Sputnik Armenia լրատվական գործակալությանը կից էջերը թիրախավորել են հայկական սփյուռքը․ DFRLab

Ամերիկյան Atlantic Council վերլուծական կենտրոնի DFRLab (Digital Forensic Research Lab) խմբի իրականացրած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ “Sputnik Armenia” լրատվական գործակալության աշխատակիցների հետ կապված էջերն ու խմբերը սփյուռքին ներկայացնում  են  Կրեմլի կողմից մշակված թեզեր։

Հետաքննության թարգմանությունը ներկայացնում ենք ստորև։

DFRLab–ի հետաքննությունը պարզել է, որ վերջին շրջանում Կրեմլին պատկանող “Sputnik Armenia” լրատվամիջոցի հետ կապված անհատները ստեղծել էին ֆեյսբուքյան էջերի ու խմբերի մի լայնածավալ ցանց, որի թիրախը հայկական սփյուռքն էր։

Բացվել էին հատուկ հետաքրքրությունների էջեր՝ նվիրված սննդին, սպորտին, գեղեցիկ կանանց և այլ թեմաներին, ինչպես նաև խմբեր՝ հայկական մշակույթի, քաղաքականության ու հայի ինքնության վերաբերյալ։ Հարկ է նշել, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում խմբերի ադմիններ միաժամանակ կարող են լինել և՛ էջերը, և՛ օգտահաշիվները։

Էջերից գրեթե բոլորը ղեկավարվում էին “Sputnik Armenia”–ի աշխատակիցների կամ նրանց ընտանիքների անդամների կողմից։ Մինչդեռ խմբերը ծառայում էին որպես բովանդակության տարածման հարթակներ “Sputnik Armenia” վեբ կայքի, ինչպես նաև 2-րդ լրատվամիջոցի՝ ArmeniaON-ի համար։ Նախքան նյութի հրապարակումը, DFRLab-ը հայտնաբերված փաստերն ուղարկել է Ֆեյսբուք, որն իր հերթին որոշում է կայացրել հեռացնել հետաքննության մեջ մատնանշված էջերն ու խմբերը։

Ե՛վ մարտավարության, և՛ բովանդակության տեսանկյունից այս ցանցը շատ նմանություններ ունի “Sputnik Armenia”–ի մեկ այլ ցանցի, որի մասին DFRLab-ը խոսել է դեռևս 2019 թ․ հունվարին։

Ինչպես նախորդ դեպքում, այս ցանցի առաջնային նպատակը քաղաքական կամ գաղափարական օրակարգեր  առաջ տանելը չէր։ Հակառակը, այնպիսի տպավորություն էր, որ այն փորձում է ստեղծել վստահություն սփյուռաքահայության մոտ “Sputnik Armenia”–ի բրենդի նկատմամբ՝ կիրառելով թաքնված գործիքներ։

Հայաստանը հետխորհրդային երկրների շարքում ունի ամենամեծ սփյուռքը։ Ըստ հաշվարկների՝ հայրենիքից դուրս ապրող հայերի թիվը կազմում է 8-11 միլիոն։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում բնակչության թիվը կազմում է մոտ 3 միլիոն։ Հայկական սփյուռքը հիմանականում քաղաքականապես ակտիվ է Հայաստանին վերաբերող հարցերում և խաղում է կարևոր դեր երկրի տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև՝ մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ։ Կրեմլի համար ռուսական պետական քարոզչություն իրականացնող լրատվամիջոցի նկատմամբ վստահություն ունեցող հայկական սփյուռք ունենալու հարցը շատ կարևոր է, քանի որ նրա միջոցով  կարող են ազդել հայ հասարակության, ներքին ու արտաքին քաղաքականության վրա։

“Sputnik Armenia”–ին ասոցացված ցանցի բաղադրիչները հիմնականում չունեին քաղաքական ուղղավածություն, ինչը նշանակում է, որ  դեռևս նախանական լսարանի ներգրավման փուլում էին։

Կրեմլի ապատեղեկատվական արշավները հաճախ սկսվում են կենցաղային, ոչ գաղափական թեմաներից, ինչի նապատակն է  լայն լսարանի ներգրավումը։ Հաջորդ  փուլում սկսվում է կրեմլյան «մեդիա-սննդակարգը»։ Հրապարակվում է բովանդակություն, որն սրում է Հայաստանի ու իր հարևանների հարաբերություններում առկա հակասությունները՝ բնութագրելով Հայաստանը՝ որպես պարտված երկիր ու դիրքավորելով Ռուսաստանին՝ որպես Հայաստանի պաշտպան։

Ամեն ինչ՝ ընտանիքի ներսում

Ընդհանուր առմամբ, DFRLab-ը կարողացել է հայտնաբերել ցանցի մաս կազմող 4 անհատական օգտատեր, 14 էջ և 18 խումբ։

https://readymag.com/1535489

Ընդհանուր առմամբ, ցանցի նկատմամբ հետաքրքրությունը միջին մակարդակում էր․ 6 ամսվա ընթացքում գրանցվել է 138․000 արձագանք։ Հարկ է նշել, որ “Sputnik Armenia”–ի բովանդակությունը տարածող խմբերի նկատմամբ ուշադրությունն շատ ավելի մեծ էր, քան՝ էջերի։

 

Այս էջերի ադմինիստրատորները ձևավորել էին «հայկական ընտանիք»։ 2 չափահաս օգտատեր՝  Աիդա Օրդյանը և Ռուդիկ Պետրոսյանը, իրենց ֆեյբուքյան անձնական էջերում նշել են, որ ամուսիններ են։ Աիդան իրեն նշել է որպես “Sputnik Armenia” –ի սոցիալական ցանցերի մենեջեր (social media manager), և, միաժամանակ «Սփյուռք» (“Diaspora”) էջի ադմին:

Ռուդիկ Պետրոսյան LinkedIn-ում իրեն նշել է որպես “Sputnik Armenia” –ի կայքի մենեջեր։

Աիդա Օրդյանի և Ռուդիկ Պետրոսյանի օգտահաշիվներում առկա ընտանեկան լուսանկարից մեկում պատկերված երեխաները այս ցանցում խաղում են կարևոր ղեկավար դեր։ Թեև կարող են լինել վերոնշյալ ամուսնական զույգի իրական երեխաները, սակայն իրենց էջերն իրական չեն․ անունները փոխված են, իսկ լուսանկարները՝ աղավաղված՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Միաժամանակ առկա են փաստեր, որ այդ էջերը ղեկավարվում էին այլ մարդու կողմից․ Անահիտի առաջին գլխավոր նկարը մի հասուն տղամարդու ինքնանկարն էր, հնարավոր է՝ հենց Պետրոսյանի։ Նշենք, որ Ֆեյսբուքն արգելում է 13 տարեկանից ցածր երեխաների անունով էջեր գրանցել։

 

Հատուկ հետաքրքրությունների  էջեր

Ընտանիքի անդամ հանդիսացող 4 օգտատերից յուրաքանչյուրը վարել է առնվազն մեկ ֆեյսբուքյան էջ։ Էջերից յուրաքանչյուրը նվիրված էր որևէ հետաքրքրության, հոբբիի, ինչպես օրինակ՝ սնունդ, սպորտ, ճանապարհորդություն։

Անահիտը, օրինակ,  «Աղցան» էջի ադմինն էր։ Այս էջը հիմնականում հրապարակում էր բաղադրատոմսերի հոլովակներ և կենցաղային հնարքներ։ Իր ստեղծումից ի վեր (2012թ․ հոկտեմբեր) այն ահավաքել էր ավելի քան 20,000 հավանում, ավելին՝ քան ցանցի ուրիշ այլ էջերը։

Օգտատիրոջ  հաշվի նկարագրության հատվածում որպես  էլեկտրոնային փոստի հասցե նշված է Ռուդիկ Պետրոսյանի հասցեն։ DFRLab-ը նամակ գրեց այդ հասցեով արձագանք ստանալու նպատակով, սակայն որևէ պատասխան չեկավ։

 

Էջը, հրապարակվող բովանդակության տեսանկյունից, հիմնականում հավատարիմ է վերոնշյալ նպատակին։ Հրապարակումների մեծ մասը սննդի կամ կենցաղային հնարքների հոլովակներ են՝ վերցված այլ աղբյուրներից։

Անահիտի եղբոր՝ Արամի օգտահաշվից ղեկավարվել է 2  էջ՝ «Մանկություն» և Sportlive.am։ Բովանդակության տեսանկյունից այս էջերը ևս չեն շեղվում վերոնշյալ թեմայից։ Նախկինում դրանք երեխաների լուսանկարներ ու հոլովակներ էին, որոնք ավելի ուշ փոխարինվեցին սպորտային բովանդակություն ունեցող նյութերով։

Նորությունների խմբեր ու ազդեցությունն ուժեղացնող արտաքին վեբ կայքեր

Թեև էջերը մեծամասամբ հրապարակում էին չեզոք բովանդակությամբ նյութեր, ցանցի յուրաքանչյուր էջ նվիրված էր հայկական նորություններին, ազգային ինքնությանը կամ սփյուռքահայ համայնքին։ Օրինակ, «Աղցան» էջը առնվազն 9 ֆեյսբուքյան խմբի ադմինիստրատոր է՝ ներառյալ մի քանի խմբեր, որոնք հրապարակում են նոր բովադակություն ունեցող նյութեր հայկական սփյուռքի համար, օրինակ՝ Армения | новости на русском (“Armenia | news in Russian”),  NOR HAYASTAN ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, և positiveNEWS.am։

Այս խմբերը հաճախակի դառնում են բովանդակության տարածման հարթակներ, որտեղ ընտանեկան էջերը հրապարակում են  “Sputnik Armenia”-ի և 2-րդ լրատվամիջոցի՝ ArmeniaON-ի հոդվածներ։ ArmeniaON կայքը վերահրապարակում է “Sputnik Armenia”-ից տարբեր նյութեր, բայց այս 2 լրատվամիջոցները կարող են ղեկավարվել միևնույն կետից։ Եվ իսկապես, ArmeniaON-ի ադմինիստրատորը՝ Ռուբեն Շուխյանն է, ով ունի նաև հեղինակային էջ “Sputnik Armenia”-ում։

Ավելին, քանի դեռ ArmeniaON-ը չունի հստակ գաղափարական գիծ, հավանաբար դիտարկվում է որպես ֆինանսների ներգրավման աղբյուր։ Վերոնշյալ էջն  ունի 3 գովազդային վահանակ։ Գովազդներից մեկը “Tavush travel”-ինն է, տուրիստական գործակալություն, որն ունի նաև ֆեյսբուքյան էջ։ Այն ղեկավարում է Ռուդիկ Պետրոսյանը։

Ինչպես “Tavush travel”-ը, այնպես էլ այլ հետաքրքրությունների էջեր,  ուղղորդում են ֆեյսբուքյան օգտատերերին  armeniaon.com հասցե։

Թիրախավորելով սփյուռքը

Այս ցանցը հիմնականում նպատակ է հետապնդում գրավել սփյուռքահայ ընթերցողների ուշադրությունը։ 650 հավանում ունեցող «Սփյուռք» էջը վարում է 2 խումբ՝ «Մենք հայ ենք» ու «Մեծ Հայք»։

Օգտագործելով իր անձնական էջը՝ Աիդա Օրդյանը հաճախակի հրապարակումներ է անում վերոնշյալ 2 խմբերում էլ։ Հրապարակումները հիմնականում պարունակում են  հղումներ  դեպի  “Sputnik Armenia” կայքը։

Օրդյանը «Մեծ Հայք» խմբում  հրապարակել է “Sputnik Armenia” էջի մի տեսահոլովակ՝ նշելով, որ նրանք արդեն ունեն նյութեր արևմտահայերենով, որով հասանելի են դարձնում դրանք՝ արտերկրում ապրող մեր հայրենակիցների համար։

Ցանցի 2 խումբ՝ LOS ARMENIOS HISPANOHABLANTES («Իսպանալեզու հայեր») և El hispanita armenio («Իսպանիայի հայեր»), ուղղված էին իսպանալեզու երկրներում ապրող հայերին։ Այս համայնքի թվաքանակը հստակ չէ, սակայն ամենամեծ համայնքները գտնվում են Արգենտինայում (մոտավորապես 100․000) և Իսպանիայում (մոտավորապես 40․000)։

Վերոնշյալը ցույց է տալիս, որ ցանցը նպատակ է հետապնդում գրավել սփյուռքահայ ընթերցողներին, որից հետո  ուղղորդել նրանց դեպի “Sputnik Armenia”։

Խնդրահարույց հարցերի շահարկում

Կրեմլի հետ փոխկապակցված ապատեղեկատվություն տարածող այս աղբյուրների այն նյութերը, որոնք կապված են ամենասադրիչ ենթատեքստ ունեցող կամ հուզական դաշտ ստեղծող քաղաքական իրադարձությունների հետ, ունենում են ամենամեծ ազդեցությունը։  Այդպիսի հոդվածների օրինակներ են Հայոց ցեղասպանության հետ առնչվող նյութերը։

Լիարժեք հասկանալու համար, թե  “Sputnik Armenia”լրատվամիջոցը և այս հոդվածում քննարկվող ցանցում գործող անձինք ինչպես են շահարկում Հայոց ցեղասպանության հարցը, հարկ է հասկանալ 1915 թվականի այն ցավ պատճառող հիշողությունները, որոնք առնչվում են Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի պլանավորված վերացմանը։ Նշվածի հետևանքով է, որ ձևավորվել է հայկական սփյուռքը։

Մինչ ցեղասպանագիտությունը լայնորեն արծարծվում է պատմագետների շրջանում, Թուրքիայի կառավարությունը շարունակում է ժխտել այն։ Այս ժխտումը շարունակում է սրել հայ-թուրքական հարաբերությունները։ Միաժամանակ, ցեղասպանության ճանաչումն այն գլխավոր հարցն է, որին ուղղված են հայկական սփյուռքի ջանքերը։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ “Sputnik Armenia”-ն օգտագործում է հայոց ցեղասպանության թեման իր կայքում և վերոնշյալ ցանցի էջերում ու խմբերում կրկին նույն նպատակի համար․ այն է՝ ներգրավել հայկական սփյուռքին որպես լսարան՝ օգտագործելվ այն խնդիրները, որոնց շահառուներն են հայկական սփյուռքի ներկայացուցիչները։

“Sputnik Armenia”-ի մի շարք հոդվածներ թաքնված զուգահեռներ են տանում Հայաստանի նկատմամբ այսօր վարվող թուրքական կառավարության քաղաքականության ու 1915թ․ Օսմանյան կայսրության քաղաքականության հետ։ Մի հոդվածում, օրինակ, պնդում է կատարվում, որ թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուն ուղիղ եթերում ազգությամբ  հայ տղային ստիպել է կրոնափոխ լինել։

Համաձայն CrowdTangle ֆեյսբուքի վերլուծական գործիքի, բռնի կրոնափոխության մասին հոդվածը վերահրապարակվել է ցանցի բազմաթիվ էջերում։

 

CrowdTangle-ի վերլությունը նաև ցույց է տալիս, որ մեկ օգտատեր կիսվել է վերոնշյալ հոդվածով «Ես Հայոց ցեղասպանության վերապրածի ժառանգն եմ» բազմամարդ ֆեյսբուքյան էջում, որոնցից մեծ մասը սփյուռքահայեր են։

Հոդվածը հրապարակողը “Sputnik Armenia”-ի սփյուռքահայերի համար նախատեսված էջն էր, որը ինչպես արդեն նշել էինք, ղեկավարում է Աիդա Օրդյանը։

Փաստացի, այս ցանցի մաս կազմող խմբերի կամ էջերի մեծ մասը պարբերաբար նյութեր է հրապարակում այս խմբում։

Բացի Հայոց ղեցասպանության վերաբերող թեմաներից, ցանցում նաև հրապարակվում են նյութեր, որտեղ Ռուսաստանը ներկայացվում է որպես Հայաստանի պաշտպան, ինչպես նաև նյութեր, որտեղ Հայաստանը ցույց է տրվում որպես ձախողված պետություն:

Օրինակ, Աիդա Օրդյանը խմբերից մեկում հրապարակում է  պատմություն այն մասին, թե ինչպես ռուս սահամանապահները կարողացան կանխել Հայաստան թմրամիջոցներ ներկրելու փորձ։ Մեկ այլ նյութում նա նկարագրում է Երևանը՝ որպես աղբով ու վնակասակար կենդանիներով լի քաղաք՝ ուղարկելով ազդակներ առ այն, որ պետությունը չի կարող հոգալ իր քաղաքացաների ամենահիմնական քաղաքային կարիքները։ Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները քննադատության են ենթարկվում, որ չեն կարող կարգավորել աղբի հարցը։ “Sputnik Armenia”-ն այն մեծացնում է, դարձնում է «աղետ»՝ հղում կատարելով խնդրի պատճառով  միջատների առկայությանն ու այս ամենն անվանում «աղբի ապոկալիպսիս»։

«Բազմացնել խոզերին» շարժում․ ռուսական բլոգերական միջավայրից դեպի աշխարհի տարբեր երկրներ

Ցանցը տարածում է նաև  այլ աղբյուներից ապատեղեկատվություն։

DFRLab-ը կարողացավ գտնել հակաիսլամական մի նյութ, որը ռուսական հակաիսլամական ֆորումում տարածում էր Ռուդիկ  Պետրոսյանը։

Նյութի  սկզբնաղբյուրը «Կրոնական թղթակից» անվանմամբ էջն  է, որը հայտարարում է, թե իբր իսպանական Սևիլյա քաղաքի բնակիչները գտել են մզկիթների կառուցումն արգելող հրաշալի ձև՝ թաղելով խոզի դիակ կառուցվելիք մզկիթի տեղում։

Հրապարակման վերջին նախադասությունն այսպիսի տեսք ունի՝ «Ես խորհում եմ՝ արդյո՞ք նման ճանապարհ կա Ռուսական ուղղափառ եկեղեցու դեմ»։

Այս հոդվածը իսլամաֆոբիկ տպավորություններ ստեղծելու նպատակ էր հետապնդում։

Փորձելով գտնել Ռուդիկ  Պետրոսյանի նյութում տեղադրված լուսանկարների պատմությունը՝ DFRLab-ը կարողացավ հայտնաբերել, որ նրանք համացանցում շրջանառվում են շուրջ10 տարի, սակայն որևէ պաշտոնական լրատվամիջոց չի նշում, որ դրանք կապ ունեն Սևիլյայի դեպքերի հետ։

Լուսանկարները առաջին անգամ հայտնվել են ռուսական բլոգերական ֆորումում՝ LiveJournal-ի ru-antislam խմբում 2010թ․ սեպտեմբերի 18-ին։

TinEye գործիքով որոնումը ցույց տվեց, որ լուսանկարները ռուսական բլոգերական միջավայրից հասնում են աշխարհի աջական ֆորումներ, ներառյալ՝ ԱՄՆ, որտեղ հայտնվում են Stormfront սպիտակամորթ ազգայնականների կայքում ու GlockTalk հրազենային ֆորումում։


Եզրակացություն

DFRLab-ը կարողացավ գտնել հստակ նմանություններ այս ցանցի ու “Sputnik Armenia”-ի նախկին  գործողությունների միջև, որոնք թիրախավորել էին Կենտրոնական Ասիան, Բալթիկան, Կովկասը։ Ֆեյսբուքը փակեց այս էջերը 2019թ․ հունվարին՝ «համակարգված կեղծ գործողություններ»-ի պատճառով։

Այս և նախկին ցանցերը ներառել են ընթերցողների բազա ստեղծելու հստակ բաղադրիչ․ հատուկ հետաքրքրությունների էջերի կիրառմամբ, որոնք չունեն քաղաքական բովանդակություն, մարդկանց ներգրավել ավելի մեծ, ընդհանուր խմբի մեջ, ինչը Սպուտնիկը չէր կարող ստեղծել միայն իր բրենդով։

Ցանցը ղեկավարողները թաքցնում էին իրենց էջերի ու խմբերի կապը Կրեմլի կողմից ղեկավարվող լրատվամիջոցի հետ՝ օգտագործելով ապաքաղաքականացված էջերը՝ ղեկավարելու ֆեյսբուքյան խմբեր, որոնք իրենց հերթին տարածում էին “Sputnik Armenia”-ի թեզերը։

Վերոնշյալներին ավելանում են նաև երեխաների կեղծ էջերը, որոնք ղեկավարում են խմբեր։ Սա մի ռազմավարություն է, որին DFRLab-ը նախկինում չէր հանդիպել։

Թեև  այս գործողության հիմնական նպատակը Կրեմլի քաղաքական հաղորդագրությունների տարածումն է, սակայն բովանդակության տարածման մոդելը շատ ռիսկային է թվային դաշտի կենսունակության համար։ Քաղաքականապես ավելի զգայուն թեմաների դեպքում, ինչպես, օրինակ, ընտրությունները, “Sputnik Armenia”-ն կարող է մոբիլիզացնել իր  քարոզչությունը և ունենալ «հավատարիմ» լսարան, որը կներառի հայկական սփյուռքը։

Հետագա հետազոտությունները ցույց կտան, թե ինչքանով է այս մարտավարությունը տարածված “Sputnik”-ի այլ տարածաշրջանային գրասենյակներում։

x