Վարչապետը պատմել է Մեղրիի ԱՏԳ-ի շահագործման հետ կապված խնդիրների մասին |news.am|

news.am: Անցած տարի այցելեցի Մեղրի, եւ պարզվեց, որ ազատ տնտեսական գոտին հողատարածք չունի: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ, պատասխանելով Մեղրիի ազատ տնտեսական գոտու շահագործման մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները շատ արագ սեփականաշնորհել են ողջ տարածքը, երբ իմացել են, որ այդ տարածքում ԱՏԳ է լինելու:

«Քրեական գործ է հարուցվել սեփականաշնորհումն անօրինական ճանաչելու համար: Այժմ դատական վարույթ է սկսվել»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, նրա խոսքով, այդ հարցը քննարկվում է իրանական կողմի հետ:

«Դուք գիտեք, որ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիր կա: Մեր հաշվարկներով՝ այդ ծրագիրը կարող է իրականացվել 2023թ.: Մինչ այդ մենք կվերադարձնենք հողատարածքները: Ինչ վերաբերում է շինարարության արժեքին, ապա այդ հարցում եւս տարաձայնություններ կան: Կառուցողը կարծում է, որ պետք է ավելի շատ ստանա, քան նախատեսված է ծրագրով: Մենք կփորձենք լուծել նաեւ այդ հարցը»,- հայտարարեց վարչապետը:

x