Պատգամավորի դուրս գալով՝ թիմը չպետք է կոլապսի մեջ հայտնվի. Արտակ Մանուկյանը՝ Էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելու մասին |news.am|

news.am: Ինձ համար անձնապես մեծ ցավ է Աժ պատգամավոր Էդգար Առաքելյանի մանդատ վայր դնելը, սակայն գտնում եմ, որ մի պատգամավորի դուրս գալը չպետք է բերի նրան, որ թիմը կոլապսի մեջ հայտնվի։ Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի մանդատ վայր դնելուն։

Հարցին՝ արդյոք «Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ տարակարծություններ կան, Մանուկյանը պատասխանեց. «Մեծ թիմերում սովորաբար հնարավոր են միշտ որոշակի կարգի խնդիրներ, բայց թիմը ուժեղ է նրանով, որ այդ խնդիրները հաղթահարում է եւ միասին գնում առաջ»։

Ամուլսարի հարցում իրավիճակի լուծումը, նրա խոսքով, փոխզիջումը պետք է լինի. «Պետք է փոխզիջում տեղի ունենա, քննարկում տեղի ունենա, եւ այն բոլոր մտահոգությունները, որոնք գուցե վարչապետի ելույթի ընթացքում չեն փարատվել, այս մասով եւս հավելյալ միջոցառումներ իրականցվեն, որպեսզի քննարկեն, հասկանան։

Եթե այդ հարցը նոր լիներ, այսինքն՝ նախագիծ ներկայացվեր եւ այդ նախագծին արդյունքում «Լիդիանի» շահագործելու կամ թույլտվություն տալու հարցը նոր լիներ, ինձ թվում է՝ պատասխանն ակնհայտ է բոլորի համար։ Բայց մենք հիմա գործ ունենք ներդրողի հետ ստանձնած պարտավորությունների եւ միջազգային պարտավորությունների հետ։ Բնապահպանական ռիկսերն, իհարկե, չափազանց կարեւոր են, եւ ոչ ոք չի անտեսում բնապահպանական այդ ռիսկերը, բայց չպետք է մոռանալ նաեւ տնտեսական հնարավոր ռիսկերի մասին։ Ես՝ որպես տնտեսագետ, իմ պարտքն եմ համարում բարձրաձայնել այն տնտեսական հնարավոր ռիսկերի մասին, որոնք առկա են։ Կարեւոր է նաեւ խաղի կանոնների հավասարությունը, այսինքն՝ եթե ոլորտ ունենք, որտեղ կան խաղի կանոններ, այդ խաղի կանոնները պետք է հետեւելի լինեն բոլորի համար»։

Պատգամավորը պարզաբանեց նաև, թե ինչ փոխզիջումային տարբերակ կարող է գտնվել Ամուլսարի հարցի կարգավորման հարցում.

«Փոխզիջումային տարբերակներից մեկն է հանրային մասնակցությունը մոնիտորինգի գործիքակազմի մեջ։ Այսինքն՝ եթե օրինակ ջերմուկցիներն ինչ-որ ռիսկեր, մտահոգություններ են տեսնում կամ այնքան էլ չեն հավատում, ապա հենց նրանք կարող են մասնակցել, եւ մենք կարող ենք նույնիսկ առցանց ռեժիմով հնարավորություններ ընձեռել, որոշակի ընթացակարգեր դնել հանրային վերահսկողության, այսինքն՝ մեծացնել վստահությունը գործընթացի կանխատեսելիության նկատմամբ»։

x