ԵԱՏՄ երկրներում աշխատանքի որոնման միասնական համակարգ կներդրվի |24news.am|

24news.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ անդամ պետություններում (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան եւ Ռուսաստան) աշխատանքի որոնման միասնական համակարգի նախագծին:
«Նախագծի հիմնական գաղափարը որոնման համակարգի ստեղծումն է, որը ցանկացած քաղաքացու կամ գործատուի թույլ կտա թափուր աշխատատեղեր կամ ռեզյումեներ որոնել ԵԱՏՄ բոլոր երկրներում: Նախագիծը ծրագրվում է իրականացնել մինչեւ 2020թ. վերջ»,- հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից:

Նախագծի իրականացման համար ներգրավվել են ԵԱՏՄ 5 երկրների ազգային հարթակներ: Որոնողական համակարգը թույլ կտա հասանելիություն ստանալ ազատ աշխատատեղերի եւ աշխատանք փնտրողների մասին տեղեկություններին:

Արդյունքում համակարգից օգտվողներին՝ աշխատանք փնտրողներին եւ գործատուներին, հնարավորություն կտրվի ընտրել միության մեկ կամ մի քանի երկիր, որոնց տարածքներում անհրաժեշտ է աշխատանք փնտրել կամ անձնակազմ հավաքել, ձեւավորել ազգային տեղեկատվական համակարգերի ունիվերսալ որոնողական հարցում, հասանելիություն ստանալ աշխատատեղերի եւ ռեզյումեների մասին ինֆորմացիային, ինչպես նաեւ ինտերակտիվ փոխգործակցության հնարավորություն ստանալ։

Համակարգը կօգնի ընդհանուր աշխատաշուկա ստեղծել, արագացնել աշխատուժի ազատ տեղաշարժի ընթացակարգը:

x