Այսօր փակ պահելով Ամուլսարի ճանապարհը իրավական հիմքեր ենք ստեղծում որ Հայաստանը հայտնվի շատ ուժեղ եւ շատ ցավալի հարվածների ներքո․ Հայկ Գևորգյան |news.am|

news.am։ Ամուլսարի խնդրի հանգուցալուծումը պետք է լինի այնպես, որ Հայաստանը չենթարկվի հարվածների։ Այս մասին ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։

«Պետությունը չպետք է ենթարկվի հարվածների։ Իսկ այսօր փակ պահելով Ամուլսարի ճանապարհը՝ մենք իրավական հիմքեր ենք ստեղծում մյուս կողմի համար, որ Հայաստանը հայտնվի շատ ուժեղ եւ շատ ցավալի հարվածների ներքո։

Ինչի՞ մասին է վարչապետի կոչը, կոչն այն մասին է, որ միեւնույն է՝ այս պահի դրությամբ Ամուլսարում ոչ մի աշխատանք չի կատարվելու, եթե այդ աշխատանքները սկսվեն, կսկսվեն ապրիլին, եւ այս պահին անիմաստ է փակ պահելը։ Դա իրավական հիմք է ստեղծում հակառակ կողմի համար՝ պայմանականորեն ասած, եւ եթե այդ խնդրանքը չի կատարվում, ապա ես այդտեղ արդեն կարող եմ ուրիշ գնահատական տալ, որ այս ամբողջ պատմության իմաստը բնապահպանական խնդիրների լուծումը չի, այլ զուտ քաղաքական։

Որովհետեւ իմ խորին համոզմամբ եւ իմ ունեցած տեղեկություններով՝ այդ խմբերի մեջ շատ քիչ մարդիկ կան, որոնք առաջնորդվում են զուտ բնապահպանական նկատառումներով։ Մյուսները մի քանի ուղղություններով են աշխատում․ որոշ մասը պարզապես ինքնահաստատվում է այս թեմայի վրա, թեմա է որսացել եւ փորձում է ինքնահաստատվել, իսկ մյուս մասն ուղղակի նպատակ ունի Հայաստանը դնել հարվածի տակ։ Երկու դեպքն էլ չի ստացվելու»,– ասաց նա։

Անդրադառնալով Ամուլսարի շահագործման բնապահպանական ռիսկերին՝ Հայկ Գևորգյանն ասաց. «Բնապահպանական ռիսկեր Հայաստանում կան ամեն վայրկյան․ մենք ունենք ատոմակայան, որը մենք չգիտենք՝ իրեն ինչպես կպահի շատ ուժեղ երկրաշարժի ժամանակ, ու եթե մենք առաջնորդվում ենք միայն այդ ռիսկերով, ուրեմն ոչինչ չպետք է անենք․ ո՛չ շենքեր կառուցենք, ո՛չ կամուրջներ կառուցենք, որովհետեւ այդ ռիսկերը կան։ Ամուլսարն այսօր Հայաստանի ամենամաքուր տեխնոլոգիայով աշխատող հանքն է լինելու։

Չկա՝ երկրորդ տեղ, երրորդ տեղ, երրորդ, չորրորդ, մեկ էլ հազարերորդ տեղերում այօրվա մեր հանքավայրերն են, որոնք որևէ բնապահպանական չափանիշի մոտ չեն նույնիսկ։ Այն, ինչից իրենք Ամուլսարի համար վախենալու բառեր են գտել՝ թթվային դրենաժ, և այլն, այդ ամեն ինչն այնտեղ ընդհանրապես չի վերահսկվում, լցվում են մոտակա գետերը։

Հիմա առնվազն 11 հանք աշխատում է այդ կեղտոտ տեխնոլոգիաներով, եւ միայն Ամուլսարն է, որ աշխատելու է փակ համակարգով, այսինքն՝ նրանից ոչ մի լիտր ջուր դուրս չի գալու։ Ու դա շատ լավ գիտեն նրանք, ովքեր հիմա փակել են ճանապարհը, շատ լավ գիտեն, որ Ամուլսարը ամենաթափանցիկ հանքն է, «Լիդիանը»՝ ամենաթափանցիկ ընկերությունը։

Մենք գիտենք՝ ովքեր են դրա սեփականատերերը, մյուս հանքերի դեպքում չգիտենք՝ ովքեր են դրանց սեփականատերերը։ Օֆշորում գրանցված լինելը որևէ նշանակություն չունի։ Դա Կանադայում Տորոնտոյի բորսայում ցուցակագրված, գրանցված ընկերություն է»։

Պատգամավորի խոսքով՝ Ամուլսարի շահագործումը թույլ չտալը բացասաբար կանդրադառնա օտարերկրյա ներդրումների վրա։

«Մենք արդեն բազմաթիվ մեսիջներ ենք ստացել հիմնական երկրներից, որ Ամուլսարն իրենց համար շատ կարեւոր պատմություն է, ու չաշխատելու դեպքում դա շատ մեծ ազդեցություն կունենա իրենց տրամադրվածության վրա՝ Հայաստանում ներդրումներ անելու հետ կապված...

Ամուլսարը չգործարկելն ուղղակի հարված կլինի՝ այն տույժ-տուգանքները, որ Հայաստանը պիտի վճարի, դրանք այնպիսի գումարներ են, որոնք համեմատելի են Հայաստանի բյուջեի հետ։ Ու դրանք հեքիաթներ են, որ իրենք իրավունք չունեն արբիտրաժի դիմելու, իրենք կվախենան, չեն դիմի։

Դա պարզունակ մոտեցում ա. ընդհանրապես, ասենք Եվրոպայի զարգացման բանկը երբեք գումարներ չի ներդնի մի գործի մեջ, որտեղ կարող են լինել այդպիսի անորոշություններ։ Դա կլինի ուղղակի, իսկ անուղղակին կլինի այն, որ Հայաստանի ռեյտինգը կտրուկ կընկնի, եւ այն միջոցները, որոնք մենք ներգրավում ենք տնտեսության զարգացման համար, խիստ կթանկանան, կբարձրանան դրանց տոկոսադրույքները»,– ասաց նա։

x