Արցախում քվեաթերթիկը ծրարի մեջ չի դրվում, ներկաներն ակամայից տեսնում են, թե ընտրողն ինչպես քվեարկեց. Իոաննիսյան |shantnews.am|

shantnews.am։ Արցախի տեղական ինքնակառավարման ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը պատմել է, որ ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող խախտումներ չեն գրանցվել: Նրա խոսքով՝ հիմնական խնդիրները կապված են ընտրական հանձնաժողովների պատրաստվածության և քվեարկության գաղտնիության ապահովման հետ:

«Խնդիրները հիմնականում օրենսդրական են: Արցախում քվեաթերթիկը ծրարի մեջ չի դրվում՝ ի տարբերություն Հայաստանի: Եվ ընտրողը քվեաթերթիկով դուրս է գալիս քվեախցիկից, ու հաճախ ընտրողները, հիմնականում տարեց մարդկանց մասին է խոսքը, դուրս են գալիս՝ քվեաթերթիկը չծալած վիճակում: Ներկաներն ակամայից տեսնում են, թե ընտրողն ինչպես քվեարկեց: Այս առումով, օրինակ` եթե քվեարկության ծրար ներմուծվեր Արցախում, սա բավականին կլուծեր այս խնդիրը»,- ասաց Իոաննիսյանը:
Նա նշեց, որ Արցախում չկան նաև էլեկտրոնային գրանցման սարքեր:

«Արցախին պետք է աջակցության ձեռք մեկնել Հայաստանի կողմից, որպեսզի Արցախը կարողանա ամբողջությամբ ընտրական ռեֆորմ իրականացնել նախքան հաջորդ տարվա մարտ ամսի նախագահի և ԱԺ ընտրությունները»,- ասաց Իոաննիսյանը:

Հարցին, թե արդյոք ընտրատեղամասերը հարմարեցված էին հաշմանդամություն ունեցող անձանց համար, նա պատասխանեց.

«Այս պահին անգիր չեմ տիրապետում թվերին, բայց հիշում եմ, որ մեր դիտարկված տեղամասերից համարյա որևիցե մեկում խոշորացույց չկար: Ես գիտեմ, որ մեր դիտարկած 40 տեղամասերից միայն 1-ն ուներ գործնականում կիրառելի թեքահարթակ»:

x