Հայաստանը փոխադարձությամբ կարգելի ՌԴ վարորդական իրավունքով վարորդ աշխատելը Հայաստանում․ նախագիծ |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողով ներկայացված նոր օրենքով կարգելվի տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջապես կապված ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեությունը օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։ Նախագիծն այսօր ԱԺ քննարկմանը ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։

Այս արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։

«Կարծում եմ՝ ձեզ հայտնի է, որ ազգությամբ հայ քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում ունեն այս խնդիրը, և երկար ժամանակ այս խնդիրը չի լուծվում, քանի որ ռուսական իշխանությունները դեռևս օրինագծին պատշաճ ընթացք չեն տվել։ Մենք ավելի առաջ ենք գնում և հստակ ամրագրում ենք, որ եթե ապահովվի փոխադարձության սկզբունքը, ապա մենք ևս այս բացառությունը կանենք ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ»,- բացատրեց փոխոստիկանապետը։

Պաշտոնյան հայտնեց, որ այլ երկրներում տրված ազգային վարորդական վկայականներն էլ փոխադարձությամբ Հայաստանի տարածքում գործող կհամարվեն, եթե այն ներկայացվի հայերեն թարգմանությամբ։

x