Նիկոլ Փաշինյանը չարաշահում է լիազորությունները. բնապահպանները արձագանքում են Ամուլսարի հարցով վարչապետի հայտարարությանը.| factor.am|

factor.am: Բնապահպան Նազելի Վարդանյանը հայտարարում է, որ չի մասնակցի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մոնիթորինգային խմբի աշխատանքներին։ «Ինչո՞ւ մենք այդ ճանապարհով գնանք, եթե բոլոր խաղաքարտերը մեր ձեռքում են, երբ որ մեր էսօրվա վիճակը շատ կայուն է, հիմնավոր է և պաշտպանված ենք օրենքով, եթե մենք թույլ ենք տալիս, դուրս է գալիս՝ էս տարիուկես անօրինական փակ է եղել, այսինքն՝ մենք հիմնավորում ենք, որ կառավարությունը անօրինական է գործել, չի կարելի այդ ճանապարհով գնալ և ողջ մեղքը բարդել ժողովրդի ու պետության վրա»,- ասաց բնապահպանը։ Ամուլսարի հանքի շահագործման վտանգները բարձրաձայնող մեկ այլ բնապահպան՝ Աննա Շահնազարյանը, պնդում է՝ վարչապետը հիմնվում է «Լիդիան Արմենիայի» երդման վրա, թե կառավարելու է բնապահպանական ռիսկերը, և ոչ՝ իրավական գնահատումների։ «Լիդիանը» եթե խոստանում է, որ ջրերի աղտոտում չի լինելու, դա չի կարող մնալ որպես օդում կախված հայտարարություն։ Դա պետք է հիմնված լինի նախագծային հստակ երաշխիքներով և նախագծով, որը պետք է հաստատված լինի, նախագիծը պետք է անցած լինի փորձաքննություն՝ ՇՄԱԳ։ Ջրերը չաղտոտելու մասին խոստումը պետք է հիմնված լինի տեխնոլոգիական երաշխիքներով։ Ո՛չ գիտական, ո՛չ տեխնոլոգիական, ո՛չ ֆինանսական և ո՛չ էլ պայմանագրային նման բան տեղի չի ունեցել, որով «Լիդիանը» կարող է խոստում տալ։ Եթե բոլոր կետերը բացակայում են, վարչապետը չի կարող նման հայտարարություն անել։ Սա նշանակում է իր լիազորությունների չարաշահում»։ Աննա Շահնազարյանի համար կասկածելի է ընթացող պրոցեսը․ «Ի՞նչ է նշանակում վարչապետի մոտ քանի անգամ հրավիրել պարտքի տակ ընկած, սարսափելի ֆինանսական վիճակում գտնվող, մշտապես ստած, օրենսդրությունը խախտած «Լիդիանին» և անընդհատ իր հետ բանակցել։ Փաշինյանի հայտարարությունը խոսում է գործարքի մեջ լինելու մասին, բայց այլ ձև մեկնաբանել հնարավոր չի։ Օրինակ՝ երբ ասեց նոր ՇՄԱԳ անցկացնելու իրավական հիմք չկա, նա դա չի կարողանում ապացուցել»,- ասաց Շահնազարյանը։ ELARD ընկերության փորձագետների հետ տեսակոնֆերանսը ևս մեկ անգամ փաստել է, որ «Լիդիան Արմենիան» թերի, կեղծ տվյալներով ՇՄԱԳ է ներկայացրել, և ըստ բնապահպան Նազելի Վարդանյանի՝ կան հիմքեր՝« Լիդիանին» տրված փորձագիտական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու համար, բացի այդ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արդեն իսկ Ամուլսարի հանքի շահագործումը արգելել է ապօրինի ընդերքօգտագործման հիմքով, ու «Լիդիանը» չի կարող մուտք ունենալ սարի տարածք։ Ունենալով բոլոր հիմքերը «Լիդիանի» աշխատանքը Ամուլսարում վերջնականապես կասեցնելու, հարց է բարձրացնում տիկին Վարդանյանը, ինչո՞ւ է վարչապետը ձգում հանգուցալուծման պահը՝ հիմա էլ Բնապահպանության և ընդերքի տեսչությանը ստուգումների հանձնարարական իջեցնելով: «Արգելքը չի վերացել, այդ որոշումը ուժի մեջ է, այս որոշման առկայությամբ, օրենքի պայմաններում միջազգային նորմերի պայմաններում, որ լրիվ արգելում է այդ տարածքում անկախ ՇՄԱԳ-ից և եզրակացություններից, այդ տարածքում որևէ հանքարդյունահանման գործունեություն և այս պայմաններում թույլ տալ, որ նրանք ժամանակավոր մտնեն այնտեղ և ինչ-որ գործողություններ անեն։ Դա անթույլատրելի է, մանավանդ որ այդ գործողությունների հետևանքները ավելի լուրջ կլինեին, հետո կասեն՝ ոնց որ Թեղուտում, արդեն էնպիսի վիճակ ա, որ անկառավարելի չլինի, թող մնան ու հանքարդյունահանեն։ Այս հարցը միայն ջերմուկցիների հարցը չի, այս հարցը խորը արմատներ ունի, այս հարցը Հայաստանի և բնակչության լինել-չլինելու հարցն է և որևէ տարբերություն չկա՝ մենք հողեր կհանձնենք ինչ-որ տեղ, թե՞ մենք էստեղ են հողեր հանձնում։ Չի կարելի կիսատ-պռատ լուծումներ տալ, դրանք հղի են բարդ հետևանքներով։ Ուզում ենք գնալ կարճ ճանապարհով ու մեկ-երկու տարվա ընթացքում արգելել, ինչը ավելի մեծ բարդություններ է առաջացնելու երկրի համար»,- ասաց Նազելի Վարդանյանը։ Արձագանքելով վարչապետ Փաշինյանի կոչին՝ ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները, ջերմուկցիներն այսօր երեկոյան հրավիրված հանրային քննարկման ժամանակ կձևավորեն դիրքորոշում և ի լուր բոլորի կտեղեկացնեն, Factor TV-ին փոխանցեց Ամուլսարի հանքի շահագործմանն ընդդիմացող Ջերմուկի բնակիչներից Շիրակ Բունիաթյանը։ Միևնույն ժամանակ հավաստիացրեց՝ ոչ մի պարագայում ջերմուկցիները չեն պատրաստվում բացել ճանապարհները։ «Ոչ մի բան չի փոխվել, վստահաբար, մարդկանց տրամադրությունն ավելի է վատացել, ասում են՝ ELARD-ը կարծիք հայտնեց, բայց հանքը բացում են, տրամադրված են մարդիկ։ Պնդում են, որ իրենց կյանքի գնով պահելու են Ամուլսարը»,- ներկայացրեց Բունիաթյանը։

Ամբողջական հոդվածը` factor.am

 

x