Բարձրարժեք գույքերի հարկը կավելանա. Գույքահարկի հարկման նոր չափորոշիչներ են սահմանվում |aysor.am|

aysor.am։ Հայաստանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու մասին նախագիծ, որով պատրաստվում է գույքի իրական արժեքը մոտեցնել շուկայականին ու նոր չափոփրշիչների հիման վրա իրականացնել գույքի հարկումը։

«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելիս Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն ասաց.

«Նպատակ ունենք պարզեցնել հարկման ընթացակարգերը. երկու տարբեր կոմպոնենտր՝ հող և գույք, պատրաստվում ենք միացնել և որպես մեկ ամբողջական անշարժ գույքի մասով հարկում իրականացնել։ Ինչպես նաև փորձելու ենք շուկայականին մոտարկված ձևով ունենալ կադաստրային գնահատման համակարգ, որը կարող է օգտագործվել անշարժ գույքի ոլորտում հարկման ու օտարման դեպքերում»։

Պետրոսյանի խոսքով՝ նախագծի ընդունման ու իրագործման արդյունքում կներդրվի միասնական ու մրցունակ գնահատման համակարգ։

«Կվերացվի այսօր գոյություն ունեցող կադաստրային արժեքի ու իրական կյանքում եղած հսկայական ու անընդունելի տարբերությունը։ Պետական ու համայնքային հողերը կօտարվեն ու վարձակալության կտրվեն շուկայականին մոտարկված տրամաբանությամբ։ Կդյուրինացվի հարկային վարչարարությունը», - ասաց Պետրոսյանը։

Բացի այդ, ըստ պաշտոնյայի, նոր քաղաքականության արդյունքում արդեն մեծ քանակի գույքահարկ կսկսեն վճարել Երևանում հսկայական առանձնատներ ունեցող հիմնականում նախկին պաշտոնյաները։

«Բարձրարժեք գույքերի հետ կապված հարկերի ավելացում է նախատեսվում։ Էականորեն բարձրանալու է հատկապես բարձրարժեք գույքերի հարկումը ու կադաստրային գնահատումը։ Սա նպաստելու է նաև պարապուրդում գտնվող արտադրական և ոչ միայն արտադրական գույքերի շրջանառությանը, որովհետև մենք գիտենք, որ հսկայական քանակությամբ գույքեր կան, որ չեն շրջանառվում ու տնտեսական արդյունք չեն ապահովում», - նշեց Սարհատ Պետրոսյանը։

Նախագծում կատարվող փոփոխություններից հետո կառավարության որոշմամբ կֆիքսվեն գույքի բազային արժեքը, ինչպես նաև կադաստրային տարածագնահատման գոտիները։ Այժմ Հայաստանը բաժանված է 12 գոտու, փոփոխությունների արդյունքում այն կդառնա 20։ Կառավարությունը սահմանելու է չհարկվող շեմը, դրույքաչափը։

«Գույքահարկի բարձրացում չի նախատեսում, ուղղակի մենք սրանով ֆիքսում ենք մի մեթոդաբանություն, որ պետությունը կարողանա շուկայականին մոտարկված չափով գնահատել անշարժ գույքը», - հավելեց կառավարության ներկայացուցիչը։

ԱԺ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վճարում կատարելու Աբովյան փողոցի փոքր տնակում բնակվող թոշակառու տարեց կինը, որը չունի այլ եկամտի աղբյուր, քան թոշակը։ «Մենք, բնականաբար, ըստ ձեր ներկայացրած բանաձևի, նրա գույքահարկը բարձրացնում ենք։ Ի՞նչ է անելու թոշակառու կինը, կանխատեսե՞լ եք նման դեպքերը ձեր նախագծում», - հետաքրքրվեց պատգամավորը։

Ի պատասխան Սարհատ Պետրոսյանն ասաց, որ այս օրենքը այդ հարցի պատասխանը չունի, բայց քննարկումների ժամանակ նման հարցեր բարձրացվել են ու որոշվել է միաժամանակ նման դեպքերի համար կիրառել այլ գործիքներ։

«Ես արդեն ասացի, որ այս նախագծի ընդունման հաջորդելու է դրույքաչափերի մշակումը ու նաև նախատեսել ենք չհարկվող շեմ։ Մենք ենթադրում ենք, որ կատարվելու է փոփոխություն։ Այսօր չեն հարկվում 3 մլն կադաստրային արժեք ունեցող գույքերը, և վստահաբար վերանայելու ենք շեմը։

Ինչ վերաբերում է այն բանին, որ թանկ վայրում գտնվող գույքի դեպքում ուզած-չուզած հարկի ավելացում է լինելու, տարբեր լուծումներ են քննարկվում։ Քանի որ դա համայնքային հարց է և հարկը գնալու է համայնքային բյուջե, համայնքները կարող են կիրառել բացառություններ։ Մենք գտնում ենք, որ հստակ է՝ տրամաբանությունը պետք է վերանայենք, բայց միևնույն ժամանակ, բոլոր նման դեպքերը պետք է բացենք, որ որևէ խոցելի տեղ չլինի», - նշեց Պետրոսյանը։

x