Խմբակցությունը սատարում է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած դիրքորոշմանը. Լիլիթ Մակունց |lragir.am|

lragir.am։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հանքավայրի խնդրի վերաբերյալ ուղիղ եթերից հետո լրագրողներին ասաց, որ իր ղեկավարած խմբակցությունը սատարում է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած դիրքորոշմանը։

«Ես ուզում եմ շեշտել վարչապետի խոսքի այն հատվածը, որտեղ վարչապետը նշեց որպես իրավական պետություն գործելու անհրաժեշտությունը և բացառապես այդ տիրույթում գործելը՝ միաժամանակ նշելով, որ չեն կարող հաշվի չառնվել նաև բնակիչների խնդիրները, բնապահպանական հարցերը և այլն։ Եվ այս փուլում խնդիր է դրվում, որ տեսչական մարմինն անմիջապես սկսի գորոծղություններ իրականացնել և վեր հանել խնդիրները, եթե դրանք գոյություն ունեն։

Ինչպես նաև, այս փուլում ոչ թե հանքի շահագործման մասին է խոսք գնում, այլ այն շինարարական աշխատանքների, որոնք անհրաժեշտ են առաջին փուլում։ Ընդ որում, ընդգծվեց, որ շինարարական աշխատանքների պարագայում, եթե նկատվի որևէ խախտում իրենց նշած չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Ընդհուպ, եթե 90 օրյա ժամկետում չվերացվեն խախտումները, կդադարեցվի որևէ գործողություն։ Այս դիրքորոշման հետ Իմ քայլը խմբակցությունը համաձայն է, սատարում է»,- ասաց Մակունցը։

Հարցին, թե խմբակցության բոլոր անդամնե՞րն են կողմ, նա պատասխանեց, որ վարչապետի հետ փակ հանդիպման ժամանակ չի հնչել որևէ առարկություն, որ չպետք է գնալ վերոնշյալ ճանապարհով։

x