Հիմք չունեմ չվստահելու մեր կառավարությանը. Հրաչյա Հակոբյանն՝ Ամուլսարի մասին |aysor.am|

aysor.am։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշում է, որ այսքան ժամանակ Ամուլսարի մասով դիրքորոշում չի հայտնել, քանի որ ինքը մասնագետ չէ, մինչդեռ այս հարցով նախընտրում է վստահել կառավարությանը:

«Ի՞նչ է մնում այս դեպքում, մնում է վստահել կառավարությանը: Որևէ հիմք չունեմ չվստահելու, եթե կառավարությունը երաշխավորում է, որ եթե լինեն ռիսկեր, իրավական հիմնավորմամբ կարգելեն շահագործել: Ինձ այլ բան չի մնում, քան՝ հավատալ կառավարությանը», - պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի հանքի շահագործման մասին, ասաց Հակոբյանը:

Անդրադառնալով հանքի շահագործման վերաբերյալ եղած դժգոհությունների՝ պատգամավորը նշեց՝ թեև կան բնապահապաններ, ովքեր սրտացավ են, բայց մի խումբ մարդիկ էլ ուղղորդվում են տարբեր ուժերի կողմից:

«Չունեմ փաստեր, բայց այդ խոսակցությունն օդի մեջ կանգնած է: Ուզում եմ մի հետաքրքիր բանից խոսել, ինչո՞ւ երբ թույլ էին տալիս Ամուլսարի վրա այդ 400 մլն դոլարը ներդնել, շենք- շինություն սարքել այդքան հաճախ ֆեյսբուքում չէինք հանդիպում saveamulsar հեշթեգին, որին այս վերջին ամիսների ընթացքում ավելի հաճախ ենք հանդիպում: Ի՞նչ էին անում այդ մարդիկ, երբ այդ թույլտվությունը տրվեց Լիդիանին, երբ այդ սարի վրա սկսեց կառուցվել այդ շինությունը», - ասաց Հակոբյանը:

Դիտարկմանը՝ խմբակցությունում կա՞ միասնական դիրքորոշում հանքի շահագործման վերաբերյալ, քանի որ դեմ արտահայտվող պատգամավորների մի մասն այս օրերին խուսափում է խորհրդարան գալ կամ էլ լրագրողների հարցերին պատասխանել՝ Հակոբյանն ասաց՝ հույս ունի, որ Փաշինյանի կողմից հավաստումներ ստանալուց հետո իր գործընկերների տեսակետը ևս փոխվել է.

«Մի որոշ ժամանակ առաջ ես էլ չէի կողմնորոշվում կողմ եմ, թե դեմ եմ, հիմա հասկանում եմ, որ որևէ հիմք չունեմ չվստահելու մեր կառավարությանը» - նշեց նա:

x