Հովիկ Աղազարյանն Ամուլսարի հարցի լուծման տարբերակ է առաջարկել |lragir.am|

lragir.am։ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ամուլսարի հանքավայրի հարցը կարող է լուծվել իշխանության նկատմամբ վստահության հանրաքվեի միջոցով։

«Եթե ջերմուկցիների համար մեր բացատրությունները կլինեն անընդունելի կամ հասարակության լայն շրջանակների համար լինեն անընդունելի, ապա դա ունի շատ հասարակ լուծում։ Կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ, անցկացնել հանրաքվե՝ իշխանությունների նկատմամբ վստահության կամ անվստահության և ըստ այդմ անել հաջորդ քայլերը։

Եթե, ենթադրենք, հանրաքվեի արդյունքով հասարակության մեծամասնությունը չի վստահում իշխանություններին, ապա կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ, որտեղ մեր թիմը նորից հանդես կգա այն տեսակետներով, որոնք ունեցել է։ Եվ կհայնտվեն թիմեր, որոնք կասեն՝ մենք կգանք և Ամուլսարը կփակենք։ Եվ այդ ժամանակ ժողովուրդն իր ընտրությունը կկայացնի»,- ասաց Հովիկ Աղազարյանը։

Հարցին, թե իր կարծիքով՝ հասարակության մեծամասնությունը շարունակո՞ւմ է վստահել գործող իշխանություններին, Աղազարյանը պատասխանեց, որ իշխանության նկատմամբ վստահության աստիճանը դեռևս բավական բարձր է։ «Ժողովուրդը կարող է անվստահությամբ լցվել իմ նկատմամբ, որևէ մարզպետի կամ նախարարի նկատմամբ, բայց վարչապետի վարկանիշը շարունակում է մնալ բարձր։

Եվ, հետևաբար, ես չեմ կարծում, որ հանրաքվեի դեպքում մեր թիմը պարտություն կրի։ Բայց դա քաղաքակիրթ լուծումն է, որպեսզի բոլորը՝ կապանցին, նոյեմբերյանցին, ջերմուկցին ընդունի, որ իշխանության նկատմամբ վստահությունն ունի ամենաբարձր աստիճան»,- հավելեց նա։

x