ի վերջո գաղափարների շուրջ է մոբիլիզացիա գնում: 1992 թվականից Հայաստանում ներքին քաղաքականության մեջ գոյություն ուներ ընդամենը մեկ գաղափար: Հենց 92 թվականից, երբ արդեն առաջին ընդդիմությունն ստեղծվեց՝ գաղափարը եղավ իշխանափոխությունը:

Ցանկացած ուժ, որը դուրս էր գալիս ու հակադրվում գործող համակարգին, ասում էր՝ իշխանափոխություն: Երբ հարց էին տալիս՝ ինչո՞ւ իշխանափոխություն, ասում էին՝ հանցավոր ռեժիմը երկիրը հասցրել է անդունդի եզրին, մենք բացատրելու ժամանակ չունենք: Ոչ մի ծրագիր որևէ մեկը ցանկություն չուներ ներկայացնել, որովհետև չունեին էլ ծրագիր: Այդպես շարունակվեց մինչև 2018 թվական, երբ իշխանափոխություն եղավ»,- ասաց նա:

Ըստ Մանվել Սարգսյանի՝ երբ իշխանությունը փոխվեց, գաղափարները վերացան, որովհետև պարզվեց՝ այս երկրում մեկ գաղափար կար, և այսքան տարի ժողովուրդը սպասում էր այդ գաղափարի շուրջ ստեղծված ծրագրի իրականացմանը: Ծրագիրն իրականացվեց, բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ այն ուժը, որը եկավ իշխանության, մնացին առանց գաղափար:

Դրանից, ըստ քաղաքագետի, սկսվեց այդ վակուումը, որևէ գաղափար չկար, որը կարող էր մարդկանց հետաքրքրել: Եվ այդ վակուումի մեջ որոշ ուժեր նորից սկսեցին ասել՝ «մեր նպատակն իշխանափոխությունն է»: Բայց ժողովրդին դա այլևս չհետաքրքրեց:

Մանվել Սարգսյանի խոսքով, բոլորիս աչքի առաջ ի հայտ եկած բնապահպանական խնդիրը՝ Ամուլսարի հանքավայրի հարցը, իրավիճակ փոխեց: Այս հարցի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, և մարդիկ հակադրվեցին գործող իշխանություններին: Ըստ Մանվել Սարգսյանի՝ որևէ մեկը չէր սպասում, որ Նիկոլ Փաշինյանի ցուցակով ընտրված մարդիկ կարող են խոսել նրա դեմ:

Որևէ մեկը չէր էլ սպասում, որ կարող է երկրում մի վիճակ ստեղծվել, որ մարդիկ ասեն՝ ոչ, այդպես չէ, այսպես է: Դա եղավ, բայց թե ուր է դա տանելու, դժվար է ասել, կախված է նրանից, թե ինչպես կլուծվի Ամուլսարի խնդիրը:

Մանվել Սարգսյանի խոսքով՝ այս իշխանությունը, անձերը կապ չունեն, սա 2010 թվականին Հայաստանում կատարված պրոցեսների արդյունք է: Հիմքում դրված են էկոլոգիական խնդիրների շուրջ ձևավորված շարժումները: Հենց այդ շարժումներն սկսեցին ձևակերպել նոր քաղաքական մթնոլորտ երկրում:

«Այս քաղաքացիական շարժումները ծնում էին թե պայքարի ուրիշ տեխնոլոգիաներ, թե կադրեր: Եվ երբ խնդիր դրվեց ապամոնտաժելու նախկին համակարգը, ի վերջո այս նույն տրամաբանությամբ ու կադրերով շարժումը, որն արդեն համաժողովրդական ալիք ստեղծեց, հեռացրեց այդ իշխանությանը: Այս իշխանության որակը մենք հասկացանք, թե որտեղից եկավ: Այս իշխանությունն ինչ ասես կարող էր անել, ինչ խնդիր ասես կարող է չլուծել՝ արհամարհելով ժողովրդին, բացի մեկ խնդրից՝ բնապահպանական:

Հենց նա փորձեց հակադրվել ժողովրդին այս հարցում, անմիջապես իշխանությունն սկսեց ճաքեր տալ: Նիկոլ Փաշինյանը երբեք չէր սպասում նման բան: Հիմա կարծես թե դա հասկացել են և փորձում են լուծում տալ: Տեսականորեն այս խնդիրն իր մեջ այնքան պոտենցիալ ունի, որ Նիկոլ Փաշինյանին կարող է դնել ճիշտ Սերժ Սարգսյանի վիճակում:

Այսինքն՝ այն, որ Սերժ Սարգսյանի պառլամենտը ուրիշ վարչապետ նշանակեց, Նիկոլ Փաշինյանի ցուցակով ընտրված պառլամենտն էլ կարող է ուրիշ վարչապետ նշանակել: Սա ամենահետաքրքիր երևույթն է, որն արդեն իսկ ցույց է տալիս, որ մենք կարող ենք ստագնացիայից դուրս գալ: Եվ այսպիսով՝ Հայաստանում մեռավ սևերի ու սպիտակների դարաշրջանը, որովհետև սևերի կեսն ասում է պետք է բացել հանքը, մյուս կեսն ասում է՝ ոչ, նույնը սպիտակների դեպքում է»,- ասաց նա:

Եվ, ըստ քաղաքագետի, Հայաստանում այլևս չկա մեկը, ով հույս կունենա ավտորիտար իշխանություն ստեղծել:

Քաղաքագետը նկատում է, որ այս ամենի ֆոնին իշխանությունը հանկարծակի հայտարարեց, որ երկու կարևոր օրենքներում՝ Ընտրական օրենսգրքում ու Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ են անում: Սա, ըստ նրա, շաղկապված է վերոնշյալ խնդիրների հետ: Իշխանությունը հետ գնաց, հասկացավ, որ արդեն այսպես չի կարող շարունակվել:

x