RElection [#3] Ընտրողներն ու դիտորդները ևս պետք է օժտված լինեն ընդհանուր իրավախախտումները վիճարկելու իրավունքով․ Գենյա Պետրոսյան

Ընտրական իրավունքի թեմայով RElection հարցազրույցների շարքի շրջանակում զրուցել ենք «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի տնօրեն Գենյա Պետրոսյանի հետ։ Հարցազրույցի թեման ընտրախախտումների հիման վրա բողոքարկման գործընթացն ու դրա արդյունքներն են։

 -Ի՞նչ հիմնական խնդիրներ կառանձնացնեք, որ կան Հայաստանում՝ կապված ընտրախախտումների, ընտրական հանձնաժողովների որոշումների բողոքարկման գերծընթացների հետ, և այս մասով օրենսդրական ի՞նչ բարեփոխումների անհրաժեշտություն եք տեսնում:


-ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից բարձրացվել են ընտրությունների ընթացքում բողոքարկման գործընթացում հետևյալ հարցերը՝ ընտրական հանձնաժողովների կողմից ֆորմալիստական մոտեցումների դրսևորումը բողոքների քննության նկատմամբ, այսինքն` այն հարցը, որ, ըստ էության, արդյունավետ քննություն չի իրականացվում այն բողոքների, խախտումների վերաբերյալ, որոնք բարձրացվում են համապատասխան ընտրական հանձնաժողովների առջև:

Հաջորդ խնդիրը ցածր վստահության մակարդակն է՝ թե՛ ընտրական հանձնաժողովների կողմից ընտրական վարչարարության և թե՛ վարչական դատարանի նկատմամբ՝ ընտրությունների հետ կապված գործերով: Բարձրացված են նաև բողոքարկման գործընթացում ընտրությունների արդյունքները վիճարկելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների գործողությունները և որոշումները վիճարկելու իրավունք ունեցող սուբյեկտների նեղ շրջանակի վերաբերյալ խնդիրը։ Մասնավորապես, շեշտադրվել է, որ շատ սահմանափակ թվով անձինք են, որոնց նման իրավունք է վերապահված Ընտրական օրենսգրքով, և դիտորդը կամ դիտորդական կազմակերպությունը զրկված են նաև իրավակիրառ պրակտիկայում ընտրական հանձնաժողովների գործողությունները վիճարկելու իրավունքից:

Նաև նշեմ, որ ընտրողները ևս չունեն նման իրավունք, այնքանով, որքանով այդ գործողությունները վերաբերում են ոչ թե անմիջապես իրենց սուբյեկտիվ իրավունքի խախտմանը, այլ ընդհանուր ընտրախախտումներին։ Օրինակ, եթե ընտրատեղամասում եղել է լցոնման դեպք, սա համարվում է ընդհանուր, օբյեկտիվ ընտրախախտում, և եթե ընտրողն այդ հարցը բարձրացնի վերադաս ընտրական հանձնաժողովում կամ դատարանում, ապա ուղղակի իրավասուբյեկտության բացահայության հիմքով նրա դիմումը կմերժվի, կհիմնավորվի նրանով, որ ընտրողը տվյալ դեպքում չունի բողոքարկման իրավունք։ Մինչդեռ մենք գտնում ենք, որ ակնհայտ է՝ ընտական իրավունքը չպետք է նեղ մեկնաբանվի, և միայն այն դեպքում չէ, երբ անձը զրկվում է անմիջականորեն քվեարկելու իրավունքից, նրա ընտրական իրավունքը խախտվում է։

Բոլոր այն դեպքերում, երբ այնպիսի խախտումներ են տեղի ունենում, որոնք, ըստ էության, ազդում են իր քվեի հասցեականության վրա, խախտվում է նրա սուբյեկտիվ ընտրական իրավունքը, որովհետև իմաստազրկվում է իր ընտրությունը։ Նման դեպքերում ընտրողները, դիտորդները ևս պետք է օժտված լինեն այս խախտումները վիճարկելու իրավունքով։ Նշեմ, որ այս առաջարկը բխում է ոչ միայն պարզ տրամաբանությունից և Սահմանադրությամբ նախատեսված՝ ընտրելու իրավունքի ողջամիտ մեկնաբանությունից, այլ նաև ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափորոշիչներից, որոնք ևս նախատեսում են՝ հնարավորինս լայն շրջանակ պետք է օժտված լինի ընտրությունների արդյունքները, ընտրական հանձնաժողովի որոշումները վիճարկելու իրավունքով։

-Անդրադառնանք ընտրական հանձնաժողովների կողմից բողոքարկման գործընթացում նախատեսված ժամկետների և դրանց՝ իրավակիրառ պրակտիկայում պահպանման վերաբերյալ հարցին։ Այստեղ ի՞նչ խնդիրներ կան, և եթե ժամկետների փոփոխության անհրաժեշտություն կա, ապա ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։

-Մենք Ընտրական օրենսգրքում ունենք դրույթ, որը նախատեսում է, թե ինչ ժամկետում պետք է բողոքարկվի տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կամ գործողությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով, և ինչ ժամկետում բողոքարկված որոշումն է, որ կքննարկվի մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը: Այնպիսի հակասական ժամկետներ են սահմանված Ընտրական օրենսգրքով, որոնք, ըստ էության, բացառում են մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը տարածքային հանձնաժողովի գործողությունները, որոշումները արդյունավետ բողոքարկելու հնարավորությունը:

Այսինքն` տարածքային ընտրական հանձնաժողովը իրավունք ունի կայացնել որոշում այնպիսի ժամկետում, որի բողոքարկումը Կենտրոնական ընտրական հանձանժողովին իրավունք է վերապահում տվյալ բողոքը չքննել հենց ժամկետի հիմնավորմամբ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը: Նա արդեն դա կքննի արդյունքների ամփոփումից հետո, որը բացարձակ անիմաստ է, որովհետև, վերջիվերջո, այդ բողոքը ներկայացվում է այն նպատակով, որ գնահատվի համապատասխան խախտումների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա, մինչդեռ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո այլևս որևէ նպատակ չունի նման բողոքարկումը:

Ակնհայտորեն, թե՛ բողոքարկման ժամկետները պետք է փոխվեն, այնպիսի ժամկետներ սահմանվեն, որ ավելի արդյունավետ կդարձնեն բողոքարկման գործընթացը, թե՛ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից որոշում կայացնելու ժամկետը․ դա պետք է կրճատվի, որ հնարավորություն լինի նույն տարածքայինի որոշումը բողոքարկելու կենտրոնական ընտրական հանձնաժողովում այնպիսի ժամկետում, որ նա էլ հասցնի իր հերթին մինչև արդյունքների ամփոփումը դա քննել, որոշում կայացնել։ 

-Հասկացանք, որ ընտրողներն ու դիտորդները ընտրությունների վերահաշվարկ պահանջելու իրավունք չունեն։ Ովքե՞ր ունեն վերահաշվարկի դիմում ներկայացնելու իրավասություն և այդ գործընթացի ընթացքում ի՞նչ խոչընդոտների են բախվում առավել հաճախ։

-Իրավունք ունեն ներկայացնելու ընտրությունների հիմնական մասնակիցները՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, թեկնածուները, նաև վստահված անձը, եթե խախտված է իր կամ իր վստահորդի իրավունքը։

Միևնույնն է, նույնիսկ այս բողոքների դեպքում մենք տեսնում ենք, որ կա անարդյունավետ քննություն այն խախտումների և գործողությունների վերաբերյալ, որոնք վիճարկվում են։ Առավելապես ձևական մոտեցման դրսևորում ենք տեսնում թե՛ տարածքային ընտրական հանձնաժողովների, թե՛ ԿԸՀ-ի մակարդակով։ Ըստ էության, նաև նախատեսված ժամկետների պատճառով է, որ նրանք չունեն արդյունավետ քննություն իրականացնելու, ապացույցներ հավաքագրելու և վերջնական հիմնավորված գնահատական տալու հնարավորություն։

Կցանկանայի նաև շեշտել, որ մեր Ընտրական օրենսգիրքը նախատեսում է՝ ապացուցման բեռը կրում է դիմում ներկայացնող կողմը, մյուս կողմից ընտրական հանձնաժողովը կրում է իր որոշման հիմքում ընկած փաստերի ապացուցման բեռը։ Եվ նախատեսված է ընդհանուր դրույթ, որը հայեցողական իրավունք է տալիս ընտրական հանձնաժողովին իր նախաձեռնությամբ ապացույցներ ձեռք բերելու։ Մենք գտնում ենք, որ հայեցողական չպետք է սահմանվի այս լիազորությունը, այլ պետք է սահմանվի որպես պարտականություն։

-Վարչական իրավախախտումների դեպքում դատարան դիմելու գործընթացը բավական բարդ էր, քանի որ ուղիղ դատարան դիմելու հնարավորություն չկար, և համապատասխան ընտրական հանձնաժողովի արձանագրությունն էր անհրաժեշտ։ Այս ընթացակարգը որքանո՞վ և ինչպե՞ս պետք է պարզեցվի։

-Այս առումով կարող ենք նշել Ընտրական օրենսդրության մեջ վերջերս կատարված փոփոխությունները, այդ թվում՝ Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում կատրված փոփոխությունները, որոնք որոշակի առաջընթաց ապահովեցին այս բնագավառում․ այն բոլոր ընտրախախտումները, որոնք նախատեսված են Վարչական իրավախախտումների վերբերյալ օրենսգրքով և վերաբերում են ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումներին, կարող են անմիջականորեն դիտորդական կազմակերպության կողմից ներկայացվել դատարան:

Այսինքն` հայց ներկայացնելու իրավունքով այդ դեպքերով օժտվեցին նաև դիտորդական կազմակերպությունները և նախատեսվեց, որ այս դեպքում անհրաժեշտ չէ ընտրական հանձնաժողովի արձանագրությունը։ Դիտորդական կազմակերպությունը պարզապես հայց է ներկայացնում վարչական դատարան՝ հայցի հիմքում դնելով այն հիմնավորումներն ու ապացույցները, որոնք ձեռք է բերել իր դիտորդության ընթացքում, և որոնք վկայում են այս կամ այն սուբյեկտի կողմից վարչական իրավախատման կատարման մասին:

Այստեղ այն խնդիրը, որ մենք արձանագրել ենք, և որը նաև ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի վերջին զեկույցում է արձանագրվել, վերաբերում է պետական տուրքին։ Այս հայցադիմումներում պետական տուրքի պարտականություն է դրված դիտոդական կազմակերպությունների վրա ևս, ինչը, գտնում ենք, որ այնքան էլ տրամաբանված և հիմնավորված մոտեցում չէ՝ հաշվի առնելով, որ ի վերջո այս իրավունքով դիտորդական կազմակերպությանն օժտելու նպատակը պարզապես հանրային վերահսկողության ուժեղացումն է ընտրությունների թափանցիկության և արդարացիության նկատմամբ։ Այս պարագայում իրավաչափ չէ դիտորդական կազմակերպության վրա պետական տուրքի վճարման պարտականություն դնելը։

-Անդրադառնանք նաև ընտրախախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցներին։ Մասնավորապես, շատ էր քննարկվում ընտրակաշառքի և բարեգործության անվան տակ քողարկված ընտրակաշառքի պատասխանատվության տեսակն ու չափը խստացնելու հարցը։ Ըստ Ձեզ՝ արդյոք միայն օրենսդրական խիստ կարգավորումները բավարար են այս հարցերում լուրջ արդյունքի հասնելու համար։

-Թե՛ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության մեջ և թե՛ քրեական օրենսգրքում նախատեսվեցին փոփոխություններ, որպեսզի ավելի խստացվեն սանկցիաները համապատասխան ընտրախախտումների համար։ Բայց ի վերջո կարելի է գալ այն եզրակացության, որ խնդիրն իրականում չէր կայանում այս սանկցիաների ոչ համաչափ լինելու մեջ, թեև իհարկե ողջունելի է, որ պատասխանատվության միջոցները վերանայվեցին և հնարավորինս համապատասխանեցվեցին համաչափության սկզբունքներին, այնուամենայնիվ, հիմնական խնդիրը պատասխանատվության անխուսափելիության ապահովման հետ կապված խնդիրներն են։

Այսինքն` մենք բազմաթիվ ընտրությունների ընթացքում արձանագրում էինք այն, որ թե՛ քրեաիրավական բնույթ կրող ընտրախախտումները և թե՛ այն ընտրախախտումները, որոնց համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն, որևէ անգամ կամ գրեթե որևէ անգամ չէին հանգեցնում պատասխանատվություն համապատասխան անձի համար, նշված սուբյեկտները մնում էին անպատժելի: Եվ հենց դա էր այն հիմնական պատճառը, որ ընտրությունից ընտրություն նույն անձինք ներգրավված էին լինում ընտրակաշառքի բաժանման և այլ բնույթի ընտրախախտումների մեջ:

Իրավապահ մարմինների հետևողական մոտեցումն ու այս գործերի հետևողական քննությունն է, որ պետք է հանգեցնի իրական փոփոխության։ Մինչդեռ այդ գործերի բազմակողմանի քննության, ապացույցների հավաքագրման տեսանկյունից կա համապատասխան մարմինների կարողությունների ցածր մակարդակի հետ կապված խնդիր, երբ պարզապես բավարար մասնագիտական պատրաստվածություն չունեն այս ընտրախախտումները արդյունավետորեն քննելու համար։

Նշենք, որ յուրաքանչյուր փորձագետ, որի հետ հարցազրույց ենք անցկացնում, հնարավորություն ունի հաջորդ փորձագետին հարց ուղղելու: Մեր նախորդ զրուցակցի՝ Արթուր Սաքունցի հարցը հետևյալն է.

Անհրաժե՞շտ է նոր սահմանադրության ընդունումը Հայաստանում՝ ունենալու համար ժողովրդավարական քաղաքական համակարգ, որը կերաշխավորի արդար ընտրություններ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ, եթե այո, ապա որո՞նք են այդ մեխանիզմները, որ պետք է փոխվեն։

-Ես գտնում եմ, որ ներկայիս Սահմանադրության պարագայում ևս հնարավոր է իմ կողմից բարձրացված հարցերի մեծ մասը լուծել թե՛ Ընտրական օրենսգրքում և հարակից իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու միջոցով և թե՛ իրավակիրառ պրակտիկայում համապատասխան բարեփոխումներ նախաձեռնելու միջոցով: Այնուամենայնիվ, իհարկե, ցանկակի կլիներ նաև սահմանադրական բարեփոխումների նախաձեռնումը՝ հաշվի առնելով նաև, որ խիստ վիճահարույց է եղել հանրաքվեի արդյունքները, և այդ մասին բարձրաձայնվել է թե՛ տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից, և թե՛ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից բավական խիստ գնահատական է տրվել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումներին և դրանց քննության հետ կապված ամբողջ գործընթացին:

Այս առումով նաև նշեմ, որ բավական հապճեպ էին կազմակերպվել սահմանադրական փոփոխությունների ընդունման գործընթացները, և բազմաթիվ խնդրահարույց դրույթներ կային նախագծում, որոնք թեև բարձրաձայնվեցին շահագրգիռ անձանց, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, սակայն այդպես էլ մնացին չհասցեագրված:

Ըստ RElection-ի ձևաչափի՝ հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ փորձագետին։
Գենյա Պետրոսյանի հարցը․


-Արդյոք ներկայիս օրենսդրական կարգավորումների պարագայում, ինչպես նաև ներկայիս իրավակիրառ պրակտիկան հաշվի առնելով՝ հնարավո՞ր է ապահովել ընտրական բողոքների, ընտրախախտումների արդյունավետ քննություն տարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովներում։ Այսինքն՝ թե՛ օրենսդրության բնագավառում, թե՛ իրավակիրառ պրակտիկայում առկա իրավիճակն արդյոք թու՞յլ է տալիս արդյունավետորեն քննելու և գնահատելու ընտրախախտումների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա։ 

Աստղիկ Քեշիշյան

RElection #1



RElection #2

x